Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Ստեփան Դանիելյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Դրսից ճնշումներ կան Նիկոլ Փաշինյանի վրա, և այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, կապված է Ալիևի կողմից դրված խնդիրների հետ, որովհետև Հայաստանի փաստացի վարչապետը կառավարվում է Ալիևի կողմից: Այսօր «Ուժեղ Հայաստանի» դեմ սկսված հերթական ճնշումների ալիքը կապված է Սամվել Կարապետյանի կողմից նախաձեռնված՝ ընդդիմադիր ուժերի քաղաքական կոնսուլտացիաների հետ, որոնք միտված են ընդդիմադիր քաղաքական դաշտի համախմբմանը: Ստալինի ժամանակ գիշերն էին տները մտնում, սրանց օրոք՝ առավոտյան ժամը 6:30-7:00-ին, ահաբեկում ընտանիքի անդամներին, երեխաներին: Սա վախի մթնոլորտ տարածելու, մարդկանց նվաստացնելու ոճ է: Ամենացավալին այն է, որ հանրությունը չի գիտակցում, որ ռեպրեսիոն մեխանիզմը, որ ստեղծվում է, միայն քաղաքական գործիչներին չի վերաբերում, այլ բոլորին, որովհետև այդ մեխանիզմը միշտ զոհեր է պահանջելու, որպեսզի աշխատի: Այս իշխանությունների սոցիալական պոպուլիզմը բերեց մեր այն բոլոր ողբերգություններին, որոնց մենք առնչվեցինք՝ սկսած 2018 թվականից:
- Արդյո՞ք ընդդիմությունը ճիշտ է անում, որ փորձում է մոբիլիզացիա ստեղծել Սահմանադրության շուրջ: Խնդիրն Անկախության հռչակագիրն է, չէ՞: Եթե քաղաքական պրոցեսները միավորման գաղափարի շուրջ են, տրամաբանական հակասություն է առաջանում: Արցախը մենք կորցրել ենք աշխարհաքաղաքական իրողությունների պատճառով և հետ կբերենք նույն այդ իրողությունների պատճառով: Արցախի վտարանդի կառավարությունը պետք է տեր կանգնի Արցախի իրավունքներին:
- Ալիևի և Թուրքիայի պահանջով մենք հանեցինք Արարատը մեր կնիքներից. վստահ եմ՝ այս իշխանությունը նաև մեր զինանշանն է փոխելու: Ալմա Աթայի հռչակագիրը պարտադրեցին, Արցախը կորցրեցինք, դրանից հետո հայոց պատմության դասագրքերը փոխեց, հանեց զոհված զինվորների նկարները պատերից, դպրոցներից, վստահ եմ՝ Ալիևի պահանջով ձերբակալել տվեց ռազմական հրամանատարներին… Դրանից հետո 500 000 մարդ ձայն տվեց իրեն: Այսքան նվաստացումներից հետո ժողովուրդը դուրս չի գալիս փողոց, և մենք դեռ մեր արժանապատվությունի՞ց ենք խոսում:
- Ընդդիմության պայքարի կարգախոսը հստակ պետք է լինի:
- Ինձ համար անձնապես Արցախի հարցը փակված չէ, և աշխարհաքաղաքական փոփոխությունների դեպքում Արցախի հարցը նորից օրակարգում կլինի, բայց դրա համար արցախցիները պետք է ունենան լեգիտիմ ներկայացուցիչներ:
- Անկախության հռչակագիրը ֆիզիկապես հնարավոր չէ փոխել: Այն իր կյանքով պիտի ապրի:
- Համաժողովրդական մոբիլիզացիա է պետք: Վերկուսակցական շարժում է պետք. կուսակցությունները հիմա երկրում փոփոխություն չեն կարող բերել:
- «Ուժեղ Հայաստանի» նկատմամբ տեռորը, կրկնում եմ, ուժեղացավ, որովհետև մարդիկ փորձեցին մոբիլիզացիայի հարց լուծել: Սահմանադրության հարցի շուրջ հանրությունը չի կարող մոբիլիզացվել, այլ բան է պետք: Միջազգային հանրության համար էլ պետք է ընկալելի լինենք, կոնտեքստից չպետք է դուրս գանք:
- Փաշինյանը երեկ հայտարարեց, որ 2027թ. կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել: Դրանից էլ է անհանգիստ, որովհետև եթե դրա արդյունքում գազը թանկացավ, իհարկե, բոլորիս է խփելու, բայց առավել շատ տուժելու են Փաշինյանին ընտրածները: Ինքը հասկանում է, որ ձմեռը կարող է դրսից պարտքեր վերցնելով, դոտացիաներ բերելով՝ գազի գնի հարցը լուծի, բայց գարնանն այլևս տարբերակ չի ունենալու: Դրա համար է փորձում Հայաստանում վախի մթնոլորտ ձևավորել, բայց ես չեմ կարծում, որ ինքը կկարողանա վախի մթնոլորտ ստեղծել:
- Ինձ թվում է՝ Փաշինյանի դեմ շարժման առաջնագծում լինելու են մարդիկ, ովքեր ձայն են տվել նրան, որովհետև տնտեսական ու սոցիալական հարվածի ծանր ալիքն առաջին հերթին նրանց է խփելու: Սրանք այն մարդիկ են, ովքեր ուրախանում էին, որ Փաշինյանը մարդիկ է կալանավորում, ունեզրկում, հետապնդումների ենթարկում…
- Հաց և տեսարաններ. Հիմա Հայաստանում իշխանությունների կողմից հենց այդ սցենարն են խաղարկում: Եվ դա որոշակիորեն աշխատում է:

- Գանք 2018թ. բռնի թավշյա հեղափոխությանը: Սկզբնական շրջանում մարդիկ չէին հավաքվում. փաբերից, բարերից ակտիվիստներ էին բերում: Ժողովուրդը հավաքվեց այն ժամանակ, երբ Հրապարակում սկսեցին խորոված անել և երբ Հայաստանի դրոշը փռեցին ու վրան սկսեցին բլոտ խաղալ… Այդ ժամանակ ես հասկացա, որ սա ժողովուրդն է: Այն տեսարանները, որ նա սարքում է՝ խաշի սեզոնի բացում, օրինակ, հանրության մի շերտ կա, որ դա ընդունում է… Նրանց համար ինքն իրենց մարդն է. սպիտակ վերնաշապիկով, կոստյումով ընտրության գնացող մարդկանց այդ հատվածը չի ընդունում:
- Հայաստանի պառլամենտական ընդդիմությունը քաղաքական առումով սխալ պատկերացումներ ունի. այս տարիների ընթացքում միայն ցույց են տվել՝ ինչքան վատն է Փաշինյանն ու իշխող խմբավորումը: Բայց դա չի նշանակում, որ իրենց վարկանիշը դրանից բարձրացել է: Օրակարգ ձևավորելու հարցում մենք խնդիրներ ունենք: Հանրության մյուս շերտերի հետ չեն խոսում:
- Իսկ ո՞վ ասաց, որ TRIPP-ն արդեն ամբողջ Հայաստանը չէ, և ամբողջ Հայաստանի 74%-ն արդեն ինչ-որ մասնավոր ընկերության չի պատկանում: Եթե կոմունիկացիաներն անցնելու են ամբողջ Հայաստանով, իսկ իշխանությունը կոնկրետ տարածք չի նշում, արդյո՞ք դա չի նշանակում:
- Այսօր ինձ համար հասկանալի չէ՝ տարբեր երկրների հատուկ ծառայություններն ինչ ներկայություն ունեն Հայաստանում արդեն լեգիտիմ ձևով: Չգիտեմ՝ արդյո՞ք նրանք արդեն սենյակներ ունեն Պաշտպանության նախարարությունում, Ներքին գործերի նախարարությունում, Արտաքին հետախուզական ծառայությունում:
- Մենք չգիտենք՝ հիմա Իրանում ով է որոշում կայացնում: Հիմնական ուժային կենտրոնի ներկայացուցիչները TRIPP-ի վերաբերյալ շատ ավելի կոշտ հայտարարություններ են անում ու ճիշտը հակառակը, քան նախագահը, արտգործնախարարը կամ դեսպանը: Եթե Իրանն այս վիճակից դուրս գա, կառավարման համակարգը կփոխվի, և Իրանի ազդեցությունը մեր տարածաշրջանում չափազանց մեծ է լինելու: Իհարկե, TRIPP-ը կարող է Իրանի համար լեգիտիմ թիրախ լինել, հատկապես որ, մենք չգիտենք՝ ինչ է TRIPP-ը: Ինձ համար պարզ չէ նաև՝ արդյո՞ք Փաշինյանն է Հայաստանը կառավարում, թե՞ Հայաստանը կառավարվում է դրսից, ինքը նրանց հրահանգներն է կատարում:
- Շատ կարևոր է, որ հիմնական ընդդիմադիր ուժերը հանրության հետ կարողանան խոսել պարզ, հասկանալի լեզվով. Ցավոք, այս խոսակցությունը չի ստացվում: Ռացիոնալ խոսակցություն է պետք, վախենալ պետք չէ հարցերից: Խոսողները շատ են, բայց արդյո՞ք այդ մարդիկ կոորդինացվում են ինչ-որ տեղից:
- Իսկ ինչո՞ւ չենք խոսում Հայաստանի տարբեր գործարարների մասին, ում գումարներն այլ երկրներում են գտնվում, և միգուցե դրա պատասխանը ստանալուց հետո նորի՞ց 2018թ. վերադառնանք:
- Հայաստանի իրական ղեկավարի՝ Ալիևի կողմից ճնշումներ կան: Պատահական չէ, որ նրա տեղապահը Հայաստանում՝ Փաշինյանը, նախ խոսեց մինչև 2031թ. Խաղաղության պայմանագիր կնքելու մասին, հետո փոխեց՝ 2027-ին: Փաշինյանն Ալիևին ցույց է տալիս, որ գործ է անում, ասում է՝ սպասե՛ք, ջախջախում եմ, հետո նոր ընդդիմություն կունենամ, կգնամ ընտրությունների, մեծամասնություն կունենամ, ինչ ուզում եք՝ կանեմ: Չի բացառվում, որ ժամանակ է շահում, հետո կգնա արտահերթ ընտրությունների, և եթե այսպես շարունակվի, ցավոք, ընդդիմությունը շատ ավելի վատ արդյունքներ կունենա, քան այսօր ունի:

- Ֆորմալ առումով բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր իշխանության մեջ չեն կամ նրանց հետ կոալիցիայի մեջ չեն, ընդդիմություն են: Նստենք, խոսենք: Էդ սեղանը կա՞, որի շուրջ պիտի նստենք:
- Եթե Բագրատ սրբազանը կարողանում է Հրապարակ լցնել, մարդիկ վստահում, գալիս են, ու ինքն ասում է՝ գիտեմ ինչ եմ անելու, բայց հետո ասում է՝ գնանք Պառլամենտ, ստորագրություն վերցնենք… ամբողջ արածը ջուրն է լցվում, մարդիկ հիասթափվում են: Երբ դու Հրապարակ ես լցնում, դու պետք է հստակ առաջարկ ունենաս: Մարդիկ նախապես պետք է հասկանան՝ ինչո՞ւ են հավաքվում:
- Ես կասկած չունեմ, որ Փաշինյանը ցանկացած գործիք կկիրառի, որ մարդկանց իրար դեմ հանի, եթե կարողանա: Արյուն էլ կփորձի թափել, բայց հնարավոր է՝ չկարողանա, եթե մարդիկ փողոց դուրս գան…
- Ամեն ինչ արվում է, որ ընդդիմությունը չմիավորվի, պառակտվի: Սամվել Կարապետյանին ԱԱԾ հատուկջոկատայինների կողմից տանելը հենց դրա մասին է:
- Իշխանության պահելու՝ Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, բայց ցանկացած բռնատիրություն երկար կյանք չունի: Տոտալիտար համակարգ ստեղծելու համար հանրության մեծ շերտի աջակցություն է պետք: Փաշինյանը հասկանում է՝ զարգացումներ են լինելու, որտեղ հանրային դժգոհություն է լինելու: Ակնհայտ է՝ նրան դրսից շտապեցնում են՝ ավարտին հասցնել գործը:
- Ես չեմ կարծում, որ Ռուսաստանին պետք է կտրուկ քայլերի գնալ, բայց կարծես թե Հայաստանում վարչապետ աշխատող անձն է սրում իրավիճակը:
Մանրամասները՝ տեսանյութում:

