Այս նախագծի հիմնական շահառուն Ադրբեջանն է, այնուհետև՝ Թուրքիան․ Լևոն Քոչարյանը՝ TRIPP-ի մասին
«Այս կարևորագույն հարցերի քննարկման ընթացքում, որը դուք այսօր տեսաք, TRIPP-ի հետ կապված մեր մտավախությունների, կարծում եմ՝ արդարացի մտավախությունների վերաբերյալ ՔՊ-ական պատգամավորներն անընդհատ ասում են՝ փորձեք մեծ պատկերը տեսնել, այս ամենի մեծ պատկերը։
Գիտե՞ք՝ ինչպիսին է այդ մեծ պատկերը։ Ինչքան էլ մեծացնենք կամ փոքրացնենք պատկերը, այդ մեծ պատկերի մեջ ամենակարևորը, որ երևում է, այս նախագծի հիմնական շահառուն է։ Խնդրում եմ՝ անկեղծ լինենք։ Այդ շահառուն Ադրբեջանն է, այնուհետև՝ Թուրքիան։
Բնականաբար, ուղղակի կարելի է քարտեզին նայել և հասկանալ, թե ում է նախևառաջ պետք այդ ճանապարհը։
Այստեղ նոր բան չենք հորինում, նոր բան չենք մտածում։ Եվ որպեսզի հասկանաք, թե այս ճանապարհն ինչքան կարևոր է Ադրբեջանի համար, հիշեցնեմ՝ ժամանակին նրանք պատրաստ են եղել այդ ճանապարհը ստանալու դիմաց ճանաչել Արցախը Հայաստանի կազմում, ոչ թե անկախությունը, այլ Արցախը՝ Հայաստանի կազմում։ Այս հարցի շուրջ բանակցություններ են եղել, նույնիսկ փաստաթուղթ է ձևավորվել»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Մանրամասն՝ Yerevan.today-ի տեսանյութում։

