Ամերիկյան ներդրումներն էլի չեկան Հայաստան
168.am-ի անդրադարձը.
«Երբ զգուշացնում էին, որ քաղաքական նպատակներով բիզնեսին, առավել ևս՝ խոշոր բիզնեսին ճնշելը խնդիր է դառնալու ներդրողների ու վաղվա ներդրումների համար, իշխանությունները դրան քամահրանքով էին նայում, հակադրում էին Հրազդանում ամերիկյան ընկերության կողմից արհեստական բանականության տվյալների մշակման գործարանի կառուցման ծրագիրը։ Հայտարարում էին, որ ամերիկյան կապիտալով խոշոր ներդրումային ծրագիրը ոչ միայն վկայում է Հայաստանում ներդրումների գրավչության մասին, այլև դառնալու է լուրջ խթան ներդրումների, այդ թվում՝ ամերիկյան ներդրումների ներգրավման համար։
Թվում էր, թե այդպես էլ լինելու է։ Երբ հայտարարվեց արհեստական բանականության գործարանի կառուցման ծրագրի մեկնարկի մասին, շատերը կարծում էին, թե ուր որ է՝ ամերիկյան ներդրումները լցվելու են Հայաստան։ Բայց պարզվեց՝ արհեստական բանականության գործարանի կառուցումն էլ ամերիկյան, և ոչ միայն ամերիկյան ներդրումները չբերեց Հայաստան։
Հայաստանի տնտեսության մեջ, ինչպես նախկինում, այնպես էլ այս տարի Միացյալ Նահանգներից շատ քիչ ներդրումներ են կատարվել, չնայած արդեն կառուցվել ու գործարկվել է արհեստական բանականության գործարանը, ինչի համար ծախսվել է 400-450 մլն դոլար։ Այդ գումարի չնչին մասն է եղել ամերիկյան կապիտալը։ Պաշտոնական տվյալներով՝ տարվա առաջին կեսին ծրագրային ապահովման ոլորտում ամերիկյան ներդրումները կազմել են ընդամենը 50 մլն դոլար։
Սա ոչ միայն ծրագրային ապահովման մշակման, այլև ընդհանրապես Հայաստանի տնտեսության մեջ կատարված ամերիկյան ներդրումներն են։
400-450 մլն դոլար ներդրումային ծրագրից ամերիկյան կապիտալը կազմել է հազիվ մի քանի տասնյակ միլիոն դոլար։ Մնացածը, գրեթե ամբողջությամբ, հայկական կապիտալն է, որը ներգրավվել է հայաստանյան առևտրային բանկերից ու կենսաթոշակային ֆոնդերից։ Բայց դա, անգամ մեծագույն ցանկության դեպքում, անհնարին է անվանել տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրում։
Ամերիկյան ընկերության կողմից տվյալների մշակման գործարանի կառուցման ծրագրի շրջանակներում օտարերկրյա ուղղակի ներդրումներն իրականում կազմել են ընդամենը 50 մլն դոլար։ Այնպես որ, խիստ չափազանցված էին սպասումները, որ առաջին փուլում այն առնվազն մի քանի հարյուր միլիոն դոլարի օտարերկրյա ներդրումներ կբերի Հայաստան։ Այդ գործարանի կառուցման մեջ ամերիկյան կապիտալի մասնակցությունը շոշափելի չէ։ Այնպես, ինչպես Հայաստանի ամբողջ տնտեսության մեջ։
Չնայած նրան, որ Հայաստանում գործարկվել է 400-450 մլն դոլարանոց տվյալների մշակման գործարան, ու որքան էլ թվում էր, թե դրա արդյունքում տնտեսության մեջ ամերիկյան ներդրումները պիտի կտրուկ աճ արձանագրեին, Հայաստանի ներդրումային աշխարհագրության մեջ նախկինի պես առաջնայնությունը պատկանում է ռուսական կապիտալին։ Տնտեսության իրական հատվածում կատարված ուղղակի ներդրումների զուտ հոսքերի գրեթե կեսը ռուսական են։ Տարվա առաջին կեսին դրանք կազմել են շուրջ 150 մլն դոլար։
Նախորդ տարվա նվազումից հետո, Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներդրումային կապիտալն ակտիվացել է։ Չնայած գումարները հիմնականում գնացել են հանքարդյունաբերություն, որտեղ, ինչպես հայտնի է, ռուսական կապիտալը ներկայացված է ոլորտի ամենախոշոր ընկերության՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» միջոցով։
Այլ երկրներից Հայաստանի տնտեսության մեջ իրականացված օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալները մեծ չեն, բացառությամբ Լյուքսեմբուրգի, որտեղից իրականացված ուղղակի ներդրումների զուտ հոսքերը հասնում են շուրջ 75 մլն դոլարի։ Գումարը գրեթե ամբողջությամբ մտել է օդային տրանսպորտի գործունեության ոլորտ։
Կար մի կարճ շրջան, երբ մեկանգամյա գործարքով բավական մեծ ներդրումային գումար էր եկել Արաբական Միացյալ Էմիրություններից։ Դրանից ելնելով՝ իշխանության որոշ ներկայացուցիչներ սկսել էին շրջանառել այն թեզը, որ Հայաստանը ներդրումային գրավչություն է սկսում ներկայացնել ԱՄԷ-ի համար։ Բայց այսօր տեսնում ենք, որ այդ «գրավչությունից» բան չի մնացել։ ԱՄԷ-ից տարվա առաջին կեսին իրական տնտեսության մեջ մտած ուղղակի ներդրումների զուտ հոսքերը եղել են ընդամենը 6.1 մլրդ դրամի կարգի։
Ներդրումային էական հոսքեր այլ երկրներից չկան։ Եղածն էլ, ինչպես տեսնում ենք, շատ սահմանափակ ուղղություններով է։ Առաջատարը հանքարդյունաբերությունն է, որտեղ միշտ էլ ներդրումներ եղել են։ Բացի այդ էլ՝ կապված վերջին շրջանում համաշխարհային շուկաներում մետաղների պահանջարկի ավելացման ու գների բարձրացման հետ, ոլորտում ներդրումային հետաքրքրությունները միանգամայն բնական են։
Այլ բան, որ հետաքրքրություններ գրեթե չկան տնտեսության այնպիսի ճյուղերում, որոնք շատ կարևոր են հետագա զարգացումների համար։ Խոսքը տնտեսության արտադրական հատվածի մասին է։ Ներդրումներ հատկապես այստեղ են պետք, բայց չկան, որովհետև իրականությունից կտրված հայտարարություններով անհնարին է ներդրումներ ակնկալել։
Քաղաքական պրոյեկտները, ինչպիսին նույն տվյալների մշակման գործարանի կառուցման ծրագիրն է, վստահություն չեն ներշնչում ներդրողներին՝ իրենց միջոցները բերելու մի երկիր, որտեղ քաղաքական հաշվեհարդար ու տեռոր է իրականացվում խոշոր ներդրողների նկատմամբ, ոտնահարվում են օրենքներն ու արհամարհվում ներդրումների համար ամենակարևոր նախապայմաններից մեկը՝ սեփականության իրավունքը։ Այդ իրավիճակը վկայություն է այն բանի, որ ներդրումները Հայաստանում պաշտպանված չեն, ու որևէ մեկը չի կարող երաշխիք ունենալ, որ վաղը նույնը չի կրկնվի իր հետ։
Հույս ունենալ, որ խաղաղության կեղծ օրակարգը Հայաստանի տնտեսությունը կբացի օտարերկրյա կապիտալի առաջ, հեռանկար չունի։ Մեկ-երկու ճյուղերի հաշվին ներդրումներ որոշ չափով կլինեն, բայց դրանք չեն լինի այնպիսին, որ թույլ տան վերափոխել Հայաստանի տնտեսության կառուցվածքը։ Զարմանալի չէ, որ տնտեսության կառուցվածքը գնալով ավելի խոցելի է դառնում։ Թուլանում է մշակող հատվածի դերը։ Այդ հատվածում չկա գրավչություն ներդրողների մոտ՝ ոչ միայն այն պատճառով, որ ներդրումները Հայաստանում ռիսկի տակ են, այլև այն պատճառով, որ իրականացվող ֆինանսական ու տնտեսական քաղաքականությունը նպաստավոր չէ դրա համար։ Այն ինչպես ներդրողին, այնպես էլ՝ տեղական արտադրությանը ճնշելու քաղաքականություն է»։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

