«Խաղաղության» բորենին նորից ոռնացել է
«Մենք ազատագրեցինք Հայաստանի օկուպացիայի տակ գտնվող մեր տարածքները, վերականգնեցինք արդարությունը, վերականգնեցինք մեր արժանապատվությունը»։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Միջմշակութային երկխոսության VII համաշխարհային ֆորումի բացման ժամանակ։
«Մեր գլխավոր նպատակը եղել է տարածքային ամբողջականության վերականգնումը, Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական հողերի ազատագրումը։
Ինչպես ձեզանից շատերին է հայտնի, երկար տարիներ շարունակված բանակցությունները որևէ արդյունք չտվեցին։ Իրականում բանակցային ձևաչափն այնպես էր կառուցված, որ հակամարտության կարգավորում նախատեսված չէր, ընդհակառակը՝ նախատեսվում էր այն սառեցնել։
Ակնհայտ է, որ այս հարցի շուրջ գոյություն ուներ առաջատար համաշխարհային տերությունների համաձայնությունը։ Սակայն նրանց սխալ հաշվարկը միայն այն էր, որ նրանք սխալ էին գնահատել ադրբեջանական ժողովրդի տրամադրությունները և Ադրբեջանի կառավարության ծրագրերը։
Մենք մտադիր չէինք մնալ օկուպացված երկիր, ժողովուրդ, որի տարրական մարդու իրավունքները հավերժ կխախտվեին։ Մենք բանակցություններին մասնակցում էինք անկեղծությամբ և հույսով։ Սակայն, երբ տեսանք, որ այդ գործընթացը որևէ արդյունքի չի հանգեցնում, որոշեցինք հարցը կարգավորել՝ ելնելով մեր օրինական իրավունքներից, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությունից և դրա 51-րդ հոդվածով ամրագրված ինքնապաշտպանության իրավունքից։
Մենք պաշտպանեցինք ինքներս մեզ, ջախջախեցինք թշնամուն, ազատագրեցինք Հայաստանի կողմից 32 տարի շարունակ «օկուպացված» մեր տարածքները, վերականգնեցինք արդարությունն ու մեր արժանապատվությունը և կատարեցինք միջազգային իրավունքի պահանջները։
Այսպիսով, մենք ինքներս ապահովեցինք 1993 թվականին ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարումը, որոնք պահանջում էին հայկական զորքերի անհապաղ, լիակատար և անվերապահ դուրսբերում մեր տարածքներից։ Մինչդեռ այդ բանաձևերը 30 տարի շարունակ մնացել էին միայն թղթի վրա»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

