«Հրապարակ». Եթե մենք Փաշինյանին խանգարում ենք, նշանակում է` ազգային ենք, պետականամետ
«Հրապարակը» գրում է. «Կիրակի օրը 19 համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին, եւ արդյունքում ՔՊ-ական թեկնածուներն ու պրոիշխանական ուժերը հաղթանակ տարան, ինչը մեծ հրճվանք է պատճառել Նիկոլ Փաշինյանին, եւ նա ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ խոսել է դրա մասին։ «Խորհրդարանական ընտրություններին խոստացել էի, որ ռոբա-սերժա-կալուգա-կտրիճական ուժերը կամ մի բառով ասած՝ լրտեսական ուժերը, պատերազմի եռագլուխ, քառագլուխ կուսակցությունը պետք է ոչնչացվի: ՏԻՄ ընտրությունների արդյունքներով մենք տեսնում ենք, որ դա տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիների օգնությամբ եւ աջակցությամբ: Բայց մյուս կողմից՝ ուզում եմ անկեղծ եւ ուղիղ ասել՝ որպես 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնած մարդ՝ ես ամենեւին էլ երջանիկ չեմ, որ ՔՊ-ն մի շարք համայնքներում ստացել է 90+, 80+, 70+ ձայներ, որովհետեւ ինչքան էլ առաջին հայացքից հաճելի է թվում, բայց այս տոկոսները որոշակի ասոցիացիաներ են առաջացնում, բայց դրանք նաեւ առաջ են բերում ընդդիմության հարցը ՀՀ-ում:
Մենք պետք է ճիշտ գնահատենք իրավիճակը, մի կողմից մենք պետք է իսկապես արմատախիլ անենք Հայաստանից լրտեսական ընդդիմությունը, որը կառավարվում է դրսից, բայց մյուս կողմից ՀՀ-ն պետք է ունենա պետականակենտրոն ընդդիմություն»,- ասել է նա՝ ընդդիմությանը բաժանելով երկու մասի՝ «լրտեսական ընդդիմություն» եւ «պետականամետ ընդդիմություն»:
Ապա Նիկոլ Փաշինյանը խոսել է այն մասին, թե ինչ պետք է անի կառավարությունը, որ նոր որակի ընդդիմություն ձեւավորվի, ու ինքն էլ իրեն հակասել է, թե եզրակացությունն այն է, որ ոչ մի բան պետք է չանել, գործնական ու ակտիվ չլինել այս առումով, հակառակ դեպքում, հնարավոր է ընկնել ավելի վատ վիճակի մեջ, այն է՝ ՀՀ-ում նախկինում ձեւավորված վատագույն պրակտիկան վերականգնելու փորձի մեջ: «Հիշում եք՝ Հայաստանում կար «հաճախորդ» եւ «կառավարելի» ընդդիմություն. դա նույնքան աղետ է ՀՀ-ի համար: Բայց ես կարծում եմ՝ ՀՀ-ում պետք է ձեւավորվի նոր, պետականակենտրոն ընդդիմություն եւ իրական ընդդիմություն, որն իրական քաղաքական գործունեությամբ, ոչ թե լրտեսական գործունեությամբ զբաղվի: Այն, որ սա անհրաժեշտություն է, ակնհայտ է, բայց, մյուս կողմից՝ կառավարությունը չի կարող եւ չպետք է ընդդիմություն ստեղծի, որովհետեւ դա կլինի կառավարվող ընդդիմություն, կեղծ ընդդիմություն: Լուծումն այն է, որ ՀՀ ոչ իշխանական պետականակենտրոն ուժերն ակտիվանան: Մենք, բնականաբար, իրենց չենք կարող օգնել, աջակցել, բայց իրենց ոչ մի բանով չենք խանգարի եւ շահագրգռված ենք, որ ՀՀ-ում ձեւավորվի ընդդիմություն, որը գործում է ՀՀ շահերի վրա հիմնվելով, ՀՀ ժողովրդի շահերի վրա հիմնվելով եւ հենված է ժողովրդավարական արժեքների, ոչ թե ընտրակաշառքների [վրա] կամ որ գողացվածը, թալանվածը քաղաքականության մեջ ներդնելու եւ թալանվածը պաշտպանելու գործիք դարձնելու ուղղությամբ է գործում»,- ասել է նա: Ի դեպ, ժամանակին, երբ խորհրդարանում ՀԱԿ խմբակցությանը փոխարինեց «Ելքը»՝ Նիկոլ Փաշինյանի, Արամ Սարգսյանի եւ Էդմոն Մարուքյանի եռյակ դաշինքը, խոսվում էր, որ Սերժ Սարգսյանն իր համար ցանկալի ընդդիմություն է ձեւավորել՝ անցանկալի ընդդիմությանը դուրս մղելով դաշտից։ Այնպես որ, «հաճախորդ» բառը շատ հաճախ հենց իր մասին էին ժամանակին կիրառում։
Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը, մեզ հետ զրույցում խոսելով Փաշինյանի պատկերացրած ընդդիմության մասին, ասաց. «Նիկոլ Փաշինյանն անթաքույց կերպով Բաքվից եկած հանձնարարություններով է ղեկավարում երկիրը: Եթե Փաշինյանն ասում է, որ Հայաստանի ընդդիմությունը պետականակենտրոն չէ, ապա պետք է հասկանալ դրա ճիշտ հակառակը: Նիկոլ Փաշինյանին եթե խանգարում են, նշանակում է` ազգային են, պետականամետ են: «Մայր Հայաստան» կուսակցությունը, որ ընտրական պրոցեսի մեջ մտել է, կլինի Երեւան, Գյումրի, թե Վաղարշապատ, ցույց է տվել բարձր արդյունքներ: «Մայր Հայաստանը» Գյումրու իշխանափոխության կարեւորագույն դերակատարներից էր, առաջինը, որը հայտարարեց ընդդիմադիր թեկնածուին սատարելու մասին: Հենց այդ հանգամանքը պատճառ հանդիսացավ, որ հունիսի խորհրդարանական ընտրություններից առաջ Անդրանիկ Թեւանյանի դեմ շինծու եւ կեղծ մեղադրանք մոգոնեցին: Դա արվեց, որպեսզի կանխվի Գյումրի-2 տարբերակը:
Այսինքն` այն, ինչ Փաշինյանի ծրագրերին խանգարում է, հենց դա է ազգայինն ու պետականակենտրոնը:
Եթե այս ամենին նայում ենք նաեւ կիրակի օրվա ՏԻՄ-երի կոնտեքստում, ապա հարց է առաջանում՝ եթե 2021 թվականից հետո ՏԻՄ-երում հիմնականում հաղթում էր ընդդիմությունը, ինչից հետո կալանավորվեցին Մամիկոն Ասլանյանը, Վարդան Ղուկասյանը եւ այլն, իսկ Փարաքարի համայնքապետին սպանեցին, եւ մինչ այս պահը պարզ չէ, թե ում պատվերով, ինչպե՞ս ստացվեց, որ այս ընտրություններում բարձր տոկոսով ձայներ ստացան: Եթե ընդդիմադիր ուժերի հետ այդպես են վարվում, բանտարկում ու սպանում են, ապա էլ որտեղի՞ց պետականակենտրոն ընդդիմություն: Համատիրությունների ղեկավարներին հարկադրում են հրաժարականներ ներկայացնել, այդ ճանապարհով սպառնում են մարդկանց: Նիկոլ Փաշինյանի պատկերացրած պետականակենտրոնն Ալիեւի հրահանգների կատարումն է»:

