6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը դեռ փակված չէ. «Հետք»
«Հետքը» գրում է. «Էջմիածնի 2711-ամյակի տոնակատարություններից 22 օր անց Վաղարշապատի համայնքապետարանը դեռ չի կարողացել կամ չի ցանկացել հանրությանը ներկայացնել, թե ընդհանուր որքան գումար է ծախսվել համայնքային բյուջեից միջոցառումների կազմակերպման համար: Փոխարենը համայնքապետարանի կայքում հետին ամսաթվով, հրապարակվում են համայնքի ղեկավարի առանձին որոշումները՝ տարբեր անձանց և ընկերություններին գումար փոխանցելու մասին։ Այդ որոշումները թույլ են տալիս մասամբ պատկերացում կազմել ծախսերի մասին, բայց չեն պատասխանում գլխավոր հարցին՝ որքան արժեցավ Էջմիածնի տոնակատարությունը հարկատուների համար։
2026 թ. հոկտեմբերի 8-ին Էջմիածնում կազմակերպվել էին համերգային ծրագիր, հրավառություն, թեմատիկ փառատոններ, մանկական ու ժամանցային միջոցառումներ և այլ ծրագրեր։ Մինչև միջոցառումների անցկացումը հայտնի էր միայն, որ համերգային ծրագրի բեմահարթակի և լուսավորության վարձակալության համար համայնքապետարանը «Իվենթ Պլատֆորմ» ՍՊԸ-ի հետ կնքել է 24 մլն դրամի պայմանագիր։
Տոնակատարություններից հետո միայն սկսեցին հրապարակել տարբեր ծառայությունների դիմաց վճարումների մասին համայնքի ղեկավարի որոշումները։ Ընդ որում՝ դրանք հրապարակվում են հետին ամսաթվով, երբ միջոցառումներն արդեն ավարտվել են, և հանրությունը փաստացի ստիպված է լինում առանձին փաստաթղթերից հավաքել համայնքային ծախսերի պատկերը։
Մասնավորապես՝ մի շարք որոշումների համարներ համայնքապետարանի կայքում հրապարակված են՝ առանց բովանդակության: Հետագայում դրանք լրացվում են և կորչում ընդհանուրի մեջ: Օրինակ՝ մինչև տոնական միջոցառումների օրը համայնքի ղեկավարի թիվ 1705 Ա որոշումն ուներ «Ֆին» վերնագիրը և դատարկ էր: Այժմ բովանդակությունը լրացվել է և պարզվում է, որ մոտ 5 մլն դրամանոց վճարում է:
Այս պահին էլ համայնքապետարանի կայքում դեռ կան դատարկ բովանդակությամբ որոշումներ՝ «սոց», «շինապրանքներ» վերնագրերով, որոնք կլրացվեն հետին ամսաթվով:
Հրապարակված որոշումներից տեղեկանում ենք, որ երգչուհի Իվետա Մուկուչյանի ելույթի կազմակերպման համար համայնքային բյուջեից վճարվել է 4 մլն 400 հազար դրամ, երգիչ Էրիկ Կարապետյանի համար «Լայթ Ափ Քոմփանի» ՍՊԸ-ին՝ 6 մլն 600 հազար դրամ, իսկ «Կամիֆրենդս Պրոջեքթ»-ի համերգի կազմակերպման համար՝ 2 մլն 500 հազար դրամ։ Հաղորդավարի ծառայության գինը կազմել է 300 հազար դրամ։
Միայն բեմահարթակի և լուսավորության վարձակալության պայմանագրի ու նշված համերգային ծառայությունների արժեքը կազմում է 37 մլն 800 հազար դրամ։ Սա դեռ տոնակատարությունների ամբողջական արժեքը չէ։
Հրավառության համար «Հոլիդեյ Դիզայն» ՍՊԸ-ին վճարվել է 4 մլն 997 հազար դրամ։
Մանկական և ժամանցային ծրագրերի համար նույնպես վճարվել է համայնքային բյուջեից։ Կավճանկարի, պղպջակների շոուի և հեքիաթների հերոսների ծառայությունների համար անհատ ձեռնարկատեր Գոհար Մարտիրոսյանին վճարվել է 220 հազար դրամ։ Բատուտի ծառայությունն արժեցել է 100 հազար, ֆոտոնկարահանումը՝ 160 հազար, իսկ հրավիրատոմսերի պատրաստումը՝ 280 հազար դրամ։
Բիոզուգարանների տեղադրման և սպասարկման համար «Փայլ Սերվիս» ՍՊԸ-ին վճարվել է 330 հազար դրամ։ Միջոցառման ընթացքում գեներատորի միջոցով էլեկտրական հոսանքի անխափան մատակարարումն ապահովելու համար անհատ ձեռնարկատեր Կարեն Խաչատրյանին փոխանցվել է 980 հազար դրամ։
Կրծքանշանների պատրաստման համար ծախսվել է մոտ 350 հազար դրամ, բաներների համար՝ 491 հազար դրամ։ «Պենո-Դեկոր» ՍՊԸ-ին դեկորների պատրաստման և տեղադրման դիմաց վճարվել է 995 հազար դրամ։ Էջմիածնի դրոշի գույներով կտորե գործվածք ձեռք բերելու համար ծախսվել է 308 հազար դրամ։
Տոնակատարությունների լուսաբանման համար անհատ ձեռնարկատեր Արսեն Հակոբջանյանին վճարվել է 700 հազար դրամ, իսկ շոկոլադե բատոնների ձեռքբերման համար «Փի Ընդ Դի Գրուպ» ՍՊԸ-ին՝ 241 հազար դրամ։
Միայն այս հրապարակված տվյալներով հնարավոր է առանձնացնել առնվազն 46 մլն 521 հազար դրամի պայմանագրեր ու վճարումներ։ Սակայն սա վերջնական թիվ չէ, քանի որ համայնքապետարանը չի ներկայացրել բոլոր ծրագրերի և ծառայությունների արժեքները։
Սա այն դեպքում, երբ համայնքում բազմաթիվ չլուծված հարցեր կան: Վատ վիճակում են ճանապարհները, Էջմիածնի կոյուղաջրերը ողողում են բազմաբնակարան շենքերի նկուղները: Ավարտին չեն հասցվում կիսակառույց մնացած մանկապարտեզները և այլն:
Ի՞նչ է թաքնված ամբողջական հաշվետվության բացակայության հետևում
Մինչև միջոցառումների մեկնարկը Վաղարշապատի համայնքապետարանին խնդրել էինք ներկայացնել տոնակատարությունների ծախսերի մանրամասն բացվածքը՝ առանձին նշելով համերգային ծրագրում ներգրավված կատարողների վարձատրությունը, սարքավորումների և պարագաների վարձակալության, հրավառության, թեմատիկ փառատոնների, ցուցադրությունների, ներկայացումների, մանկական ու ժամանցային ծրագրերի և մյուս ծառայությունների արժեքները։ Այդ ժամանակ հայտնել էին, թե ծախսերն ամբողջական չեն, պատրաստ լինելուն պես կտրամադրվեն: Սակայն, մինչ օրս չեն տրամադրել: Համայնքապետարանից ևս հաստատեցին, որ դեռ վճարումներն ամբողջական չեն:
Համայնքապետարանը հանրային միջոցների ծախսման մասին տեղեկությունները ներկայացնում է մասնակի՝ առանձին որոշումներով, այլ ոչ թե մեկ ամբողջական և հասկանալի հաշվետվությամբ։ Արդյունքում Էջմիածնի բնակիչները չեն կարողանում պարզել, թե իրենց համայնքի բյուջեից որքան գումար է հատկացվել քաղաքի տարեդարձին, ինչ ծառայությունների դիմաց են վճարվել այդ գումարները, և արդյոք հրապարակված վճարումները սպառում են միջոցառումների կազմակերպման բոլոր ծախսերը։
Տոնակատարությունների ավարտից հետո համայնքապետարանի պարտականությունը միայն կատարողներին ու ծառայություններ մատուցողներին վճարելը չէ, նաև հանրությանը հաշվետու լինելն է։ Մինչդեռ Էջմիածնի 2711-ամյակի դեպքում այդ հաշվետվողականությունը դեռևս սահմանափակվում է առանձին վճարումների մասին հետին ամսաթվով հրապարակվող որոշումներով։

