Թրամփի վարչակազմը առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր Կառլսոն
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ճնշման ներքո՝ Թրամփի վարչակազմը առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին։ Այս մասին գրել է ամերիկացի հայտնի հեռուստալրագրող, քաղաքական մեկնաբան և հաղորդավար Թաքեր Կառլսոնը։
Հարվածի թիրախը պետք է դառնա Իրանի կենտրոնական հատվածում գտնվող Փիքաքս լեռը, որտեղ, իսրայելական հետախուզության պնդմամբ, Իրանի կառավարությունը վերսկսել է միջուկային նյութերի հարստացման ծրագիրը։
ԱՄՆ-ի զինանոցում չկա սովորական սպառազինության որևէ տեսակ, որն ի վիճակի լինի ճեղքել 300 ֆուտ (մոտ 90 մետր) հաստությամբ ամուր գրանիտե շերտը և ոչնչացնել այն թունելները, որտեղ, ենթադրաբար, իրականացվում է հարստացման գործընթացը։
Միակ ռազմական տարբերակը միջուկային հարվածն է։ Նեթանյահուն ակտիվորեն պնդում է նման որոշում կայացնելու անհրաժեշտությունը։
«Բիբին այդ հարցով ամեն օր զանգահարում է Թրամփին»,- ասել է Թաքեր Կառլսոնը։

