ԵՊՀ-ում ձերբակալություններ են. Ամբիոնի վարիչներ են ձերբակալվել
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալու մեղադրանքով և ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով:
«Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք կարող տրամադրել»,-այս մասին Panorama.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին կոմիտեից։
Panorama.am-ի տեղեկություններով, ձերբակալված մյուս երկու անձինք ենթադրյալ կաշառք տվողներն են։
Նշենք, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը Վարդան Այվազյանն է, իսկ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչը պրոֆեսոր Էդիկ Մինասյանն է, ԱԺ նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի եղբայրը։ Ուշագրավ է, որ թե Վարդան Այվազյանը, թե Էդիկ Մինասյանն աչքի են ընկնում ընդդիմադիր հայացքներով։

