Ցնցում կրիպտոարժույթների շուկայում. Ամենախոշոր կրիպտոբորսան ենթարկվել է հարձակման
Կրիպտոարժույթների շուկայում կտրուկ անկում է գրանցվել ամենախոշոր կրիպտոբորսայի հաքերային հարձակման մասին լուրերից հետո։ Binance-ը ենթարկվել է կրիպտոարժույթի պատմության մեջ ամենախոշոր հաքերային հարձակմանը։
BBC-ն գրում է, Binance-ը երեկ հայտարարել է, որ 6,3 միլիարդ դոլարի թվային ակտիվներ են տուժել հարձակման հետևանքով։ Այդ ակտիվների մոտ կեսը՝ 3 մլրդը սառեցվել է այլ հարթակների օգնությամբ։ Ընկերությունը հայտնել է, որ կփոխհատուցի բոլոր կորուստները։
Նախնական ստուգումները ցույց են տալիս՝ միջադեպը կարող է կապված լինել ինժեներներից մեկի՝ կոտրված նոութբուքի հետ, ինչը հարձակվողին թույլ է տվել առանց թույլտվության միջոցներ դուրս բերել։ Վերլուծական երկու ընկերություն միջադեպը, որն իր մասշտաբներով գերազանցում է 2025 թվականին Bybit բորսայի վրա կատարված և ռեկորդային՝ 1,5 միլիարդ դոլարի հասնող հարձակումը, վերագրել են հյուսիսկորեական TraderTraitor կոչվող հաքերային խմբավորմանը։
Արհեստական բանականությամբ աշխատող հետաքննությունների ընկերություն TRM Labs-ը զեկույցում նշել է, որ Binance-ի հարձակման մի քանի տարրեր նման են Հյուսիսային Կորեայի հետ կապված նախկին միջադեպերին, այդ թվում՝ Bybit-ի հաքերային հարձակմանը։
Լաբորատորիայի գլոբալ քաղաքականության ղեկավար Արի Ռեդբորդը BBC-ին ասել է, որ Binance-ի հաքերային հարձակումը «ջրադարձային պահ» է, այս ոլորտում նախադեպը չունեցող։ Ռեդբորդը հավելել է, որ հարձակվողը դեռևս պահում է գողացված ակտիվների հսկայական քանակություն, ինչը նշանակում է, որ միջոցները հետևելու և վերականգնելու ջանքերը դեռևս ավարտված չեն։
Աշխարհի ամենահայտնի կրիպտոարժույթի՝ Bitcoin-ի գինը հափշտակությունից հետո նվազել է մոտ 5 տոկոսով՝ հասնելով 77 000 դոլարի, BNB-ի դեպքում գնանկումը կազմում 7-9%, այն այս պահին վաճառվում է 688-700-ի դոլարի սահմաններում։
«Binance-ը խոշորագույն կենտրոնացված բորսաներից մեկն է, ուստի դրա նկատմամբ վստահության խաթարումը կարող է ցնցել բազմաթիվ մանր ներդրողների վստահությունը, ինչն էլ կարող է հանգեցնել կրիպտոակտիվների գների անկման»,-Al Jazeera-ին հայտնել է Սիդնեյի Macquarie համալսարանի կրիպտոշուկաների գծով փորձագետ Շոն Ֆոլին։
Binance-ը աշխարհի խոշորագույն կրիպտոարժութային բորսան է՝ ըստ առևտրի օրական ծավալի և օգտատերերի քանակի։ Այն հիմնադրվել է 2017 թվականին Չանգպեն Չժաոյի և Ի Հեի կողմից։ Պլատֆորմն ունի իր սեփական կրիպտոարժույթը՝ BNB (Build'N'Build), որն օգտագործվում է էկոհամակարգում գործարքների վճարների զեղչերի և տարբեր ծառայությունների համար։
Աղբյուրը` Panorama.am

