Գյումրիում ապրող Շիրակի գավառապետը որ գիրք կարդար, կիմանար, որ էդ «իվանների» շնորհիվ է 1921-ին Գյումրին ու էսօրվա Շիրակի մարզն ամբողջությամբ ազատագրվել ու մաքրվել թուրքական զորքերից. Էդուարդ Շարմազանով
«Հայ-ռուսական հարաբերություններում նոր լարվածություն է հասունանում. պատճառն ու առիթը Շիրակի ՔՊ-ական գավառապետն է, որը Գյումրիի օրվա միջոցառումներից հետո իր խոսքում ռուսներին արհամարհական «իվաններ» անվանումն է տվել»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ Գյումրիի օրվա միջոցառումներից հետո Շիրակի ՔՊ-ական մարզպետ Դավիթ Առուշանյանը քննադատել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը՝ իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրելով՝ «Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը չէ, իսկ գյումրեցիները ձեր «Իվանը» չեն»:
Այս արտահայտությունը միջազգային և դիվանագիտական սկանդալի պատճառ է դարձել: Մասնավորապես՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարեց, որ գրառման մեջ «իվանների» հիշատակումը ակամա հիշեցնում է նացիստական բառապաշարը և կարող է ազգային թշնամանք հրահրել:
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՔՊ-ական Դավիթ Առուշանյանի խոսքերը որակեց որպես «նեոնացիստական կարգախոս» և նշեց, որ նա դրանով նախևառաջ նվաստացրել է հայ ժողովրդին, իսկ ՌԴ Դաշնության խորհրդի սենատոր Վլադիմիր Ջաբարովն առաջարկեց արգելել Շիրակի մարզպետի մուտքը Ռուսաստանի Դաշնություն:

