Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի օրակարգի հարցերից մեկը կարող է լինել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարարությունում չէին բացառել, որ Երևանը կարող է ժամանակավորապես զրկվել ՀԱՊԿ խորհրդում ձայնի իրավունքից՝ կազմակերպության բյուջեի նկատմամբ չկատարված ֆինանսական պարտավորությունների պատճառով՝ մինչև պարտքի ամբողջական մարումը։ Այս մասին գրում է Ինտերֆաքս գործակալությունը։
ՀԱՊԿ գագաթնաժողովին ընդառաջ անդամ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ղեկավարները, ինչպես նաև Անվտանգության խորհուրդների քարտուղարներն արդեն քննարկել են այդ հարցը և որոշման նախագիծը ներկայացրել Հավաքական անվտանգության խորհրդի քննարկմանը։
Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ նույնիսկ այդ որոշման ընդունման դեպքում Հայաստանը կպահպանի կազմակերպության անդամի իր հիմնական իրավունքները։
«Եթե ցանկանում են, որ մենք Հայաստանից դուրս մղենք ՀԱՊԿ-ից, մենք այդպես չենք վարվի»,- գագաթնաժողովի նախօրեին հայտարարել է Լավրովը։
Նա նաև հիշեցրել է, որ Երևանը կազմակերպությունից դուրս գալու վերաբերյալ պաշտոնական դիմում չի ներկայացրել, իսկ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները, թե ՀԱՊԿ-ն անօգուտ է Հայաստանի համար, «մնում են ընդամենը խոսքեր՝ չհիմնավորված որևէ փաստաթղթով»։
ՀԱՊԿ գագաթնաժողովի օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվելու է Թուրքիայում՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին 31-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ կապված այլևս շահեր չունի։
«ՀԱՊԿ-ի հետ կապված մեր շահերն սպառված են, մենք այլևս ՀԱՊԿ-ի հետ կապված շահեր չունենք»,- ասել էր նա։
ՀԱՊԿ կազմում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Հայաստանը։ Վերջինս 2024 թվականի փետրվարից սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին։

