Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ աշխարհիկ և եկեղեցական իշխանությունների միջև հանրային բանավեճերը «վնաս են հասցնում և՛ եկեղեցուն, և՛ երկրին»։ Սա վարչապետի մեկնաբանությունն էր Ռուիսիի և Ուրբնիսի միտրոպոլիտ Իոբիի (Ակիաշվիլի) քարոզի ժամանակ «Վրացական երազանք» կուսակցության հասցեին հնչած կոշտ քննադատության և քահանայապետի դեմ հետագա հարձակումների ալիքի վերաբերյալ։
«Այս (մետրոպոլիտ Իոբիի) հայտարարության վերաբերյալ ես կասեի հետևյալը. հոգևորականի և իշխանությունների միջև հրապարակային բանավեճերը վնասակար են և՛ Եկեղեցու, և՛ երկրի համար: Հետևաբար, մենք մտադիր չենք նման բանավեճերի մեջ մտնել, և ես նաև կոչ եմ անում բոլորին՝ չսկսել նման վեճեր։
Տարիների ընթացքում մենք արել ենք ամեն ինչ՝ Եկեղեցին հարձակումներից պաշտպանելու համար, և մենք հույս ունենք, որ ապագայում այս գործընթացները կշարունակվեն այնպես, որ լավագույնս ծառայեն Եկեղեցու և պետության շահերին», - հայտարարել է Կոբախիձեն։
Նա նաև անդրադարձավ «Վրացական երազանք» կուսակցության ակտիվ կողմնակից և հասարակայնության հետ կապերի նախկին մենեջեր Լաշա Նացվլիշվիլու կողմից մետրոպոլիտ Իոբիի հասցեին ուղղված անպարկեշտ արտահայտություններին։ Վարչապետի խոսքով՝ «նման կոպիտ, վիրավորական հայտարարությունները նրա համար անընդունելի են»։
«Լաշա Նացվլիշվիլին կուսակցության հետ որևէ կապ չունի։ Նա մի ժամանակ կարևոր դեր է խաղացել, բայց այսօր կապեր չկան։ Կոնկրետ հայտարարության վերաբերյալ հետաքննություն է սկսվել. դա իրավասու մարմինների գործն է, և նրանք կկայացնեն որոշումը», - նշել է Վրաստանի վարչապետը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի իր քարոզում մետրոպոլիտ Իոբին կտրուկ քննադատության ենթարկեց ինչպես Վրաստանի կառավարությանը, այնպես էլ եկեղեցական հիերարխիայի անդամներին։ Նա ներկայիս կառավարությանը անվանեց «անհավատ և անեկեղեցական» և մեղադրեց նրան եկեղեցին և պետությունը միաձուլելու փորձերի մեջ։ Իոբին նաև նշեց, որ հոգևորականների մեծ մասը, կենսապայմանների և ծառայության մակարդակի առումով, նմանվել է պետական պաշտոնյաների։
Առանձին, մետրոպոլիտը նշեց, որ ներկայիս կառավարությունը սպառել է իր հնարավորությունները, և որ Վրաստանը ապագայում պետք է ընտրի ավելի արժանի ղեկավարություն։
Վրաց մետրոպոլիտի կոշտ քննադատությունը ցավոտ արձագանք առաջացրեց կառավարամետ ճամբարի ներկայացուցիչների և դրան կից լրատվամիջոցների մոտ։ Իր հերթին, որոշ հոգևորականներ աջակցություն հայտնեցին Ուրբնիսի և Ռուիսիի թեմի առաջնորդին։
Այսպիսով, Վրաստանի վարչապետը ոչ միայն չպատասխանեց հոգևորականի խիստ քննադատությանը, այլև հայտարարեց, որ իր թիմակիցները չպիտի մտնեն հակամարտության մեջ եկեղեցականների հետ, քանի որ դրանից չեն շահի, ոչ եկեղեցին, ոչ էլ աշխարհիկ իշխանությունը:
Իր այդ քայլով Կոբախիձեն փաստացի նշեց, որ չի կարելի կրկնօրինակել հայաաստանյան փորձը, երբ եկեղեցականների քննադատությանն ի պատասխան, երկրի գործող վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ իսկական հակաեկեղացական արշավ է իրականացվում, որի արդյունքում Հայաստանը ոչինչ չի շահում և հակառակը՝ վարկաբերվում են երկրի ներսում, թե եկեղեցին, և թե աշխարհիկ իշխանության կառույցները:
Հենց դրանով է տարբերվում Կոբախիձեն Փաշինյանից:
Վերջինիս համար պետական շահ հասկացողությունը մարմնավորված է բացառապես իր անձնական շահով, մինչդեռ Վրաստանի ներկայիս վարչապետի համար, պարզ է, որ պետական շահն ավելի վեր պիտի դասվի, քան իր իշխանության շահը, քանի որ իշխանությունները փոփոխվող են, մինչդեռ պետական շահը մնայուն է:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Zham.am

