Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան
«Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման»,-նման գրառում է արվել Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
--
«Այս հանդիպումն այսօր պետք է տեղի ունենար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ»,- Սամվել Կարապետյանի տանն ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հանդիպումից հետո հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Մենք նախաձեռնել էինք, և իրենք պրեվենտիվ քայլեր արեցին, որպեսզի կարողանան սահմանափակել Սամվել Կարապետյանին համազգային համախմբումը սկսելու պրոցեսում։ Մենք բազմաթիվ տարակարծություններ ունենք այն ուժերի հետ, ում հետ 4 կետի շուրջ եկանք համաձայնության՝ «ալիևյան սահմանադրության» մերժում, տարածքների անվերջանելի զիջումների մերժում, մեր ազգային արժեքների ու եկեղեցու պաշտպանություն, ժողովրդավարության վերականգնում»,-ասաց նա։
«Մենք տեսնում ենք, որ այսօր առաջնային խնդիրը տարածքների զիջումներն ու «ալիևյան սահմանադրությունն» են։ Բոլոր հասարակական գործիչներին կոչ եմ անում միավորվել այս գաղափարների շուրջ, չթողնենք Հայաստանում կարողանան իրագործել «ալիևյան սահմանադրությունը», դրանից հետո բոլորս մեր ճանապարհով կշարունակենք, բայց այստեղ համախմբում է պետք»,- նշեց Ն. Կարապետյանը։
Հարցին՝ փողոցային պայքար լինելո՞ւ է, թե՞ ոչ, Ն.Կարապետյանն ասաց, որ Սահմանադրությամբ թույլատրված բոլոր միջոցները հնարավոր է գործածել։ Նա նշեց, որ հաջորդ քայլը հասարակական գործիչների հետ այս կոնսենսուսի գալն է։
«Նիկոլ Փաշինյանը ժամանակի խնդիր ունի։ Նրա պատվիրատուն ժամանակային սահմանափակումներ է դրել իր առջև»,- նշեց նա։
Աղբյուրը` Panorama.am

