Վազելու ես Մոսկվա՝ ասես՝ սխալվել եմ, ղալաթ եմ արել, ընկել եմ ուրիշների խելքի՞ն. էս ծեծկռտուքը սարքեցիր՝ փակե՞ս TRIPP-ի վտանգը. դու էլ որոշող չե՛ս. Արտակ Զաքարյան
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ Պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Նիկոլ Փաշինյանը ողջունում է Խորհրդարանում իր խմբակցության խուլիգանությունը:
- Ես չեմ ողջունում ԱԺ-ում տեղի ունեցածը, բայց հասկանում եմ ընդդիմությանը. սա բնական ռեակցիան է այն ամենի դեմ, ինչ ժամանակ առ ժամանակ ՔՊ-ականները դրսևորում են Խորհրդարանում: Ծեծկռտուքը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է քաղաքական միտքը: Սա Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած TRIPP նախագծի շուրջ քննարկումների արդյունքն էր: Երեկ և այսօր էլ ճեպազրույցում Փաշինյանն ասում էր՝ ընդդիմությանն առաջարկ ունի… Սա՞ էր առաջարկը, ծեծկռտո՞ւքը… Ֆիզիկապես ուժը չափելու բոլորովին այլ տեղեր կան, և դա Խորհրդարանը չէ: Քաղաքական մտքի անկարողությունը գալիս է իշխանության սնանկությունից: Ընդդիմության հարցերը TRIPP-ի վերաբերյալ առարկայական էին, իշխանության պատասխանները՝ «ցրողական»:
- Տարածաշրջանում փորձում են փոխել ուժերի հարաբերակցությունը՝ ստեղծելով թուրքական ճանապարհ, մի հաղորդակցության միջոց, որը որևէ կերպ Հայաստանի անվտանգությունը չի ավելացնելու, հակառակը՝ մեծ հարցականի տակ է դնում այն: Ընդդիմությունը ճիշտ հարցադրումներ էր անում, երբ ասում էր՝ դուք տվեցիք ամեն ինչ, բայց խաղաղությունը չեկավ… Հիմա էլ Սյունիքի կարողություններն են հանձնում՝ դիմացը ոչինչ չստանալով: Դեռ խաղաղությունը մի կողմ թողնենք… Սյունիքը՝ որպես միջազգային տրանպորտային ուղիներից մեկը ձևավորող կարևորագույն շղթա, որը Հայաստանին դերակատարություն տալու հնարավորություն է տալիս, փաստացի իր գործառույթը չի կատարում:
- Զուտ քարոզչական նպատակով փորձում են ևս մեկ անգամ օգտագործել իրենց իսկ ստեղծած կեղծիքներն ու զրպարտությունները երջանկահիշատակ գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ: Վստահ եմ՝ Թուրքիայում, Ադրբեջանում, առհասարակ՝ որևէ երկրում, Մանվել Գրիգորյանին ու նրա նման մարդկանց շատ ավելի են հարգում, քան ՔՊ-ին: Աշխարհի որևէ երկրում դավաճաններին ու թույլերին օգտագործում են, բայց չեն հարգում… Իսկ գեներալ Մանվել Գրիգորյանը մնալու է մեր նորագույն պատմության մեջ:
- Ադրբեջանցիներն էլ են հասկանում՝ այս իրավիճակը երկար չի շարունակվելու, և Հայաստանը կարողանալու է իր օրակարգը ձևավորել ու իր ժողովրդի խաղաղ զարգացման համար կենսապայմաններ ստեղծել:
- Ադրբեջանում էլ վիճակը լավ չէ, դրա համար արագացնում են գործընթացները, բայց մեր իշխանությո՞ւնն ինչի է դրան տուրք տալիս: Ալիևին խաղաղություն պետք չէ, քանի դեռ Փաշինյանի իշխանությունն է, Ալիևն անընդհատ որևէ բան պահանջելու է, ուզում եք՝ 8 հատ TRIPP սարքեք… ինչ պահանջում է՝ դուք տալիս եք:
- Այն իշխանությունները, որոնք շարունակ խաբում են իրենց ժողովուրդներին, այդ իշխանության խոսքն արտաքին հարաբերություններում տեսակարար կշիռ չի ունենում: Իրենք են իրենց բերանով ասում՝ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների հարցով դիմել ենք, մերժել են: Մեր ժամանակ էլ է եղել, որ Սերժ Սարգսյանն իր գործընկերներին ինչ-որ բան է խնդրել, և դա արվել է: Եթե դու ունես հեղինակություն, վստահություն, խոսքդ էլ ՝ կշիռ, քո խոսքը հարգվում է: Երկրների ղեկավարների անձնական խոսքն ու կապերը միջազգային հարաբերություններում մեծ արժեք ունեն: Նիկոլ Փաշինյանի խոսքն արժեք չունի: Ասում է՝ «Թրամփի հեռախոսի՝ WhatsApp-ի համարն ունեմ, Մակրոնն եկավ, հեծանիվ քշեցինք, Թրամփն աջակցեց ընտրություններում…», հարց եմ տալիս՝ դա հայ ժողովրդին ի՞նչ տվեց: Բորիս Ելցինի ու Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական հարաբերությունները Հայաստանին օգուտ էին, Ռոբերտ Քոչարյանի և տարբեր երկրների ղեկավարների հետ հարաբերությունները շահեկան էին երկրի համար, Սերժ Սարգսյանի հարաբերությունները տարբեր երկրների ղեկավարների հետ կոնկրետ արդյունքների էին վերածվում մեր պետության համար՝ զենքի, սպառազինության, անվտանգության, տնտեսության համար: Բա Ալիևն ինչի՞ էր անընդհատ ասում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունները Հայաստանի օգտին էին, կամ՝ մեզ փակ դռների հետևում պարտադրում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը… Գլուխ էին գովում՝ ընտրություններում Փաշինյանին Թրամփն աջակցեց, Մակրոնն աջակցեց… նախընտրական աջակցությունն այնքան էլ լավ բան չէ, որովհետև դա գին ունի: Քեզ համար լավ է, դու ընտրվեցիր, բայց պետությունը դրա համար վճարելու է:
- Այսօրվա ծեծկռտուքի ծխածածկույթով փակվեցին Հայաստանի Հանրապետության առջև ծառացած նոր խնդիրները:
- Մեզ ոչ ոք ոչինչ այլևս չի հարցնելու: Ես դետալացված չգիտեմ՝ գետնի վրա վաղը որ TRIPP-ով ադրբեջանական կամ թուրքական բեռներ անցնեն, մեր մաքսային ու սահմանապահ ծառայությունները կարողանալո՞ւ են այնտեղ վերահսկողություն իրականացնել, տեսնել՝ ի՞նչ է տեղափոխվում, ի՞նչ նոր խարդավանքներ են հյուսվելու մեր դեմ… Պարզ չէ՞, որ այդ ճանապարհը Հայաստանն Իրանից կտրելու, Թուրքիայի ու Ադրբեջանի կապն ավելացնելու համար է, կամ մենք դրանից ի՞նչ օգուտներ ունենք: Ենթադրենք՝ դա ապաշրջափակման առաջին քայլն է, ինչպես իրենք են հայտարարում (չնայած դա այդպես չէ), ինչի՞ են դա Թուրքիան ու Ադրբեջանը դնում որպես խաղաղության պայման, ինչի՞ են նրանք նախևառաջ շահագրգիռ, ինչի՞ է ճանապարհն այդտեղով անցնում, թող Իջևանով անցնի, մեզ համար ավելի ձեռնտու է: Չգնացին ի սկզբանե այդ ճանապարհով, որովհետև խնդիրը Սյունիքն է, հատկապես՝ Արցախը կորցնելուց հետո, որը մեր անվտանգության վահանն էր, զրահաբաճկոնը, որը կորցնելուց հետո մենք հստակ տեսնում ենք՝ Հայաստանի անվտանգության համար ինչ խոցելի իրավիճակ է ստեղծվում…
