Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան
«Ուզում եմ իմ անվերապահ աջակցությունը, համերաշխությունը հայտնել կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Արթուր Դանիելյանին, Մարտուն Գրիգորյանին, Բագրատ Սրբազանին և մյուս քաղբանտարկյալներին։ Այս ամենն այն գինն է, որը մենք բոլորս միասին որպես ազգային ինքնությունը չոտնահարող, արժանապատիվ քաղաքացիներ, քաղաքական ուժեր վճարում ենք այս պայքարում հայ և Հայաստան ունենալու համար»,- դատարանի բակում լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշիյանի քաղաքական օրակարգը շատ բաց է, չի էլ թաքցրել, թե ինչին է պատրաստ հանուն իր խնդիրների լուծմանը։
«Նա որոշակի քարտ բլանշ ունի, որոշակի պատուհան ջարդելու Հայաստանում դիմադրությունն ու կատարելու իր գեոպոլիտիկա տերերին տված խոստումը։ Այդ պատուհանն անընդմեջ բաց չի լինելու, վստահ եմ, միասին՝ հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ միասին կարող ենք դիմադրել այդ ճնշումներին, այնպես անել, որ Փաշինյանը չհասնի իր ուզած արդյունքներին»,- ասաց Աշոտյանը։
Նա ողջունեց ընդդիմադիր ուժերի մեկնարկած պրոցեսը. «Բարդ պրոցես է։ Ողջունում եմ փաստն ու այն հանգամանքը, որ տարբեր կուսակցություններ կարողացել են մի կողմ դնել իրենց տակտիկական տարաձայնությունները և համախմբման ճանապարհ բռնել՝ ռազմավարական ընդհանրությունների շուրջ։ Սա խնամք է պահանջում, կխնդրեմ բոլոր մասնակիցներին, ՀՀԿ-ն էլ է ներգրաված այդ գործընթացում, շատ ուշադիր, խնամքով վերաբերվել այս պրոցեսին, առնվազն ջենթլմենական համաձայնության գալ առնվազն այս փուլում իրար հանրային, մեդիա դաշտում չքարկոծել, ընդդիմության նոր պառակտումներ չհարուցել»։
Աղբյուրը` Panorama.am

