Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան
«Երեք երկրներ նստել են և աշխարհի ճակատագրերն են որոշում»։ Այսպես գնահատեց Շենժենում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Panorama.am-ի հետ հեռախոսազրույցում նա համոզմունք հայտնեց, որ այդ ձևաչափի օրակարգում է նաև Հարավային Կովկասը, և Հայաստանին այդ որոշումների մասին պարզապես տեղեկացնելու են։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին Չինաստանի Շենժեն քաղաքում, APEC-ի գագաթնաժողովի շրջանակում, առաջին անգամ եռակողմ ձևաչափով հանդիպեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը։ Մոտ մեկուկես ժամ տևած հանդիպումից հետո ընդունված համատեղ հայտարարությունում կողմերը վերահաստատեցին ռազմավարական կայունության պահպանման հանձնառությունը, պաշտպանեցին ՄԱԿ-ի բարեփոխումը, պայմանավորվեցին ավելացնել նավթի և գազի արդյունահանումը և հայտարարեցին, որ միջուկային պատերազմում հաղթող չի կարող լինել։ Ուկրաինայի հարցում բեկում չգրանցվեց։
«Ես համաձայն չեմ, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը մերձենում են։ Կարծում եմ՝ նման բան չկա»,– այսպես փորձագետը պատասխանեց այն հարցին, թե արդյոք գերտերությունների մերձեցումը փոխում է Հայաստանի բազմավեկտոր քաղաքականության տրամաբանությունը։
Նրա գնահատմամբ՝ երեք երկրներն ընդամենը փորձում են ուղիղ բախման մեջ չմտնել և թույլ չտալ գլոբալ պատերազմ։ Դանիելյանի համար հանդիպման գլխավոր արդյունքը ոչ թե համատեղ հայտարարության կետերն են, այլ հենց հանդիպման փաստը։
«Բովանդակությունից ավելի կարևոր է ֆորմատի ձևավորումը, իսկ ֆորմատը հետագայում կբերի բովանդակություն։ Դա չի նշանակում, որ այդ երկրները բարեկամներ կամ դաշնակիցներ են դառնում։ Նրանք ասում են՝ մենք ենք աշխարհի տերերը»,-ասաց նա։
Որպես ապացույց քաղաքագետը մատնանշեց ՄԱԿ-ի բարեփոխման մասին կետը. Անվտանգության խորհրդում ևս երկու մշտական անդամ կա, բայց որոշում են երեքով. «ՄԱԿ-ի ռեֆորմը նշանակում է աշխարհի նոր կարգ, որտեղ գլխավորը երեք երկրներ են»։
Նշենք, որ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի մշտական անդամներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։
Ըստ քաղաքագետի՝ նոր ձևաչափում գերտերությունները պետք է համաձայնության գան նաև Հարավային Կովկասի շուրջ. «Դա չի նշանակում, որ Հարավային Կովկասը պատկանում է Ռուսաստանին կամ Միացյալ Նահանգներին։ Ձևավորվում են համագործակցության մոդելներ. ինչպե՞ս են այստեղ համագործակցելու, իրար շահերը հաշվի առնելու են, թե՞ ոչ»։
Մոսկվայի պահանջը, փորձագետի գնահատմամբ, ռազմական է. «Ռուսաստանն ասում է՝ իմ անվտանգության գոտում գտնվող երկրներում այլ երկրների ռազմական ուժեր չպետք է լինեն։ Պատրաստ եմ ես էլ չունենալ»։
Նրա խոսքով՝ որոշ տվյալներով խոսքը չորս երկրի մասին է՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի և Վրաստանի, ընդ որում դա չի բացառում ԱՄՆ-ի տնտեսական շահերն այդ երկրներում։
Ամենասուր գնահատականը քաղաքագետը տվեց Հայաստանի դերին։ Նրա դիտարկմամբ՝ ռուսական իշխանությունների հետ աֆիլիացված վերլուծաբաններն ու լրատվամիջոցներն այսօր առաջ են տանում հետևյալ թեզը. «Եթե Հայաստանի հետ մենք չենք կարող պայմանավորվել, ուրեմն պետք է պայմանավորվենք Հայաստանի տերերի հետ»։ Դա նշանակում է, որ Հայաստանի հետ խոսելու բան չունեն, Հայաստանին միայն տեղեկացնելու են, թե ինչ են պայմանավորվել»։
Կրեմլում ամերիկյան բանագնացների հետ բանակցությունները, նրա կարծիքով, նույն տրամաբանությունն ունեն. «Այնտեղ միայն Ուկրաինայի մասին չեն խոսում։ Խոսում են և՛ Հարավային Կովկասի, և՛ Կենտրոնական Ասիայի, և՛ Բալթիկ ծովի, Կալինինգրադի մասին։ Գլոբալ քննարկումներ են գնում։ Այդ պայմանավորվածությունները փաթեթով են լինելու, և այդ փաթեթի մեջ մտնում է նաև Հարավային Կովկասը։ Կարծում եմ՝ ոչ միայն Շենժենում, այլ դրանից առաջ ու հետո նախապատրաստական քայլերով Հարավային Կովկասի հարցը լուծված է»։
Ինչպիսին է Ռուսաստանի դիրքորոշումը ԹՐԻՓՓ-ի հարցում։ Ստեփան դանիելյանի ներկայացմամբ, Ռուսաստանը TRIPP-ի դեմ ուղղակիորեն հանդես չի եկել։
Ավելին, նրա խոսքով՝ վարչապետը Վաշինգտոն մեկնելուց առաջ և վերադառնալուց հետո շփվել է Պուտինի հետ, «և այն տպավորությունն է, որ զեկուցում էր՝ ինչ գործընթաց է գնում»։ Մոսկվայի դիրքորոշումը, ըստ փորձագետի, մեկ նախադասությամբ է ձևակերպված. «Ոչ թե TRIPP-ը չի գործելու, այլ TRIPP-ը կգործի, երբ մենք էլ մասնակցենք»։
Նա առաջարկեց TRIPP-ին նայել լայն իմաստով. «Պայմանականորեն ասած՝ կա մեծ TRIPP և փոքր TRIPP։ Փոքրը 42 կիլոմետր է։ Մեծն այն է, ինչ դրանից բխում է՝ Իրանի հետ երկաթուղին, Թուրքիայի հետ երկաթուղին, դրանց միավորումը Ռուսաստանի հետ»։ Որպես նշան նա մատնանշեց, որ Ռուսաստանում արդեն գործընթացներ են սկսվել աբխազական երկաթուղու շուրջ։ Գերտերությունների միջև մերձեցում բառը լուրջ չէ։ Պայմանավորված համագործակցությունն այլ բան է։ Այս առումով TRIPP-ը կարող է գործել, երբ, բնականաբար, հաշվի առնվեն Ռուսաստանի և Իրանի շահերը»։
Փաշինյանը հայտարարել է, որ դեկտեմբերին երեք անգամ կայցելի Ռուսաստան՝ դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին։ Մոսկվայում նախատեսված է նրա հանդիպումը Պուտինի հետ։
Այն հարցին, թե արդյոք Շենժենից հետո Պուտինն ավելի ուժեղ դիրքերից կխոսի Փաշինյանի հետ, քաղաքագետը պատասխանեց. «Դա ծիծաղելի է, իհարկե։ Ռուսաստանը, եթե ուզի, կարող է այլ լեզվով էլ խոսել, ոչ ռազմական. լծակները բազմաթիվ են»։
Նրա կարծիքով՝ Մոսկվան պարզապես չի ցանկացել սրել իրավիճակը և «մանրանալ Փաշինյանի մակարդակի», այլ սպասում է, թե ինչ ընդհանուր գործընթացներ կլինեն։
Դեկտեմբերյան հանդիպումներից Դանիելյանը բանակցություն չի սպասում։
«Ուղղակի տեղեկացնելու են, թե Հայաստանի տեղը որտեղ է, Հարավային Կովկասի տեղը որտեղ է, և դրանից բխելով՝ անելու են առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի։ Մի քիչ անլուրջ խոսակցություն է, որ Չինաստանը Հարավային Կովկասում ինքնուրույն խաղացող կդառնա»,– այսպես Դանիելյանը արձագանքեց այն տեսակետին, թե Շենժենում հյուրընկալի դերում հանդես եկած Պեկինը կարող է ակտիվանալ տարածաշրջանում։
Որպես օրինակ նա բերեց Մերձավոր Արևելքը, որտեղ Չինաստանը, լինելով նավթի ու գազի հիմնական շահառուներից, իրեն հեռու պահեց։
«Եթե Իրանում նա բավականին զուսպ է պահում իրեն, Հայաստանն ինչ է ներկայացնում, որ այդ բեռն իր վրա վերցնի։ Ընդամենը ճանապարհներից մեկի մի հատված է»,-ասաց քաղաքագետը։
Փորձագետի խոսքով՝ իշխանությունները նոր վեկտոր են փնտրում, որովհետև բոլորի հետ էլ հարաբերությունները կիսատ են, հույսեր են փայփայում, պարտավորություններ վերցնում, հետո չեն կատարում։
«Չինաստան, Ինդոնեզիա, Ավստրալիա փնտրելը, իհարկե, անզոր խոսակցություն է»,-ասաց նա։
Իրական վեկտորները, Դանիելյանի համոզմամբ, երեքն են՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան, իսկ մյուսները փորձում են խաղալ դրանց միջև կամ այլ նպատակներ ունեն, այդ թվում ապակայունացման։