- Ռուսական 102-րդ ռազմաբազան միշտ եղել է արտաքին ինտերվենցիայից զսպող հանգամանք: Պատմության մեջ առնվազն 3 անգամ Թուրքիան Հայաստան ներխուժման փորձեր արել է: Լևոն Տեր-Պետրոսյանի խնդրանքով է ռազմաբազան տեղակայվել Հայաստանում, և հետո ամեն անգամ դրա պայմանագիրը երկարաձգելն ունեցել է լուրջ հիմնավորումներ: Հիմա քամահրական ասել՝ ուզում եք՝ տարեք ռազմաբազան, ուզում եք՝ մի տարեք, չունի հստակ հաշվարկ: Պետք չէ՞՝ ասեք՝ հանի, եթե պետք է, ասեք՝ թող մնա: Նախ, այդ ռազմաբազային այլընտրանք չկա, հետո՝ մենք ո՞ւմ վրա ենք հույսներս դնում: Մեր տիպի երկրները դաշնակիցներ են փնտրում: Ակնհայտ է, որ հիմա երեք պետությունների՝ Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի պայմանավորվածությունների արդյունքում է աշխարհում ամեն ինչ փոխվելու: Ուկրաինայի կռիվն էլ է դրա համար, որ Եվրոպան էլ որոշում կայացնող լինի, բայց տեղ չեն տալիս: Եթե Ֆրանսիայի, Գերմանիայի պես երկրներին տեղ չեն տալիս, մեզ ո՞նց պիտի տան:
Հիշեցնենք. Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի գործողության ժամկետը երկարաձգվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին՝ 2010 թվականի օգոստոսի 20-ին Երևանում ստորագրված թիվ 5 արձանագրությամբ։
Այս փոփոխության արդյունքում բազայի տեղակայման ժամկետը սկզբնական 25 տարվա փոխարեն դարձել է 49 տարի (հաշվարկված 1995 թվականից), ռազմական ներկայության պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2044 թվականը, ընդլայնվել է բազայի գործառույթը. եթե նախկինում այն պաշտպանում էր միայն Ռուսաստանի շահերը, ապա 2010-ի փոփոխությամբ ամրագրվեց, որ ռազմաբազան ՀՀ զինված ուժերի հետ համատեղ ապահովում է նաև Հայաստանի անվտանգությունը։ Փաստաթուղթը վավերացվելուց հետո պաշտոնապես ուժի մեջ է մտել 2011 թվականի հուլիսի 6-ին։
- 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ բոլորը դատապարտում էին Ադրբեջանին, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ՝ Ադրբեջանի հարձակումը ողջունում էին բոլոր երկրները, անգամ մեր բարեկամ Իրանը: Մեզ դաշնակիցներ են պետք. թող ցույց տան՝ եթե Ռուսաստանը չէ, ապա մեր ռազմաքաղաքական դաշնակիցն ո՞վ է…ՆԱՏՕ՞-ն. առնվազն ծիծաղելի է: Եթե Թուրքիան է դաշնակից ման գալիս, Մեքքայի համաձայնագիր են կնքում, փորձում են Իրանին համոզել մտնել այդ դաշինքի մեջ, մենք ո՞վ ենք, որ մեզ դաշնակից անհրաժեշտ չլինի: Տեսա՛ք՝ հութիներն ինչպես և երբ սկսեցին հարվածել Սաուդյան Արաբիային:
- ՀԱՊԿ-ում մեր մնալն անհրաժեշտ է, որովհետև այն լրացուցիչ հարթակ է եղել Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները զարգացնելու համար: Հիմա որ ՀԱՊԿ-ից դուրս եկանք, ո՞ւմ աջակցությունն ենք ակնկալելու… Միացյալ Նահանգների՞, ով մեզնից 11 000 կմ հեռու է: Պարզ է, որ Ռուսաստանն էլ մեր սիրուն աչքերի համար չէ այստեղ: Որևէ երկիր այլ երկրի սիրուն աչքերի համար չէ որևէ բան անում, բոլորն իրենց շահերն են համադրում, դա է քաղաքականությունը: Արտաքին հարաբերություններն ու դիվանագիտությունը նրա համար են, որ կարողանաս քաղաքական շահերը համադրել: Եվրոմիությո՞ւնն է գալու, մեզ այստեղ պաշտպանի, երբ տեսնում ենք՝ այնտեղ ինչ է կատարվում: Աշխարհը փորձելու է Ռուսաստանի հետ լեզու գտնել: Հետո ի՞նչ ես անելու, վազելով գնալու ես Մոսկվա, ասես՝ սխալվել եմ, ղալաթ եմ արել, ընկել եմ ուրիշների խելքի՞ն: Լուրջ չէ սա: Դու պարտավոր ես խոսել քո ժողովրդի շահերից, ոչ թե քո անձնական պատկերացումներից:
- Կարծում եք՝ Եվրոպայում միամիտ մարդիկ են ու չե՞ն հասկանում Հայաստանի այս իշխանությունների անլրջությունը:
- Ուկրաինական պատերազմն ինչ-որ ժամանակ ավարտվելու է, ի՞նչ ենք անելու, մեր տնտեսությունն ինչի՞ հաշվին է զարգանալու: Եթե գազը թանկացավ, բիզնեսի մրցունակության հարցն ինչպե՞ս ենք լուծելու, մեր հարցերը ո՞նց ենք կարգավորելու: Իշխանությունը սկզբունք, առանցք ու նկարագիր պիտի ունենա: Իր վարած քաղաքականությունը պիտի անուն ունենա: Եթե դու վարում ես անանուն քաղաքականություն, քեզ ինչպե՞ս են դեր տալու… Լսելու ես, սպասես՝ քեզ ինչ են ասելու, որ անե՞ս… Դա դեր չէ, ծառայություն մատուցել է:
- Ալմա Աթայի հռչակագիրը ոչ մեկի պետք չէ, դու փորձում ես մի թուղթ գտնես, որ քո պարտությունն արդարացնես: Դու ի՞նչ ես անում… Քո ժողովրդի մոտ արդարանալու, քո ձախողումները քողարկելու համար քո երկրի շահերը երկարաժամկետ կտրվածքով դնում ես հարվածի տակ:
- TRIPP-ը դեռ իրականություն չի դարձել, կդառնա՞, թե՞ ոչ, դեռ պարզ չէ: Հաջորդ տարի ավելի պարզ կերևա՝ իրականության մեջ այն, ի վերջո, կգործի՞, թե՞ չէ: Էս պահին Իրանին ընդամենը պետք է վստահություն, որ այս իշխանությունը չեզոքություն կպահպանի: Հուսամ՝ այդպես էլ կլինի:
- Եթե հիշում եք, այս տարվա փետրվարին՝ Իրանում էսկալացիայի օրերին, Հայաստանում Ամերիկյան համալսարանը մի օր չաշխատեց: Դա ահազանգ էր, որ տարածաշրջանում ամերիկյան ցանկացած օբյեկտ կարող է Իրանի համար թիրախ դառնալ, ինչպես եղավ 2026 թվականի մարտի 5-ին, երբ իրանական տարածքից արձակված անօդաչու թռչող սարքերը հարվածեցին Նախիջևանի միջազգային օդանավակայանին… Հիմա մեծ է հավանականությունը, որ Իրանի դեմ նորից հարված կլինի: Եթե տարածաշրջանը խառնվեց, ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ դա կլինի միայն Իրան-ԱՄՆ բախում: Դա կարող է վերածվել շատ ավելի լայն պատերազմի: Այսօր Ադրբեջանը թիրախ է: Եթե նախորդ պատերազմում նրան հաջողվեց չեզոքություն պահպանել, հիմա դա կարող է չհաջողվել, որովհետև Իրանն իր գոյության կռիվն է տալիս:
- Ես Իսրայելին էլ եմ հասկանում այս գործընթացի մեջ, իրենք էլ իրենց անվտանգության հարցն են ուզում լուծել երկարաժամկետ կտրվածքում: Իրանի քաղաքականությունը, նրա հարևանությունը խնդիր է Իսրայելի համար: Հասկանում եմ նաև ամերիկացիների, ռուսների, անգլիացիների, Ֆրանսիայի անհանգստությունները: Բոլորի համար կա մեծ պրոբլեմ, որը բերում է ներքին խնդիրների:
- Մենք Ռուսաստանի գազից կախված երկիր ենք, պետք է շնորհակալ լինենք, որ ունենք քիչ թե շատ խելամիտ գնով գազ: Հայաստանի համար էներգետիկ, կոմունիկացիոն ու պարենային անվտանգության հարցը կարևորագույնն է դառնում: Կա նաև ներքին անվտանգության հարց:
- Իշխանությունն իրենց խորհրդարանական խուլիգանական դրսևորումները պետք է թարգի ու զբաղվի լուրջ գործերով:
- Եվրոպական մի շարք երկրներ արդեն հրապարակայնորեն խոսում են, որ Ռուսաստանի հետ հակադրվելը սխալ էր, ու спасайся, кто может… Եվ յուրաքանչյուրն այսօր փորձում է դեպի Ռուսաստան նոր պատուհաններ փնտրել:
- Շատ հնարավոր է, որ 2027թ. մենք ունենանք աշխարհակարգային նոր իրողություններ:
- Փաշինյանը ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս չի գալու. խաբում է հայ ժողովրդին, որ իր իշխանությունը պահելու համար ունենա արևմտամետ տրամադրված քաղաքացիների ու մյուսների ձայները: Իր խնդիրն իր իշխանությունը պահելն է, ու գինը կարևոր չէ: ԵԱՏՄ-ից դուրս չի գալու, դուրս գա՝ ո՞ւր մտնի՝ Թուրքախոս պետությունների կազմակերպությո՞ւն, որ այնտեղ ի՞նչ անի… Այդ կազմակերպությունում խոսում են միասնական այբուբենից ու մշակույթից… Հայաստանն այնտեղ ի՞նչ է անելու: ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանը բոլոր գործընթացներից դուրս կդնի:
- Ինչքան ուզում են, թող խոսեն, դրանից ՀՀԿ-ի իմիջը ո՛չ բարձրանում է, ո՛չ իջնում: Մենք մտածում ենք մեր պետության առջև ծառացած խնդիրների, մարտահրավերների մասին: Մնացած ամեն բան մեր հասարակության ուշադրությունը շեղելու համար է արվում, պետք չէ դրանց բանի տեղ դնել: Մեզ համար ցավն Արցախը կորցնելն է, ոչ թե այն, թե ով գնաց Հանրապետական կուսակցությունից… Այսօր ՀՀԿ-ում մնացել են իսկական հանրապետականները: Մեզ 2018-2019 թվականներին էլ էին նույն բանն ասում, թիրախավորում, նույն կեղծիքը տարածում մեր մասին, մենք ասում էինք՝ Արցախի մասին մտածե՛ք: Արդյունքը տեսաք՝ ինչ եղավ: Բավական է, 8-9 տարի է արդեն, զբաղվեք այս պետության անվտանգությամբ, որովհետև վաղը որ պետություն չլինի, արդեն կարևոր չի լինելու՝ ով ինչ է թալանել:
Մանրամասները՝ տեսանյութում:

