Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ կիրառված ազատ խոսքի սահմանափակումները վերացվեցին
«Այսօրվա դատական նիստին դատարանը բավարարեց մեր միջնորդությունը և որոշեց վերացնել Նարեկի և Վազգենի նկատմամբ կիրառված ազատ խոսքի սահմանափակումները։ Դրանք ընդհանուր առմամբ տևեցին շուրջ 1 տարի»,-հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանն էլ հայտնել է. «Մեր հանդեպ կիրառվող վարչական վերահսկողությունը վերացվեց, վաղը վերադառնում ենք «Իմնեմնիմի»»։
Հիշեցնենք, որ փոդքասթի համահեղինակների դեմ քրեական հետապնդում հարուցվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցից հետո։ Դրան հաջորդող փոդքասթում Վազգեն Սաղաթելյանը բարձրաձայն կարդաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը, որը նրանց անվանել էր «շան որդիներ»։
2025 թվականի դեկտեմբերի 11-ին Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակը հրապարակել էր 1-ին մակարդակի ահազանգ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի կալանավորման, ինչպես նաև Antifake TV-ի գույքի առգրավման վերաբերյալ:
Իրավապաշտպաններ, քաղաքական ու հասարակական շատ գործիչներ համարում են, որ սա ազատ խոսքի դեմ իրականացրած գործողություններ են, որոնց նպատակն է լռեցնել Սամսոնյանին, Սաղաթելյանին։

