Փակվող շուկաներ և սպառնացող կոլապս. Տնտեսական վստահության ճգնաժամ
168.am-ի անդրադարձը.
«Հայաստանի տնտեսության նկատմամբ վստահությունը գնալով նվազում է։ Հայ-ռուսական հարաբերությունների լարվածությունը և դրա հետևանքները տնտեսության վրա լուրջ խնդիր է համարվում տնտեսական աճի համար։
Որպես հակակշիռ՝ եվրոպական շուկա մտնելու հեռանկարները, նույնիսկ առևտրային արտոնյալ ռեժիմների շնորհման պայմաններում, մնում են խիստ անորոշ։
Մինչ եվրոպական շուկան շատ հեռու է փոխարինելու ռուսականին՝ Հայաստանի տնտեսությունն արդեն մի քանի ամիս լուրջ վնասներ է կրում ռուսական շուկայի սահմանափակումների հետևանքով։ Ինչքան էլ իշխանությունները փորձում են դա քողարկել՝ չեղած արտահանումների տակ տպավորություն ստեղծել, թե այդ սահմանափակումների պայմաններում հաջողությամբ արտահանման դիվերսիֆիկացիա են իրականացնում, քչերը կարող են դրան հավատալ կամ լուրջ ընդունել։
Գյուղացին տեսնում է, որ իր արտադրանքը մնում է դաշտում, ծառերին, չկա նախկին պահանջարկը։ Ու դրա պատճառը գերազանցապես ռուսական շուկա արտահանման հետ կապված դժվարություններն են։
Հայկական բազմաթիվ ապրանքների արտահանման հիմնական շուկան տարիներ շարունակ եղել է Ռուսաստանը։ Երբ ռուսական շուկայում սահմանափակումներ են դրվում դրանց վրա, այն ուղղակիորեն ազդում է ոչ միայն տնտեսության, այլև տնտեսության ապագայի նկատմամբ գործարարների, առավել ևս՝ պոտենցիալ ներդրողների վստահության վրա։
Ներդրումներ անելու կարևոր նախապայմաններից մեկն իրացման շուկաների առկայությունն է։ Հայտնվելով իր հիմնական շուկայից զրկվելու վտանգի տակ՝ վտանգվում է վստահությունը տնտեսության նկատմամբ։
Վերջերս ներկայացնելով իր կանխատեսումները Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ, Ասիակական Զարգացման Բանկը մի կարևոր իրողություն էր արձանագրել. Բանկի գնահատումներով, տնտեսության մեջ իրականացվող ներդրումների աճը կտրուկ դանդաղել է։ Նախորդ տարվա ավելի քան 25 տոկոսից իջել է ընդամենը 0.4 տոկոսի։ Այսինքն՝ գրեթե դադարել է։
Ռուսաստանի սահմանած ներմուծման սահմանափակումներն ու տարածաշրջանային հակամարտությունների պատճառով ստեղծված առևտրային կապերի խաթարումները մեծացրել են ճնշումը տնտեսական աճի վրա։ Աճի հիմնական հույսը մնում են շինարարությունն ու ծառայությունները։ Այնինչ իրական տնտեսության վիճակը գնալով ծանրանում է։ Որոշ վիճակագրական աճեր դեռ երևում են արդյունաբերության մեջ, բայց դրանք մեծապես կախված են մեկ ճյուղից։ Վերջին շրջանում դա էլ սկսել է դժվարությամբ քաշել արդյունաբերության աճը։ Չնայած այդ աճը ոչնչով չի փոխում իրավիճակը տնտեսության այդ առանցքային հատվածում։ Այն առաջիկայում կարող է շատ ավելի լուրջ դժվարությունների առաջ կանգնել։
Ընդհանրապես անհույս է գյուղատնտեսության վիճակը։ Անկման տեմպը հասնում է 12 տոկոսի։ Բայց դա էլ կարծես վերջը չէ։ Այն խորացման միտում ունի։
