Գերմանացիների 49%-ը կողմ է Ուկրաինային տրամադրվող օգնության կրճատմանը կամ լիակատար դադարեցմանը. հարցում
Գրեթե յուրաքանչյուր երկրորդ գերմանացի կարծում է, որ անհրաժեշտ է կրճատել կամ ամբողջությամբ վերացնել Կիևին տրամադրվող ֆինանսական, ռազմական և մարդասիրական աջակցությունը։ Այս մասին հաղորդում է Welt am Sonntag թերթը՝ հղում անելով YouGov հասարակական կարծիքի հետազոտական ինստիտուտի ուսումնասիրությանը։
«49%-ը կողմ էր Ուկրաինային տրամադրվող օգնության կրճատմանը կամ լիակատար դադարեցմանը։ 39%-ը պահանջում էր դրա շարունակությունը կամ նույնիսկ ավելացումը, իսկ 11%-ը չէր կողմնորոշվել», - նշվում է հրատարակության մեջ։
Մասնավորապես, հարցման համաձայն՝ բոլոր հարցվածների 25%-ը ցանկանում է ամբողջությամբ դադարեցնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական, ռազմական և մարդասիրական աջակցությունը, մինչդեռ 24%-ը՝ կրճատել այն։
Միաժամանակ, հարցվածների 30%-ը կողմ է արտահայտվել օգնության ներկայիս մակարդակում պահպանմանը, մինչդեռ միայն 9%-ն է կողմ արտահայտվել դրա ավելացմանը։
Բացի այդ, հարցվածների գրեթե կեսը կողմ է կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Վլադիմիր Պուտինի միջև ուղիղ բանակցությունների մեկնարկին. 49%-ը կարծում է, որ երկխոսությունը պետք է տեղի ունենա որքան հնարավոր է շուտ, նույնիսկ առանց Ռուսաստանի կողմից նախնական զիջումների: Եվս 23 տոկոսը բանակցություններին կողմ է միայն Մոսկվայի որոշակի քայլերից հետո, իսկ 9 տոկոսը կարծում է, որ առաջնորդները դեռ չպետք է հանդիպեն»։
Աղբյուրը` Panorama.am

