Հայ մարմնամարզիկները պատմական նվաճումով են վերադառնում աշխարհի առաջնությունից
Աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց սպորտային մարմնամարզության հավաքականը գրանցեց փայլուն արդյունք՝ նվաճելով 4 մեդալ՝ 2 ոսկե և 2 բրոնզե։
Արթուր Դավթյան՝ ոսկե մեդալ հենացատկում։
Համլետ Մանուկյան՝ ոսկե մեդալ նժույգ թափերում։
Մամիկոն Խաչատրյան՝ բրոնզե մեդալ նժույգ թափերում։
Արթուր Ավետիսյան՝ բրոնզե մեդալ օղակների վարժությունում։
Մեդալային հաշվարկով Հայաստանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը աշխարհի առաջնությունում։
«ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
Մեր տղաները պատմություն են կերտում։
Այս արդյունքն առավել տպավորիչ է, եթե հաշվի առնենք մի կարևոր հանգամանք․ աշխարհի առաջնությանը մասնակից մյուս երկրների պատվիրակություններում ներկայացված էին և՛ տղամարդիկ, և՛ կանայք, մինչդեռ Հայաստանը ներկայացնում էին միայն տղամարդ մարզիկները։
4 մասնակից, 4 մեդալ՝ 100% մեդալային արդյունավետություն։
Երկու ոսկի և երկու բրոնզ՝ ապացույց, որ հայկական մարմնամարզությունն ունի բարձրակարգ մարզիկներ, ովքեր կարող են մրցել աշխարհի ուժեղագույնների հետ և հաղթանակներ պարգևել Հայաստանին։
Հպարտանում ենք մեր տղաներով։ Նրանք կերտում են հայկական մարմնամարզության պատմությունը»,- նշում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։
--
Ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում նաև նշված է. «Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 04:05-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորենք Հայաստանի տղամարդկանց սպորտային մարմնամարզության հավաքականին, որը աշխարհի առաջնությունից հայրենիք է վերադառնում փայլուն արդյունքով՝ նվաճելով 4 մեդալ՝ 2 ոսկե և 2 բրոնզե...
Եկե՛ք միասին շնորհավորենք մեր մարզիկներին, շնորհակալություն հայտնենք նրանց՝ Հայաստանի պատիվը բարձր պահելու և հայկական մարմնամարզության պատմությունը կերտելու համար։
Սպասում ենք բոլորիդ՝ մեր տղաներին ջերմորեն դիմավորելու։»։

