Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից․ Բորդյուժա
Հայաստանին պետք է հեռացնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), քանի որ այն չի մասնակցում կազմակերպության աշխատանքներին, սակայն նրա հետ պետք է համաձայնեցնել բոլոր որոշումները։ Այս մասին РИА Новости-ին հայտարարել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
«Եթե նրանք կասեցնում են իրենց մասնակցությունը, բայց դուրս չեն գալիս կազմակերպությունից, ապա շարունակում են մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամներ։ Եթե նրանք ՀԱՊԿ լիիրավ անդամներ են, նշանակում է՝ բոլոր որոշումները, իսկ ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, պետք է ընդունվեն՝ հաշվի առնելով նաև նրանց դիրքորոշումները։ Իսկ այդ դիրքորոշումն այսօր, ըստ էության, հակասում է ՀԱՊԿ-ում իրականացվող գործողություններին»,- պարզաբանել է Բորդյուժան։
Նրա կարծիքով՝ Երևանի կողմից պատշաճ քայլը կլիներ ՀԱՊԿ-ից ամբողջությամբ դուրս գալը, իսկ եթե Հայաստանը դա չի անում, ապա կազմակերպությունը պետք է հեռացնի նրան իր կազմից։
«Ես նրանց կհեռացնեի։ Անդամավճարներ չեն վճարում, մասնակցություն չեն ունենում։ Եթե լուրջ խոսենք, ապա նրանք պարզապես պետք է դուրս գան կազմակերպությունից, եթե լուրջ գործընկերներ են։ Բայց քանի որ նրանց դիրքորոշումը երկակի է՝ ոչ դուրս գալ, ոչ աշխատել, չմասնակցել և չցանկանալ մասնակցել, նրանց պետք է հեռացնել»,- կարծում է Բորդյուժան։

