Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա
168.am-ի ուշագրավ անդրադարձը
--
Այս օրերին Ազգային ժողովի հանձնաժողովներում քննարկվում է հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը։ Ինչպես միշտ, բյուջեի ներկայացման ժամանակ կառավարությունը շռայլ խոստումներ է տալիս տարբեր ծրագրերի վերաբերյալ։ Բայց դրանք միշտ չէ, որ իրականացվում են։ Բազմաթիվ ծրագրեր մնում են թղթի վրա, նախատեսված աշխատանքներն ու պլանավորած ծախսերն այդպես էլ չեն կատարվում։
Դրա լավագույն վկայությունն է նաև այս տարվա բյուջեի կատարողականը։
Բյուջեի 9 ամիսների ծախսերի ծրագիրն ավելի քան 1.1 մլրդ դոլարով թերակատարել են։
Նախատեսել են 9 ամսում իրականացնել՝ 2.8 տրիլիոն դրամի, փաստացի կատարել են 2.4 տրիլիոնի ծախս։
Նախատեսվածի համեմատ՝ 403 մլրդ դրամով պակաս ծախսեր են իրականացրել։
Ու, ինչպես միշտ, պակաս են կատարել հատկապես կապիտալ ծախսերը։ Նախորդ տարվանից անհամեմատ ավելի քիչ կապիտալ ծախսեր են նախատեսել, բայց դա էլ չեն կատարել, մեծապես թերակատարել են։
Ինն ամիսների կապիտալ ծախսերի կատարողականը կազմել է ընդամենը 58.9 տոկոս։
Չեն կատարվել հատկապես պաշտպանությանը, ճանապարհաշինությանը, ինչպես նաև դպրոցաշինությանը վերաբերող բյուջետային ծախսերն ու դրանց շրջանակներում նախատեսված ծրագրերը։
Ամենամեծ թերակատարումն արձանագրվել է ճանապարհաշինության պարագայում. Կատարողականը նույնիսկ 33 տոկոսի չի հասել։ 67 տոկոսանոց թերակատարում են տվել։ Շուրջ 28 տոկոսով պակաս են կատարվել՝ պաշտպանության, ու 30 տոկոսով՝ դպրոցաշինության ծախսերը։
«2026թ. ինն ամիսներին պետական բյուջեի կապիտալ ծախսերը կատարվել են 58.9 տոկոսով՝ հիմնականում պայմանավորված «ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագրի շրջանակներում իրականացված կապիտալ ծախսերի` 72.3 տոկոս (179 մլրդ դրամ), «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացված կապիտալ ծախսերի՝ 32.7 տոկոս (27.5 մլրդ դրամ), և «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացված կապիտալ ծախսերի 69.8 տոկոս (83.2 մլրդ դրամ) կատարողականներով»,- տարեսկզբի 9 ամիսների պետական բյուջեի կատարողականի հաշվետվության մեջ արձանագրել է ֆինանսների նախարարությունը։
Պետական բյուջեի կապիտալ ծախսերը, նախորդ տարվա համեմատ, զգալիորեն նվազել են։ 105 միլիարդով ավելի քիչ նման ծախսեր են արել, քան անցած տարի։
Ծախսերի կրճատումը կապված է եղել առավելապես պաշտպանության ու ճանապարհաշինության հետ։ Պաշտպանության ծախսերը նվազել են գրեթե 40 տոկոսով, իսկ ճանապարհաշինությանն՝ ավելի քան 35 տոկոսով։
Մի դեպքում պակաս է կատարվել՝ 118 միլիարդի, մյուս դեպքում՝ 15 մլրդ դրամի ծախս։
Ընդհանուր առմամբ կապիտալ ծախսերի 9 ամիսների ծրագիրը եղել է 570.7 մլրդ դրամ, որից 336.1 միլիարդն են արել։ 234.6 մլրդ դրամի կապիտալ ծախսեր մնացել են օդում կախված։ Այսօրվա փոխարժեքով՝ խոսքը գրեթե 650 մլն դոլարի մասին է։
