Որ Արցախը հանձնում էին, գոհ էր, իսկ հիմա Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, որն աշխատանքի է անցել Policy and Management Consulting Group (PMCG) միջազգային խորհրդատվական ընկերությունում՝ որպես ավագ խորհրդական, ըստ լուրերի՝ ոչ մի կերպ չի հաղթահարում Նիկոլ Փաշինյանից նեղացածությունը։
Նա մտերիմների շրջանում չի թաքցնում դժգոհությունը եւ ասում է, որ Արեւմուտքն իրեն որպես Փաշինյանի այլընտրանք էր դիտարկում, դրա համար էլ իրեն առանց որեւէ պատճառի հեռացրեց աշխատանքից։ Գրիգորյանի հարազատներն ու ընտանիքի անդամներն էլ են ամենուր քննադատում Նիկոլ Փաշինյանին, որ իրենց տղային օգտագործել է ու դեն շպրտել։
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանն ազատվեց օգոստոսին, նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց Ալեն Սիմոնյանը։ Բայց եթե Գրիգորյանի ժամանակ այդ պաշտոնը կարեւոր ստատուս ու նշանակություն ուներ երկրում, հիմա այն մղվել է երկրորդ պլան։
--
Մեր կողմից.
Հիշեցնենք, Արմեն Գրիգորյանը ծնվել է Արցախում, նա սպասարկել է Նիկոլ Փաշինյանի շահերը, այդ թվում՝ երբ Փաշինյանը ուրացավ Արցախը, նույն Արմեն Գրիգորյանը հաշտ էր այդ ամենի հետ, հիմա՝ տեսեք-տեսեք դժգոհ է, իրեն օգտագործել ու մի կողմ են նետել: Բայց մի՞թե նմանների ճակատագիրը բոլոր ժամանակներում դա չի եղել:

