Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ
Դուբլինում այսօր ՔՊ-Ադրբեջան «եղբայրական երեկո» է եղել: Հանդիպել են ՔՊ ներկայացուցիչ Փաշինյանը՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, Փաշինյանի ԱԽՔ Ալեն Սիմոնյանը՝ Հիքմեթ Հաջիևի, իսկ Ա.Միրզոյանը՝ Բայրամովի հետ:
Ըստ պարշտոնական տեղեկատվության՝ Փաշինյանն ու Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ՝ հիմնվելով 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի արդյունքների և դրա շրջանակներում ստորագրված Վաշինգտոնյան համատեղ հռչակագրի վրա։
Քննարկումները կենտրոնացած էին երկու երկրների միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված գործնական քայլերի վրա, այդ թվում՝ տրանսպորտային և տարանցիկ կապերի զարգացման, տնտեսական ու առևտրային հարաբերությունների, սահմանների սահմանազատման, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման շուրջ։
Այս համատեքստում, ղեկավարները քննարկել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) զարգացման ընթացքը, այդ թվում՝ դրա երկաթուղային և ավտոճանապարհային բաղադրիչների պլանավորումն ու նախագծումը, ինչպես նաև TRIPP-ի երթուղով տարանցիկ կապերի հեռանկարները։
Որպես դրական զարգացում նշվել է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից ապրանքների տարանցումը։ Անցյալ տարվա նոյեմբերից ի վեր Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել, ընդհանուր առմամբ, 105 000 տոննա բեռ։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական ու առևտրային հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունների, այդ թվում՝ էլեկտրաէներգետիկ ցանցերի առաջիկա փոխկապակցման շուրջ։
Ղեկավարներն ընդգծել են շրջակա միջավայրի և անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցության կարևորությունը և ողջունել անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը։
Ղեկավարները վերահաստատել են խաղաղության գործընթացում դրական դինամիկայի պահպանման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման ամրապնդմանն ուղղված երկխոսության շարունակման կարևորությունը։
--
Ինչ վերաբերում է ոչ պաշտոնական տարբերակին, ապա կարելի է ենթադրել, որ Ալիևը պահանջած կլինի Հայաստանի պետականության լուծարման գործընթացի արագացումը Փաշինյանի կողմից, այն է՝ «սահմանադրության փոփոխության» անվան տակ Անկախության հռչակագրի զրոյացումը:
Ամեն դեպքում, եթե հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը, ուրեմն՝ սպասեք նոր աղետների:

