Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան
2027 թվականի բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմին նախատեսված է տրամադրել 24 միլիարդ 250 միլիոն 396 հազար դրամ, ինչը 1 միլիարդ 656 միլիոն դրամով պակաս է 2026-ից։ Աժ-ում «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանն ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը։
Նա հայտնեց, որ այս բյուջեի շրջանակներում նախատեսվում է իրականացել 10 ծրագիր 47 միջոցառում։
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը նշեց, որ ծախսերի մեջ նախատեսված է միջազգային դատարաններում, արբիտրաժներում և այլ ատյաններում Հայաստանի շահերի ներկայացման ու պաշտպանությանն ուղղված իրավաբանական ու փաստաբանական ծառայությունները, որը կազմում է ահռելի թիվ՝ շուրջ 9 միլիարդ 508 միլիոն դրամ։
«Կարող եմ ենթադարել, որ սրանք հիմնականում պայմանավորված են միջազգային արբիտրաժներում քաղաքական բնույթի գործերի հետ։ Ըստ էության, Հայաստանում համապատասխան սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այս գումարները վճարեն։
Այս 9 միլիարդ 508 միլիոն դրամն ինչպե՞ս եք հաշվարկել, ո՞ր գործերի համար են նախատեսված»,- հետաքրքրվեց Ֆարմանյանը։
Լիլիթ Մակունցն ասաց, որ կոնկրետ գործերի վերաբերյալ զերծ կմնա մեկնաբանություններից, առաջարկեց գրավոր հարցում ուղարկել բովանդակային պատասխան ստանալու համար։
«Բյուջեի ծավալը պայմանավորված է մի շարք հանգամանքներով։ Հայաստանը, բնականաբար, պաշտպանելու է իր շահերը բոլոր միջազգային ատյաններում։ Մեծացող ծավալը պայմանավորված է գործերի ընթացքով, թե որ փուլում ինչպիսի ծախեր են նախատեսվում, աշխատանքի ինչպիսի ծավալ է նախատեսվում»,- ասաց Մակունցը։
Աղբյուրը` Panorama.am

