Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան
«Երեկվա քաղաքական կուսակցությունների համատեղ հայտարարությունից հետո ակնհայտ էր, որ մեր հիմնական նպատակը ավելի լայն հանրային-հասարակական շերտերի կոնսոլիդացիան է կոնկրետ օրակարգի շուրջ: Այսինքն՝ խնդիր չունենք միայն կուսակցություններով հավաքվելու և ինչ-որ հայտարարություններ ընդունելու: Խնդիրը շատ ավելի մեծ է. իսկապես ունենք ազգային համախմբման նպատակ, և, բնականաբար, մտավորականների հետ հանդիպումն ու այս հարցի շուրջ քննարկումը անչափ կարևոր էին հենց այդ համատեքստում։ Փաստն այն է, որ ունենք անվերապահ աջակցություն մտավորական շերտի կողմից առ այն, որ ալիևյան սահմանադրությունը տեղ չունի Հայաստանում։ Հայ ժողովուրդը երբևէ չի կարող ընդունել իրեն պարտադրված արտաքին օրակարգ. լինի Ալիևը, թե աշխարհի որևէ այլ կենտրոն, չի կարող մեզ պարտադրել ապրել մի սահմանադրությամբ, որը գրված չէ Երևանում, այլ գրված է որևէ այլ տեղում։ Այսինքն՝ այդ համախոհությունն ունենք։ Իհարկե, այդ համախոհությունը բացառապես սահմանադրության մասին չէ, այլ նաև ազգային արժեքների պաշտպանության, եկեղեցու, տարածքային նոր զիջումների անթույլատրելիության, ինչպես նաև ժողովրդավարության ու ժողովրդավարական արժեքների վերականգնման մասին է։ Այսինքն՝ այս բոլոր հարցերի շուրջ քննարկումները վերահաստատեցին, որ համատեղ պետք է փորձենք պայքարել մեզ դրսից պարտադրվող օրակարգի դեմ»,- այս մասին մտավորականների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։

