Շիրակի մարզպետը՝ իր մանկության սիրելի ֆիլմերի հակահերոսների՝ ֆռիցի դերո՞ւմ
Դերենիկ Մալխասյանը նկատում է. «Ռուսաստանի հետ հերթական դիվանագիտական սկանդալի հերոսն այս անգամ ոչ ավել, ոչ պակաս՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն է։
Գործող մարզպետը, բնականաբար, փոքր տարիքում պատերազմական կռիվ-կինոներ շատ է նայել և մինչև օրս մնացել է տպավորության տակ՝ կրկնօրինակելով ֆրիցների մոտ տարածված՝ ռուսներին «Իվան» անվանելու ձևը։
Բնականաբար, անհետևանք չէր կարող մնալ պաշտոնյայի ֆեյսբուքյան գրառումը, որին շատ խիստ արձագանքել է Ռուսաստանի դեսպանատունը։
Չեմ կարծում, թե այս դեպքում տեղին է ծերուկ Ֆրեյդի ասածը, ըստ որի՝ բացառված չէ, որ այդ տարիներին ներքուստ համակրել է ֆռիցներին (պատերազմի ժամանակ գերմանացիներին այդպես էին անվանում)։ Համոզված եմ՝ մանուկ և պատանի տարիներին, այսինքն՝ մինչև հեղափոխությունը, նա ավելի քան համակրել է Կարմիր բանակին։
Հասկանալի է՝ հիմա հակառուսական երևալու մոլուցքը տարածված երևույթ է ՔՊ-ական պաշտոնյաների շրջանում։
Բայց տեսնես գլխի ընկե՞լ է, որ իր արածը կարող է համարվել ազգային հողի վրա անհանդուրժողականության ու թշնամանքի հրահրման փորձ։
Ռուսաստանում բնակվող միլիոնավոր մեր հայրենակիցները, կարծում եմ, հստակ գիտակցում են, որ եթե իրենց ինչ-որ մի օր տարբեր որակումներով հետապնդեն ու դեպորտ անեն, իրականում ովքեր են նաև այս ամենի մեղավորները։
Շիրակի մարզպետին ու մյուս ՔՊ-ական պաշտոնյաներին կարող են մի 50 տարով արգելել Ռուսաստան մուտք գործել, բայց իրենց կյանքում հիմա դրանից դժվար թե էական բան փոխվի։ Սակայն հազարավոր անմեղ մարդիկ անպատասխանատու պաշտոնյաների պատճառով կարող են հայտնվել լուրջ բարդությունների առաջ»։

