Ի՞նչ «ընդդիմություն» է ուզում ձևավորել Փաշինյանը և ո՞ւմ հաշվին
Օրերս, տեղական ընտրություններում բրեժնևյան տիպի համակարգ հաստատելուց հետո, Նիկոլ Փաշինյանն, արդարանալով, թե ինչու այդպես ստացվեց, հայտարարեց, թե իբր դա ցույց տվեց, որ իրական ընդդիմություն չկար և պարտվեց դրսից ֆինանսավորվող ընդդիմությունը:
Փորձենք հասկանալ, թե ընդդիմադիր ուժերը որտեղից կարող են ստանալ ռեսուրսներ իրենց գործնեության համար:
Սովորաբար, դեմոկրատական երկրներում, որտեղ գործում է ընտրության ինստիտուտը, բոլոր քաղաքական ուժերը աջակցության ռեսուրս են ստանում երկրի գործարար շրջանակներից, հանրային կառույցներից:
Հայաստանում դա գրեթե չի գործել, քանի որ իշխանությունը հենց տեղում սկսել է ճնշել այն գործարարներին, ովքեր հանդգնում էին աջակցել ընդդիմադիր ուժերին:
Այդ պատճառով, հենց գործարարներն էին, իրենց դեմքով սկսում զբաղվել քաղաքականությամբ:
Մինչև 2018 թվականը, դա կիսով չափ թույլատրված էր:
2018-ից հետո, Փաշինյանը որոշեց այդ պատուհանն էլ փակել, որպեսզի ընդդիմությանը վերջնականապես զրկի ֆինանսական ռեսուրսներից:
Արդյունքում, քաղաքական դաշտում սկսեցին թափ հավաքել այն գործիչները, ովքեր սեփական ռեսուրսներ ունեին:
Այդ դեպքում էլ Փաշինյանի քարոզչական մեքենան սկսեց նրանց պիտակավորել «թալանչիներ» բնութագրմամբ, որը մասամբ սկսեց աշխատել:
Փաշինյանը կարողացավ վերացնել ընդդիմության ռեսուրսային ներքին բազան, փորձելով դառնալ Հայաստանի միակ բռնապետը, Կիմ Չեն Ինի օրինակով:
Իսկ ի՞նչ տարբերակներ կան դրսից ֆինանսավորման համար
Եթե Հայաստանում Փաշինյանին հաջողվել է արմատախիլ անել ընդդիմության համար ներքին ռեսուրսներն, ապա դրսի մասով նրան դեռ դա չի ստացվել:
Այստեղ ընդդիմությունն ունի ռեսուրսներ ստանալ երկու կենտրոն՝
-Մոսկվայից և
-Արևմտյան կենտրոններից:
Մոսկվայի տարբերակը
Մոսկվան, սովորաբար, նման ավանդույթ չունի՝ աջակցել այլ երկրի քաղաքական ուժերին և գերադասում է դա դնել իր մոտ գործող օլիգարխների վրա:
Հայաստանում այդ դերը դրվել է Սամվել Կարապետյանի վրա, որի համար էլ Փաշինյանը նյարդայնացած է:
Լավ է դա, թե վատ այս տարբերակը, հարցը հարաբերական պատասխան ունի:
Իհարկե, վատ է, եթե դա դիտարկում ենք Հայաստանի շահերից:
Սակայն այլընտրանքի բացակայության դեպքում, դա դառնում է չարյաց փոքրագույն տարբերակը, քանի որ Փաշինյանը ներքին բոլոր ռեսուրսներն իր վերահսկողության տակ է վերցրել և թույլ չի տալիս, որ երկրում ընդդիմությունն ունենա ռեսուրսային բազա:
Արևմտյան կենտրոնների տարբերակ
Արևմուտքն, ի տարբերություն Ռուսաստանի, ունի ավանդույթ՝ աջակցելու այլ երկրներում քաղաքական ուժերին:
Իհարկե, դա կատարվում է քողարկված ձևով, սակայն նպատակը մնում է նույնը:
Օրինակ, ԱՄՆ Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող Ժողովրդավարության ազգային հիմնադրամը (NED) շարունակում է աջակցել Հարավային Կովկասում քաղաքական կյանքին, լրատվամիջոցներին և քաղաքացիական հասարակությանը վերաբերող նախագծերին: Հիմնադրամի հրապարակված ընթացիկ դրամաշնորհների ցանկը թույլ է տալիս գնահատել ոչ միայն այս գործունեության մասշտաբները, այլև այն թեմաները, որոնք Կոնգրեսը համարում է առաջնահերթ տարածաշրջանի համար:
Ըստ տրամադրված տվյալների՝ Հայաստանին վերաբերող նախագծերը կազմում են մոտավորապես 2.8 միլիոն դոլար, մինչդեռ վրացական նախագծերը՝ ավելի քան 2.5 միլիոն դոլար, Ադրբեջանի փայաբաժինը կազմում է ընդամենը 1 մլն դոլար:
Այդ զեկույցից երևում է որ ամենաշատ ռեսուրսներն ուղղվում են հենց Հայաստան:
Հայկական դրամաշնորհների բովանդակությունը արժանի է հատուկ ուշադրության: NED ցանկը ներառում է նախագծեր, որոնք նվիրված են Հայաստանի արտաքին քաղաքականությանը և անվտանգությանը, Ռուսաստանի հետ հարաբերություններին, երկրի հետպատերազմյան շրջանին և Ղարաբաղից փախած հայերի քաղաքական ինտեգրմանը: Առանձին ֆինանսավորում է տրամադրվում Ղարաբաղի վերաբերյալ նյութերի հրապարակման և տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ քննարկումների առաջխաղացման համար: Այսպիսով, դրամաշնորհային գործունեությունը չի սահմանափակվում ժողովրդավարական ընթացակարգերի վերացական խթանմամբ, այլ անդրադառնում է ազգային ինքնության, արտաքին քաղաքականության և տարածաշրջանային հակամարտությունների գնահատման հարցերին:
Այս ամենի վերաբերյալ Փաշինյանի վերաբերմունքը դրական է, քանի որ ներկա պահին, այդ միջավայրից նրա իշխանությանը սպառնացող վտանգներ չկան:
Դրա համար էլ նրա քննադատական թիրախն ուղղված է բացառապես Մոսկվային, նույնիսկ այն դեպաքում, երբ ռուսական աջակցությունը քողարկված բնույթ ունի և կիրառվում է օլիգարխիկ համակարգի միջոցով, իսկ ամեևրիկյան տարբերակում այն կրում է բաց հրապարակային բնույթ:
Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Փաշինյանին չի հետաքրքրում, թե որտեղից են գալիս այդ ռեսուրսները:
Նրան հետաքրքրում է բացառապես իր իշխանության պահպահման խնդիրը:
Այսօր իր իշխանությանը վտանգում է ռուսական ուղղությունը, այդ իսկ պատճառով էլ նա դա համարում է լրտեսական: Վաղը, եթե նրա իշխանությաբնը վտանգի ամերիկյան հատվածը, նա բոցաշունչ մեղադրանքներ կհնչեցնի ամերիկացիների հասցեին:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Zham.am

