Ինչո՞ւ ենք թուրքական մամուլից տեղեկանում Անիի կամրջի վերականգման աշխատանքների ընթացքի մասին
Քաղաքագետ Դերենիկ Մալխասյանը նկատում է. «Թուրքական Anadolu գործակալությունից տեղեկանում ենք տեղեկանում ենք, որ Թուրքիան ավարտել է Հայաստանի սահմանին գտնվող պատմական Անիի կամրջի վերականգնման մրցութային ընթացակարգը։ Կամուրջը գտնվում է Ախուրյան գետի վրա՝ Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկի՝ միջնադարյան Անի քաղաքի տարածքում։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն տեղեկացրել է, որ աշխատանքների իրականացման պայմանագիրը ստորագրվել է սեպտեմբերի 28-ին։
Կապալառուն դարձել է թուրքական FİMAŞ Yapı ընկերությունը։ Պայմանագրի արժեքը կազմում է շուրջ 632 միլիոն թուրքական լիրա, իսկ աշխատանքների ավարտի վերջնաժամկետը 2028 թվականի հունվարի 1-ն է։
Այստեղ մի քանի կարևոր հարցեր կան, որոնց պատասխանները մենք չունենք․
-Նախ ինչո՞ւ ենք մենք թուրքական մամուլից տեղեկանում Անիի կամրջի հետ կապված նորություններին։ Հայաստանի համապատասխան գերատեսչությունները քնա՞ծ են, թե՞ իրենք էլ են թուրքական մամուլից ծանոթանում նորություններին։
-Ինչո՞ւ հայկական կողմը որևէ տեղեկություն չի տրամադրել կամրջի վերկանգման աշխատանքների կազմակերպման մասին։
-Եթե նախագիծը իրականացնում է համատեղ հանձնաժողովը, ապա հայկական կողմը ի՞նչ ծավալով ու ձևաչափով է ներգրաված եղել այդ աշխատանքներին։
-Կամրջի վերականգնումը ի՞նչ նախագծով է իրականացվելու, հայկական կողմը այս առումով առաջարկներ ներկայացրե՞լ է, թե՞ ոչ։
-Հայկական կողմը ինչ-որ ձևով վերահսկելու է շինաշխատանքները, թե՞ ոչ։
-Անի կամրջի հետագա շահոգրոծումը նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ։ Եթե այո, ապա ի՞նչ ձևաչափով։ Հայկական կողմի մասնակցության ծավալը ինչպիսին է լինելու»։

