«ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ
«ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ լրագրող Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ
«Երեկ իշխանությունների աջակից Հարություն Մկրտչյանի էջից տեղեկացանք, որ Հանրային հեռուստաընկերության եթերում միջադեպ է տեղի ունեցել լրագրող Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև։
Զարմանալի և խիստ մտահոգիչ է, որ քաղաքական այդ վեճի վերաբերյալ Հարություն Մկրտչյանի հրապարակած տեսաուղերձի մեկնաբանություններում նրա բազմաթիվ համակիրներ թիրախավորում են Բորիս Մուրազիին՝ ազգային պատկանելության հիմքով։ Ավելին՝ հետևորդներից մեկը բացահայտ գրում է, որ Հարություն Մկրտչյանը Բորիս Մուրազիի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորել հենց նրա ազգային պատկանելության պատճառով։
Իշխանությունների աջակցությունը վայելող այս անձի և նրա համակիրների վարքագիծը լուրջ հիմքեր է տալիս կասկածելու, որ տեղի ունեցածը կարող էր լինել Բորիս Մուրազիի դեմ կազմակերպված սադրանք, որի հիմքում հնարավոր է՝ ընկած է նրա ազգային պատկանելությունը։
Բորիս Մուրազին երկար տարիներ ղեկավարել է մեր կազմակերպությունը և եղել է Հայաստանի Հանրապետության նվիրյալ քաղաքացի։ Նրա լրագրողական գործունեության պատճառով եզդիական համայնքը թիրախավորելու ցանկացած փորձ համարում ենք խիստ դատապարտելի։
Հանրային հարթակներում ՀՀ այլազգի քաղաքացիներին ազգային պատկանելության հիմքով թիրախավորելը ոչ միայն անթույլատրելի է, այլև վտանգավոր՝ հասարակության ներսում ազգամիջյան անհանդուրժողականություն սերմանելու տեսանկյունից։
Իշխանություններին կոչ ենք անում զերծ մնալ նման սադրանքներից և թույլ չտալ, որ իրենց աջակիցների ու քարոզիչների միջոցով ազգային պատկանելությունը վերածվի քաղաքական հաշվեհարդարի գործիքի։
Բորիս Մուրազիի դեմ հավանական ապօրինի հետապնդումը կհամարենք ապացույց, որ իշխանությունը աջակցում է ազգային հիմքով խտրականությանը։
Հայաստանի Հանրապետությունում որևէ քաղաքացու ազգային պատկանելությունը չպետք է դառնա նրա դեմ քաղաքական պայքարի կամ թիրախավորման պատճառ»։