Գյուղատնտեսության ոլորտի խնդիրներն ավելացել են հատկապես արտահանման սահմանափակումների պատճառով։ Նախկինում արտադրանքն անխոչընդոտ գնացել է ռուսական շուկա։ Այս տարի ռուսական շուկան փակվել է ու շատերին դրել անելանելի դրության առաջ։ Բազմաթիվ գյուղացիական տնտեսություններ բախվել են իրենց արտադրանքն իրացնելու դժվարությունների հետ։ Եթե նույնիսկ ինչ-որ կերպ իրացնում են, շատ հաճախ եկամուտ չեն ստանում՝ իրացման ցածր գների պատճառով։ Կառավարությունն էլ գյուղացու ձեռքը բռնելու փոխարեն՝ նախապատվությունը տվել է նրանց, ովքեր բերքի աճեցման հետ բացարձակ կապ չունեն։ Արդյունքում ստեցվել է այնպես, որ գյուղացին տուժում է, օգտվողներն՝ օգտվում։
Բայց այն վնասները, որոնք այսօր կրում են գյուղացին ու գյուղմթերք արտադրողները, մանրուք են այն ամենի նկատմամբ, որոնց առաջ շուտով կարող է կանգնել գյուղատնտեսությունը։ Այդ դեպքում գյուղատնտեսությամբ զբաղվելը կդառնա պարզապես անիմաստ։ Հայկական գյուղմթերքը կկորցնի ոչ միայն ռուսական շուկան, այլև Հայաստանում իրացվելու հնարավորություն չի ունենա։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ տեղի կունենա, եթե ջերմոցային տնտեսությունների համար գազի գինը, շատ չէ, 20-30 տոկոսով բարձրանա։ Այդ ջերմոցներում այլևս անիմաստ կլինի որևէ բան աճեցնելը, որովհետև աճեցրած ապրանքի ինքնարժեքն այնքան կթանկանա, որ ընդհանրապես սպառում չի ունենա, ընդ որում, ոչ միայն դրսում, այլև ներսում։ Ներսում հայկական գյուղմթերքին կփոխարինի, ասենք՝ թուրքական լոլիկը, վարունգը, մյուս ջերմոցային մթերքները։ Իսկ կառուցած ջերմոցները ստիպված կլինեն քանդել։
Արդեն խոսակցություններ կան, որ որոշ ջերմոցատերերը մտադիր են տեղափոխվել ու իրենց գործունեությունն իրացնել Ռուսաստանում՝ և արտահանման խոչընդոտ չեն ունենա, և իրացման հիմնական շուկային մոտ կլինեն։
Այս տխուր հեռանկարը միայն ջերմոցային տնտեսություններին չի սպասում։ Նույն խնդրի առաջ են կանգնելու նաև վերամշակող ընկերությունները։ Այսօր դրանք ինչ-որ չափով կարողանում են ջրի երեսին մնալ զուտ այն բանի շնորհիվ, որ էժան գազ են վառում, ինչպես ջերմոցային տնտեսությունները։ Գրեթե կիսով չափ ավելի էժան, քան քաղաքացիները։ Ու եթե գյուղմթերք վերամշակող ընկերությունների համար էլ գազը մի 20-30 տոկոսով թանկացավ, նրանց արտադրանքն էլ է կորցնելու իմաստը։ Այդ արտադրանքը ոչ մեկին պետք չի լինելու, որովհետև դառնալու է անմրցունակ։ Շատերը ստիպված են լինելու փակել իրենց ընկերությունների դռներն ու դադարեցնել գյուղմթերքի մթերումները։
Գյուղատնտեսությունն ամբողջական շղթա է, և երբ շղթան մի օղակում կտրվում է, ամբողջ շղթան կանգ է առնում։ Անիմաստ է դառնում գյուղացու համար գյուղմթերք աճեցնելը, եթե չի կարողանալու այն արտահանել, չի կարողանալու իրացնել ներքին շուկայում, չկա մթերող, ու միայն վնասներ է կրում։
Գյուղատնտեսության համար դա լինելու է վերջը։ Տեղական գյուղմթերքին, նաև վերամշակվող, փոխարինելու է ներմուծվողը։ Այսօր էլ հայկական գյուղմթերքը, գնային առումով, չի կարողանում մրցակցել ներմուծվողի հետ, որովհետև դրանք անհամեմատ ավելի էժան են։ Որակի հաշվին որոշ սպառում հաջողվում է ապահովել, բայց դա չի կարող փակել ծախսերը։
Ներքին շուկայի այդ բացը լրացվում է արտահանման հաշվին։ Բայց երբ արտահանումն էլ է դառնում խնդրահարույց, այլ բան չի մնում, քան փակել դռներն ու դադարել արտադրելը»։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

