Հարբած ամուսին, մատանի… քաղաքական բռնարարների վերջին երեսպաշտությունը
168.am-ի առաջնորդողը.
«Խորհրդարանում քննարկվող «Ընտանեկան բռնության դեմ պայքարի» մասին օրինագիծն անտեսանելի խորհրդանշականություն ունի, որը, սակայն, ընտանիքի հետ իրականում կապ չունի:
Ցանկացած առողջ հասարակությունում ու պետությունում բռնությունը դատապարտելի և մերժելի է: Մյուս կողմից՝ ընտանեկան կամ որևէ այլ ձևաչափի բռնության դեմ հնարավոր է պայքարել, եթե ավելի բարձր, գլոբալ մակարդակում հանրային ու պետական կյանքը զերծ է բռնությունից, եթե երկիրն ապրում է հակաբռնության պայմաններում:
Հայաստանում մինչդեռ բռնությունը, ամենաբարձր մակարդակով պատվիրվող ու հովանավորվող բռնությունը հանրային կյանքի շարժիչ ուժերից մեկն է: Խոսքը քաղաքական բռնության մասին է, որը գրեթե մշտական ռեժիմով իրականացվում է իշխանության կողմից:
Շինծու մեղադրանքներով տասնյակ ընդդիմադիր գործիչներ, կուսակցության առաջնորդներ գտնվում են բանտերում: Դա իշխանության կողմից իրականացվող քաղաքական բռնության ցայտուն արտահայտություն է, որը տեխնիկապես դրսևորվում է իրավապահ մարմինների կողմից սարքվող մեղադրանքներով ու դատարանների կողմից դակվող վճիռներով:
Մեկ ընտանիքի պատանդ դարձած երկրում ընտանիքի մի անդամը բանտերը լցնում է իր համար քաղաքականապես վտանգավոր տղամարդկանցով, մեկ այլ անդամը՝ օրինագիծ է մշակում ընտանիքներում կանանց նկատմամբ բռնություն կատարող տղամարդկանց դեմ պայքարելու համար:
Բովանդակային իմաստով, իրենց կանանց նկատմամբ բռնություն կիրառող տղամարդիկ (որոնք, անկասկած, պետք է պատժվեն), անում են այն, ինչ օրինագծի հեղինակի ամուսինն անում է այլ մարդկանց դեմ՝ օգտագործելով իրավապահ ու դատական համակարգը: Համադրելիությունը, իհարկե, ուղիղ չէ, բռնությունը բռնություն է՝ անկախ բռնության ենթարկվողի սեռից ու կարգավիճակից:
Բռնությունն ու բռնության կոնյունկտուրային մեկնաբանությունն այսօրվա իշխանության պահպանման հիմքերից մեկն է: 2020թ. պատերազմում, 2023թ.՝ Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ հազարավոր հայ մարդիկ ենթարկվել են ամենաիրական ֆիզիկական ու հոգեբանական բռնության, ինչն այսօրվա իշխանությունը ոչ միայն մոռացության է մատնել, այլև համարում է որպես Հայաստանի «ինքնիշխանության վերականգնում»՝ ոչ բառացի, բայց իմաստային առումով արդարացնելով ադրբեջանցիների կողմից իրականացված բռնությունը հայերի նկատմամբ:
Արդարացնողն ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, հետևողականորեն բարոյահոգեբանական բռնության է ենթարկվել Ադրբեջանի նախագահի ու նրա մանկլավիկների կողմից: Ահա այդ բռնությունը, դրան պատասխանելու անկարողության պատճառով, Փաշինյանը փոխադրում, սուբլիմացնում է բոլոր նրանց նկատմամբ, ում հանդեպ ուժը պատում է:
Ընտանեկան բռնությունն ու դրա դեմ պայքարը կարևոր հարցեր են, որոնք, սակայն, արժեզրկվում են, երբ դառնում են կոնյունկտուրայի ու քաղաքական կեղծ օրակարգեր գեներացնելու միջոց: Հայաստանն ունի բռնության դեմ պայքարի կենսական անհրաժեշտություն, բայց որպես առաջնահերթություն՝ պետք է պայքարել քաղաքական բռնության դեմ՝ թույլ չտալով, որ առանձին վերցրած մեկ ընտանիք բարոյահոգեբանական բռնության ենթարկի հասարակության՝ դեռևս արժանապատվության նշույլ ունեցող հատվածին:
Հարություն Ավետիսյան

