Սոցցանցերում արված հրապարակումների առնչությամբ հետապնդումները մտահոգություններ են առաջացնում խոսքի ազատության վերաբերյալ. CSO Meter-ը՝ Դանիելյանի կալանքի մասին
Գրող, թատերագիր Վահրամ Սահակյանի և ընդդիմադիր գործիչ Արթուր Դանիելյանի դեմ հարուցված վերջին քրեական գործերը վկայում են մի մտահոգիչ միտումի մասին. սոցցանցերում արված հրապարակումների, պաշտոնատար անձանց հասցեին հնչեցված կոշտ քննադատությանն ի պատասխան՝ կիրառվում են քրեաիրավական գործիքներ։
CSO Meter-ը (Civil Society Organisations Meter) գրում է՝ թեև արտահայտվելու ազատությունը կարող է սահմանափակվել բռնության կոչերի, ատելության խոսքի կամ սպառնալիքների դեպքում, առցանց հնչեցված մտքերի կապակցությամբ քրեական մեղադրանքների, կալանքի և այլ միջոցների կիրառումը մտահոգություններ է առաջացնում համաչափության, ընտրողական մոտեցման և հանրային քննարկումների վրա ճնշող ազդեցության առումով։
Նշենք, որ CSO Meter-ը Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Եվրոպական ոչ առևտրային իրավունքի կենտրոնի (ECNL) ու գործընկերների կողմից մշակված գործիք է, որը գնահատում և մոնիտորինգի է ենթարկում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) գործունեության միջավայրը Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրներում՝ այդ թվում Հայաստանում։ Վերջին դեպքերը ցույց են տալիս, որ առցանց տիրությում արտահայտած խոսքի նկատմամբ կիրառվում են խիստ միջոցներ։
2026 թվականի սեպտեմբերի վերջին գրող և դրամատուրգ Վահրամ Սահակյանը ձերբակալվեց։ Նրան մեղադրանք առաջադրվեց 2025 թվականի հունվարին Ֆեյսբուքում արված գրառման համար, որը, ըստ հաղորդումների, պարունակում էր ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի քարոզչություն։
Քրեական հետապնդում է սկսվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի հատկանիշներով, որը վերաբերում է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքին, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելուն։ Հետագայում դատարանը Մահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն սահմանեց և արգելեց հրապարակային գրառումներ անել։ Նրա փաստաբանը վիճարկել է մեղադրանքները և պնդել, որ իրավապահ մարմինները ընտրողաբար են հետևում ընդդիմադիր գործիչների գրառումներին։
Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան գրառման համար ձերբակալվեց, ապա երկու ամսով կալանավորվեց։ Դանիելյանի փաստաբանը հայտնեց, որ նրա ֆեյսբուքյան մի քանի գրառումներ որակվել են որպես խուլիգանություն, իսկ ավելի ուշ նրան լրացուցիչ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածով, որը վերաբերում է դատավորների, դատախազների, քննիչների և արդարադատության ոլորտի այլ ներկայացուցիչների հասցեին հնչեցված սպառնալիքներին կամ նրանց վերաբերյալ տեղեկությունների հրապարակմանը։
Այս երկու գործիչներն էլ հայտնի են պաշտոնյաների հասցեին հնչեցրած կոշտ քննադատությամբ։ Մի շարք ՀԿ-ներ համատեղ հայտարարություն են տարածել՝ Արթուր Դանիելյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումը որպես Հայաստանում խոսքի ազատության իրացման դեմ քրեաիրավական գործիքների շարունակական կիրառման հերթական դրսևորում։
Հայտարարության մեջ նշվում է,որ քրեական հետապնդումը, ըստ երևույթին, ապօրինի է, անհամաչափ և քաղաքական դրդապատճառներ ունի, իսկ Արթուր Դանիելյանի նկատմամբ կիրառված երկամսյա կալանքն անհամաչափ է՝ հաշվի առնելով նաև արտաքին աշխարհի հետ նրա հաղորդակցության սահմանափակումները։
CSO Meter-ն ընդգծում է, որ այս գործերը վկայում են կոշտ կամ վիրավորական խոսքի ընտրողական քրեականացման աճող միտումի մասին։
«Այս գործերը պետք է դիտարկել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից բազմիցս բարձրաձայնված այն մտահոգությունների համատեքստում, որոնք վերաբերում են ատելության խոսքի, բռնության կոչերի և հարակից այլ արարքների վերաբերյալ քրեաիրավական դրույթների կիրառմանը»,-նշում է աղբյուրն ու ընդգծում՝ չնայած Հայաստանը 2022 թվականին ապաքրեականացրեց «ծանր վիրավորանքը», հետապնդումների վերջին դեպքերը ենթադրում են ռիսկ, որ վիրավորանքի կամ հայհոյանքի նկատմամբ կարող են վարույթներ հարուցվել քրեական օրենսգրքի այլ հոդվածների հատկանիշներով, օրինակ, 329, 330, 340, 297 հոդվածների։
CSO Meter Armenia-ի նախկինում հրապարակված զեկույցները նշում են, որ առցանց կամ հրապարակային խոսքի վերաբերյալ քրեական վարույթները քաղաքացիական հասարակության կողմից հաճախ ընկալվում են որպես ընտրողական, քանի որ իրավապահ մարմինների գործողությունները շատ դեպքերում կենտրոնանում են պետական պաշտոնյաների և քաղաքական գործիչների վերաբերյալ հայտարարությունների վրա, մինչդեռ ատելության խոսքը հազվադեպ է քննվում նույն հետևողականությամբ:
Աղբյուրը հիշեցնում է, որ միջազգային պրակտիկայում էլ քաղաքական գործիչներից ու պետական պաշտոնյաներից ակնկալվում է, որ նրանք ավելի մեծ հանդուրժողականություն ցուցաբերեն քննադատության նկատմամբ, այդ թվում՝ սադրիչ, կոշտ հայտարարությունների։
Մեդիափորձագետներն ու իրավապաշտպանները զգուշացնում են, որ սոցիալական ցանցերում կատարված հրապարակումներից հետո տեղի ունեցած ձերբակալություններն ու կալանավորումները կարող են զսպող ազդեցություն ունենալ՝ հասարակությանը ազդարարելով, որ համացանցում արտահայտած մտքերի համար կարող են կիրառվել խիստ պատժամիջոցներ։
Այս մտահոգությունն ավելի է խորանում՝ հաշվի առնելով կասկածները խոսքի ազատությանն առնչվող դեպքերում իրավապահ մարմինների արձագանքների հետևողականության և համաչափության վերաբերյալ։
ՄԻԵԴ-ի ուղեցույցն ընդգծում է, որ արտահայտվելու ազատության սահմանափակումները պետք է լինեն օրինական, անհրաժեշտ և համաչափ՝ հաշվի առնելով այն զսպող ազդեցությունը, որը քրեական վարույթները և կալանավորումը կարող են ունենալ հանրային քննարկումների վրա։ Եթե վիրավորական կամ ոչ պատշաճ խոսքը պարբերաբար դառնում է քրեական վարույթների առարկա, ապա դա կարող է թուլացնել ապաքրեականացման պաշտպանիչ ազդեցությունը և ուժեղացնել հանրային քննարկումների վրա գործադրվող զսպող ազդեցությունը։
Անդրադառնալով ձեռնարկվելիք քայլերին՝ աղբյուրը նշում է, որ վերջին դեպքերը կարևորում են խոսքի հետ կապված քրեական վարույթների նկատմամբ ավելի զգույշ և հետևողական մոտեցման անհրաժեշտութունը։
«Հետագա դատախազական և դատական որոշումները ցույց կտան, արդյոք իշխանությունները համարժեքորեն հաշվի՞ են առնում քրեական մեղադրանքների և խափանման միջոցների համաչափությունը։ Այս դեպքերի հետագա զարգացումները կարևոր են Հայաստանի խոսքի ազատության և ժողովրդավարական բանավեճի նկատմամբ հանձնառության գնահատման համար»,-ամփոփում է CSO Meter-ը։
Աղբյուրը` Panorama.am