Կապիտալ ծախսերը, որոնք սովորաբար ունեն երկարաժամկետ տնտեսական աճի ապահովման կարևորություն, նվազել են, փոխարենը՝ ընթացիկ ծախսերն են ավելացել՝ մեծացնելով ճնշումը բյուջեի վրա։
Ընթացիկ ծախսերն աճել են հատկապես այն պատճառով, որ խորհրդարանական ընտրությունների նախօրյակին, պետական միջոցների հաշվին քաղաքացիներին կաշառելու նպատակով, իշխանությունները գնացին մի շարք պոպուլիստական քայլերի։ Ավելացրին թոշակներն ու ներդրեցին բժշկական ապահովագրություն, բազմաթիվ այլ նախընտրական ծրագրեր նախաձեռնեցին՝ մեծացնելով բյուջեի ընթացիկ ծախսերի բեռն ու ճնշումը ոչ միայն այս, այլև հետագա տարիների վրա։
Այդպիսով բյուջեն դրեցին լուրջ ռիսկի տակ։ Ու եթե այնպես ստացվի, որ վերջին շրջանում արտաքին միջավայրում ի հայտ եկած մարտահրավերներն առաջիկայում առարկայանան՝ հանգեցնելով նաև բյուջեի եկամուտների նվազման, իշխանությունը կանգնելու է ծանր երկընտրանքի առաջ. Ստիպված է լինելու կրճատել բյուջեի ընթացիկ, այդ թվում՝ քաղաքական նպատակներով ծանրաբեռնված սոցիալական նշանակության ծախսերը, կամ հերթական խոշոր վարկերը վերցնել դրանք կատարելու համար։ Երկուսն էլ նպատակահարմար չեն, բայց այլընտրանք չկա։
Բյուջեն ընթացիկ ծախսերով չափից դուրս ծանրաբեռնելը բերել է նրան, որ նվազել են կապիտալ ծախսերն ավելացնելու հնարավորությունները։ Սա խնդիր է տնտեսության ու տնտեսական կարողություններն ավելացնելու առումով։ Վարկերով ու պարտքերով անհնարին է անվերջ ծանրաբեռնել բյուջեն ու դրանց հաշվին ինչ-ինչ ծրագրեր իրականացնել։ Առավել ևս, որ վարկերի հաշվին նախատեսված ծրագրերն էլ միշտ չէ, որ հաջողվում է ժամանակին ու պատշաճ կատարել։
Այս տարի էլ ռիսկի տակ են նպատակային վարկային ծրագրերը։ Դրանց 9 ամսվա կատարողականը կազմել է ընդամենը 20 տոկոս։ Նախատեսված 102.2 մլրդ դրամից 20.8 միլիարդի ֆինանսավորում է ստացվել։
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցներով իրականացվող ծրագրերի կատարողականը կազմել է հազիվ 4.1 տոկոս։ Բյուջեի ճշգրտված պլանով 4.8 մլրդ դրամի ծախս պիտի անեին, արել են ընդամենը 200 մլն դրամինը։
Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող նպատակային վարկային ծրագրերի կատարողականը կազմել է 36.3 տոկոս, Եվրոպական ներդրումային բանկինը՝ 31.3 տոկոս, Ասիական զարգացման բանկինը՝ 36.5 տոկոս։ Ամենաբարձրը եղել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ծրագրերի կատարողականը, բայց դա էլ 50 տոկոսի չի հասել՝ 18 միլիարդից 8.9 միլիարդի ծրագրեր են իրականացվել։
Ընդհանրապես տապալվել են օտարերկրյա պետություններից ու դոնոր երկրներից ստացվող միջոցների հաշվին նախատեսված նպատակային վարկային ծրագրերը։ Այդ ծրագրերը 96.3 տոկոսով չեն կատարվել։
Նախատեսել են 51.2 մլրդ դրամի ծրագրեր իրականացնել 9 ամսում, իրականացրել են ընդամենը 1.9 միլիարդինը։ Դա էլ բացառապես գերմանական Վերականգնման վարկերի բանկի տրամադրած վարկային միջոցների հաշվին։
4.8 մլրդ դրամի նպատակային վարկային միջոցներ են նախատեսել ստանալ Ֆրանսիայից, ստացել են զրո դրամ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

