Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար
Մինչ Բրյուսելը զերծ է մնում կոշտ քննադատությունից, հայաստանյան քաղաքացիական հասարակությունն ահազանգում է ընդդիմադիր գործիչների նկատմամբ կիրառվող ընտրովի արդարադատության մասին: Արդյո՞ք ԵՄ պրագմատիկ կեցվածքը անցյալի սխալները կրկնելու վտանգ է պարունակում:
Հոկտեմբերի սկզբին ֆեյսբուքյան գրառման պատճառով, որում քննադատվում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ձերբակալվեց «Ադեկվադ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արթուր Դանիելյանը:
Այս միջադեպն արդեն խորացող միտում է դարձել. վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունները մեղադրանքներ են առաջադրել բազմաթիվ ընդդիմադիր գործիչների, որոնց հիմքում մեծ մասամբ նրանց սոցիալական ցանցերի ակտիվությունն է:
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նախազգուշացնում են, որ նման ընտրովի արդարադատությունը վտանգավոր ազդակ է, որը վկայում է ժողովրդավարական հետընթացի մասին:
Դանիելյանի կալանավորման հիմք են հանդիսացել Ֆեյսբուքում արված այն գրառումները, որոնցում նա քննադատել է ինչպես Փաշինյանին, այնպես էլ երկրի անվտանգության ծառայություններին:
Վեճի առարկաներից մեկը Փաշինյանի դիրքորոշումն էր հնարավոր գերիների փոխանակման վերաբերյալ: Խոսքը ադրբեջանցի այն զինվորի մասին էր, ով մեղադրվում է հայկական Շաքի գյուղում 39-ամյա կնոջ տուն ներխուժելու, նրան և նրա երեխաներին վնասվածքներ հասցնելու մեջ:
Հայկական «Ինֆոկոմ» լրատվամիջոցին տված հարցազրույցում Փաշինյանը բացառել էր Հայաստանում բանտարկված զինվորին Ադրբեջանում պահվող հայերի հետ փոխանակելու տարբերակը։ Արթուր Դանիելյանն արձագանքել էր կոշտ հարձակմամբ՝ վարչապետին անվանելով «սրիկա» և մեղադրելով իր համաքաղաքացիներին տուն վերադարձնելու ցանկություն չունենալու մեջ։
Հայաստանն ու Ադրբեջանը երեք տասնամյակ հակամարտության մեջ էին Լեռնային Ղարաբաղի պատճառով, որը 1990-ականներին անկախություն էր հռչակել։ 2023 թվականի ադրբեջանական ռազմական հարձակումից հետո Բաքուն վերահաստատեց վերահսկողությունը տարածքի նկատմամբ՝ ստիպելով ավելի քան 100,000 հայերի լքել իրենց տները: Այժմ Բաքվում պահվում է 19 հայ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։
Ընտրովի հետապնդումների խորացող միտո՞ւմ
Ավելի քան մեկ տասնյակ հայաստանյան հասարակական կազմակերպություններ դատապարտել են «Ադեկվադ» կուսակցության առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդումը՝ այն որակելով «ակնհայտորեն ապօրինի, անհամաչափ և քաղաքականապես մոտիվացված»։
«Այն կրում է պատժիչ բնույթ և ուղղակի ազդակ է հանրությանը, որի նպատակն է լռեցնել այլախոհությունը, քննադատական հայացքներն ու անցանկալի խոսքը»,- ասված է համատեղ հայտարարության մեջ:
Մի շարք այլ քրեական գործեր են հարուցվել նաև այն ակտիվիստների նկատմամբ, ովքեր քննադատել են իշխող վերնախավին կամ անձամբ Փաշինյանին:
Մեկ այլ աղմկահարույց դեպք տեղի ունեցավ հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ։ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ակտիվիստ Արթուր Օսիպյանը ձերբակալվեց Փաշինյանի հետ ունեցած բանավեճից հետո, որը վերաբերում էր վերջինիս ղարաբաղյան քաղաքականությանը։
Միջադեպից հետո Հայաստանի դատախազությունը մեղադրանք առաջադրեց Օսիպյանին հասարակական կարգը խախտելու և իշխող կուսակցության նախընտրական քարոզարշավը խոչընդոտելու համար: Նրան նաև մեղադրանք առաջադրվեց մարտ ամսին սոցիալական ցանցերում արված գրառման միջոցով Փաշինյանի նկատմամբ բռնություն հրահրելու համար։
Վտանգվա՞ծ է արդյոք խոսքի ազատությունը Հայաստանում
2020 թվականի ապրիլի 15-ին Հայաստանի քրեական օրենսգրքում ավելացվեց 226.2 հոդվածը, որով պատժվում էին բռնության հրապարակային կոչերը, ինչպես նաև բռնության հրապարակային արդարացումը կամ գովաբանումը:
Քաղաքացիական հասարակության բուռն դժգոհությունից հետո այս արարքներն ավելի ուշ ապաքրեականացվեցին: «Freedom House»-ի 2025 թվականի զեկույցի համաձայն՝ «2020 թվականի քրեական օրենսգրքի փոփոխությամբ բռնության հրահրման վերաբերյալ դատական գործերի գրեթե 95 տոկոսը վերաբերում էր վարչապետ Փաշինյանի և նրա կողմնակիցների հասցեին հնչած ենթադրյալ սպառնալիքներին, մինչդեռ իշխող կուսակցության անդամների կողմից հնարավոր արգելված հայտարարությունները, ըստ ամենայնի, նույն խիստ քննությանը չեն արժանացել»։
2026 թվականի նախընտրական ողջ ժամանակահատվածում Երևանում գործող «Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն» անկախ ուղեղային կենտրոնը մոնիթորինգի է ենթարկել Լեռնային Ղարաբաղի փախստականների դեմ ուղղված առցանց ատելության խոսքը:
Նրանց զեկույցներում արձանագրվել է, թե ինչպես են արդեն իշխանամետ բլոգերներն ու սոցիալական ցանցերի ազդեցիկ օգտատերերը իրենց հարթակներն օգտագործել տեղահանված ղարաբաղցիների դեմ թշնամական հռետորաբանություն տարածելու համար՝ նրանց պիտակավորելով վիրավորական տերմիններով: Չնայած այս բացահայտումներին, Հայաստանի իրավապահ մարմինները հիմնականում զերծ են մնացել այդ ակտիվիստների նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելուց։
Ինչո՞ւ ԵՄ-ն չի արձագանքում
Չնայած ԵՄ-ի հետ կապերն ամրապնդելու Հայաստանի ջանքերին, Բրյուսելը հստակ արձագանք չի տվել ընդդիմադիր ձայները լռեցնելու փաստերին, «DW»-ին հայտնել են երևանյան դիտորդները:
«ԵՄ-ն, ընդհանուր առմամբ, որդեգրել է շատ պրագմատիկ և աշխարհաքաղաքական շահերից բխող մոտեցում»,- ասում է քաղաքական վերլուծաբան Տիգրան Գրիգորյանը:
«Հաշվի առնելով տարածաշրջանային տարբեր զարգացումները, այդ թվում՝ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները, Հայաստանն այժմ դարձել է ԵՄ-ի հիմնական գործընկերը տարածաշրջանում»,- հավելել է նա։ «Եթե դրան գումարենք այն փաստը, որ Փաշինյանի այլընտրանքը պրոռուսական ընդդիմությունն է, ապա, ի վերջո, այս քրեական գործերին լուրջ արձագանք չի լինում»։
Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի Արևելյան Եվրոպայի փորձագետ Շտեֆան Մայստերը կիսում է այս տեսակետը: Նրա խոսքով՝ Հայաստանին եվրոպական աջակցությունը թվում է, թե «հիմնականում թելադրված է եվրոպական ռուսական քաղաքականությամբ»: «Այսպիսով, խոսքն այնքան Հայաստանի մասին չէ, որքան այն ուժերի ամրապնդման, որոնք թուլացնում են Ռուսաստանի ազդեցությունը երկրում և տարածաշրջանում»:
Մայստերը կարծում է, որ Փաշինյանն օգտագործել է այս աշխարհաքաղաքական դինամիկան՝ ներքաղաքական ընդդիմադիրներին որպես ռուսական պրոքսի (կամակատար) պիտակավորելու համար: Այնուամենայնիվ, ոչ բոլորն են, ովքեր քննադատում են Փաշինյանին, պրոռուսական, հավելել է Մայստերը: Նա նշել է, որ «ԵՄ-ն որոշակիորեն ընկնում է այս թակարդը՝ ընդունելով, որ սա ճիշտ նարատիվ է»:
ԵՄ. Հայաստանը պետք է կատարի իր հանձնառությունները
Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և հիմնարար իրավունքները Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) և ԵՄ-Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգի հիմքում են, «DW»-ի հարցմանն ի պատասխան գրավոր նշել է ԵՄ խոսնակը:
Նա նաև ընդգծել է, որ «ԵՄ-ն ուշադիր հետևում է երկրում տեղի ունեցող զարգացումներին, այդ թվում՝ քրեական հետաքննություններին: Համապատասխան Հայաստանի միջազգային հանձնառությունների և իրավական շրջանակի՝ նման հետաքննությունները պետք է իրականացվեն անկախ և անկողմնակալ կերպով՝ զերծ քաղաքական նկատառումներից»։
Աղբյուրը՝ Deutsche Welle
ԼՈՒՍԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆ
07.11.2026
Աղբյուր՝ 168.am

