Հանրայինի անաչառության բացակայությունը
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը նկատում է.
«Երեկ դիտեցի Պետրոս Ղազարյանի և Վահագն Ալեքսանյանի հարցազրույցը։ Երբ Պետրոս Ղազարյանը հարց է տալիս քաղբանտարկյալների մասին, Վահագն Ալեքսանյանը սկզբում հայտարարում է, թե Անդրանիկ Թևանյանին մեղադրանք է առաջադրվել լրտեսության հոդվածով, ապա ինքն իրեն ուղղում և ասում, թե իբր նա պետական գաղտնիք է փոխանցել այլ անձի։ Սա իրականությանը չհամապատասխանող, սուտ տեղեկատվություն է։
Ինչ վերաբերում է Վահագն Ալեքսանյանին, ապա նրա մասին, մեղմ ասած, առանձնապես դրական բան չկա ասելու։ Թերևս միակ բանը, որ կարելի է նշել, ավելորդ քաշից ազատվելն է։ Այլ դրական բան նրա մասին, անկեղծ ասած, դժվար է առանձնացնել։
Սակայն այս ամենի մեջ հատկանշականն այն է, որ Պետրոս Ղազարյանը, որպես լրագրող, պարտավոր է լինել անաչառ և արդար, մինչդեռ տվյալ հարցազրույցում այդ անաչառությունն ու արդարությունը բացակայում են։ Նա հրավիրում է ՔՊ-ական պատգամավորների, հարցեր տալիս քաղբանտարկյալների վերաբերյալ, իսկ վերջիններս ներկայացնում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ և փորձում մոլորեցնել հանրությանը։
Ուստի հիմա կոչ եմ անում Պետրոս Ղազարյանին իր հաղորդման շրջանակներում հարցազրույցի հրավիրել նաև Անդրանիկ Թևանյանի պաշտպանին և հնարավորություն տալ նրան ներկայացնելու գործի ամբողջական պատկերը։
Թող պաշտպանը ներկայացնի, թե իրականում ինչ է տեղի ունեցել, և հանրությանը ցույց տան, որ Նիկոլ Փաշինյանի՝ Վանաձորում կայացած հանրահավաքի ժամանակ արած հայտարարությունները, ԱԱԾ-ի կողմից Քննչական կոմիտե ներկայացված հաղորդումը, ինչպես նաև Քննչական կոմիտեի տարածած այն հայտարարությունը, թե իբր Անդրանիկ Թևանյանը հավաքագրվել է և 622 000 դոլարի դիմաց պետական գաղտնիք փոխանցել, չեն համապատասխանում իրականությանը։
Ավելին՝ ըստ պաշտպանների ներկայացրած դիրքորոշման՝ մեղադրանքի մեջ նշված չէ այդ պնդումներից և ոչ մեկը։ Ավելին, դատախազն ինքն է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարած հանգամանքները մեղադրանքի մեջ բացակայում են»։

