Կարեն Ասլանյանը լարված պայքարում հաղթեց թուրքին և նվաճեց ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) դարձավ չեմպիոն։
31-ամյա ըմբիշը եզրափակիչում անչափ լարված պայքարում 8:4 հաշվով հաղթեց ադրբեջանցի Նիհադ Մամադլիին։
Արժե նշել, որ մենամարտի հենց սկզբում թուրք մարզիկը գերակտիվ սկսեց ու կարողացավ 4 միավորանոց հնարք կիրառել, սակայն Կարեն Ասլանյանն էլ «տակ չմնաց» ու նույն մարտադրվագում հակահնարքով նույնպես միավորներ վաստակեց: Իսկ դրանից կարճ ժամանակ անց արդեն Կարենը անցավ հարձակման ու կարողացավ ճարպիկ հնարքով մրցագորգին տապալել ախոյանին՝ վաստակելով 4 միավոր ու հաշիվը դարձնելով 7-4:
Դա իսկապես եզրափակչային մրցամարտ էր. անզիջում, համառ, երկուստեք ակտիվ: Որքան էլ տարօրինակ չհնչի, ադրբեջանական ըմբիշը կեղտոտ հնարքների չդիմեց, ինչը մեկ անգամ չէ, որ տեսել ենք տարբեր մրցումների ժամանակ այդ թշնամական երկրի ներկայացուցիչների կողմից:
Իսկ մրցամարտի վերջին մոտ Կարեն Ասլանյանին հաջողվեց նաև մրցակցին գորգից դուրս թողնել ու ևս 1 միավոր վաստակել՝ ամրագրելով հաղթանակն ու աշխարհի չեմպիոնի տիտղոսի նվաճումը:
Ասլանյանը կարիերայում առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։ Հայ ըմբիշը նախկինում եղել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն է, չորս անգամ էլ բրոնզե մեդալ է նվաճել։

