ԵՄ-ի ստանդարտներով Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց...
Ինչպես հայտնի է, ներկայիս ԵՄ-ի ղեկավարությունը խիստ ոգևորված է Հայաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի լիդերներով:
Համարում է, որ իրենք դեմոկրատական արժեքներով են առաջնորդվում, մինչդեռ, օրինակ Վրաստանի ղեկավարությունը ոտնահարում է մարդու իրավունքները, հետապնդում է իրենց հակառակորդների և ընդհանրապես հեռացել է եվրոպական արժեքներից:
Որպեսզի պարզ լինի, թե ինչ աստիճանի է դարձել ներկայիս ԵՄ-ի ղեկավարների փարիսեցիական մոտեցումները, բերենք ընդամենը մեկ օրինակ:
Աշխարհում գոյություն ունի այսպես կոչված՝ իրավունքի գերակայության ինդեքս, որը հաշվառվում է ամեն տարի՝ մի շարք գործոններ հաշվելով:
Ի դեպ, այս մեխանիզմը նույնպես ընդունվել է գլոբալիստական շրջանակների կողմից, որպես համեմատական, թե որ երկիրն ինչ աստիճանի վրա է զարգացած այս հարցում:
Օրենքի գերակայության ինդեքսը չափում է, թե որքանով է երկիրը գործում օրենքի գերակայության ներքո։ Այն հաշվի է առնում իշխանության սահմանափակումները, կոռուպցիայի բացակայությունը, քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը և դատարանների արդյունավետությունը։ Բարձր միավորը ցույց է տալիս օրենքի գերակայության ուժեղ մակարդակ։
Եվ այսպես, այս հարցում ամենաժողովրդավարական հինգ երկրներն են համարվում,
Նորվեգիան՝ 0.96 բալով
Ֆինլյանդիան՝ 0.96 բալով
Նոր Զելանդիան՝ նույնպես 0.96 բալով
Շվեդիան՝ 0.94 բալով
Նիդերլանդները՝ 0.94 բալով:
Այսպիսով այս երկրներում, գրեթե անթերի են գործում օրենքն և արդարադատությունը:
Ֆրանսիան զիջում է այդ երկրներին և ունի 0.89 բալ:
ԱՄՆ-ում այդ ցուցանիշը հավասար է 0.81-ի:
Ամենաբռնապետական երկրներն են համարվում
Հյուսիսային Կորեան, որն ունի ընդամենը 0.07 բալ, Կոնգոն, որ էլ ավելի բռնապետական է իր 0.06 բալով և վերջում Աֆղանստանն է՝ 0.05 բալով:
Առավել հետաքրքիր է թե ինչ ցուցանիշներ ունեն Հայաստանը և մեր հարևանները:
Բացի այդ, Ուկրաինան և Մոլդովան, որոնց հանդեպ ԵՄ-ում հրճվանքով են տրամադրված:
Եվ պարզվում է, որ Հայաստանն ստացել է 0.46 բալ, Թուրքիան՝ 0.38 բալ, Ադրբեջանը՝ 0.30 բալ, Ուկրաինան՝ 0.44 բալ, Մոլդովան՝ 0.50 բալ:
Այսինքն, Հայաստանի ցուցանիշներն ավելի բարվոք են, քան Ադրբեջանինը, Թուրքիայինը և նույնիսկ Ուկրաինայինը:
Ըստ այդ տվյալների՝ մենք զիջում ենք Մոլդովային:
Հիշեցնենք, որ Մոլդովան և Ուկրաինան ԵՄ-ի թեկնածու երկրներ են:
Սակայն ամենահետաքրքիրը այն է, որ այս ցուցանիշով, ամենից առաջադեմը Վրաստանն է՝ 0.57 բալով:
Այսինքն, Վրաստանում ավելի բարվոք են իրավունքի հետ կապված խնդիրները և նա Ուկրաինային այս հարցում զգալիորեն գերազանցում է:
Սակայն արի ու տես, որ ԵՄ-ի ղեկավարների համար հենց Վրաստանն է դարձել խնդրահարուց երկիր:
Միայն այս ցուցանիշը բավարար է՝ հասկանալու համար, որ ներկայիս ԵՄ-ի ղեկավարների կողմից այլևս դեմոկրատական արժեքների պաշտպանությունը դարձել է երկրորդական հարց, և առաջնային են դարձել աշխարհաքաղաքական խնդիրները:
Ավելին, նրանք դա արդեն չեն էլ թաքցնում:
Այլ հարց է, որ հայ հանրությունը դրա մասին դեռ բավարար կերպով տեղյակ չէ և չի բացառվում, որ եթե հանրությունը հավատա ԵՄ-ի խոստումներին, կարող է ընկնել Ուկրաինայի օրը:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Zham.am

