Հրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մեկ անձ մահացել է
Նոյեմբերի 2-ին սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է և նշված թաղամասի 220 շենքի 4-րդ բնակարանում հայտնաբերվել է 64-ամյա Հայկազ Հ.-ի դին։
Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քր.օր-ի 155 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 1-ին նշված բնակարանում Հայկազ Հ.-ն, Հրազդան քաղաքի բնակիչ 62-ամյա Մայիս Գ.-ն և Սևան քաղաքում հաշվառված 46-ամյա Ալիկ Մ.-ն նշված տանը հացկերույթ են ունեցել օգտագործելով նաև ոգելից խմիչք, որի ժամանակ էլ կենցաղային հարցերի շուրջ նրանց միջև առաջացել է վիճաբանություն, ինչի ժամանակ էլ փոխադարձ հայհոյանքներ են հնչեցրել, որի ժամանակ, ըստ օպերատիվ տվյալների, Ալիկ Մ.-ն ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Հայկազ Հ.-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչը հետո դարձել է մահվան պատճառ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քրեական ու համայնքային ոստիկանները տաք հետքերով պարզել են՝ որտեղ է գտնվում կասկածյալ Ալիկ Մ.-ն, և մեկնելով նշված հասցե, որը Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասն է, հայտնաբերում են նրան և բերման ենթարկում ոստիկանության Հրազդանի բաժին, ինչից հետո նրան կազմված փաստաթղթերով ներկայացնում են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։
Քննիչի որոշմամբ Ալիկ Մ.-ն ձերբակալվել է։

