Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանը գրում է. «Ցավով տեղեկացա թիվ 22 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդի մահվան մասին։ Նախևառաջ խորին ցավակցություն եմ հայտնում մահացած վարորդի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին:
Միաժամանակ, այս ողբերգական դեպքը ևս մեկ անգամ ընդգծում է Երևան քաղաքում հանրային տրանսպորտի ոլորտում աշխատողների անվտանգության, առողջական վիճակի նկատմամբ պատշաճ ուշադրության և աշխատանքային պայմանների կարևորությունը։ Հանրային տրանսպորտի վարորդները ամեն օր պատասխանատվություն են կրում հազարավոր քաղաքացիների կյանքի և անվտանգության համար։ Հետևաբար, նրանց անվտանգությունն ու առողջությունը պետք է լինեն առաջնահերթություն, ինչի մասին բազմիցս պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրել «Մայր Հայաստան» խմբակցությունը:
Կարևոր եմ համարում, որպեսզի դեպքի բոլոր հանգամանքները լիարժեք ուսումնասիրվեն, և հանրությանը ներկայացվեն հստակ պարզաբանումներ։
Եվս մեկ անգամ ցավակցում եմ հարազատներին»։

