Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է
Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Նոյեմբերի 6-ին ժամը 22:00-ի սահմաններում Երևանի Իսակովի պողոտայի 10 հասցեում գործող Պետական եկամուտների կոմիտեի վարչական շենքից, որտեղ գործում են պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը, արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը, կալանավորված անձը դիմել է փախուստի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, այդ օրը Սյունիքի մարզից նշված վարչական շենք տեղափոխված՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 36-ամյա Միլադ Մ.-ն քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննչական գործողության ժամանակ փախուստի է դիմել։
Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Սյունիքի մարզում և Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը։
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։
--
Այ, եթե նշված օտարերկրացու փոխարեն ընդդիմադիր որևէ գործիչ լիներ, ապա տարածքում այնքան աած-ականներ, ոստիկաններ, օդադեսանտային զորքեր ու չգիտես, թե էլ դիմակավորու բազմաբերետավորներ կլինեին, որ ոչ մի փախուստ էլ չէր լինի: Իսկ ծանր հանցագործության մեջ մեղադրվողին անգամ նորմալ հսկել չեն կարողանում: Սրանք միայն ընդդիմադիրներին են կարողանում «պինդ բռնել», իսկ հետո հասցնել մահվան ու ցինիկ-ցինիկ ասել, թե՝ «բայց խի՞ եք վրդովվում, ի՞նչ է եղել, որ, ընդամենը մարդ է մեռել...»:

