Բեմական փայլ և քաղաքական խառնարան. «Մանկական Եվրատեսիլի» մեծական դեմքերը
Լրագրող Նարինե Կիրակոսյանի անդրադարձը մանկական «Եվրատեսիլի» մրցույթին.
«Երեկ Մալթայում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Նարեի փայլուն հաղթանակը (202 միավոր)՝ BOO! ստեղծագործությամբ, ապահովեց Հայաստանի պատմության մեջ թվով երրորդ հաղթական ակորդը։
Սակայն այս իրադարձությունը տեղի ունեցավ մի իրականությունում, որտեղ ինքնին մրցույթը դրսևորում է խորացող ճգնաժամային միտումներ, իսկ արդյունքները ձևավորվում են ոչ այնքան երաժշտական տաղանդի, որքան եվրոպական երկրների քաղաքական կոնյունկտուրայի հաշվարկներով։
Օրինակ այս տարի մրցույթի բեմահարթակ բարձրացան ընդամենը 16 երկրների ներկայացուցիչներ, իսկ Ադրբեջանն ու Խորվաթիան նախորդ տարվա վերադարձից հետո կրկին հրաժարվեցին մասնակցությունից։
Ընդ որում, 2008 թվականից ի վեր առաջին անգամ արձանագրվեց աննախադեպ մի ցուցանիշ. ոչ մի նոր երկիր չդեբյուտեց, և նախկինում հեռացած մասնակիցներից որևէ մեկը չվերադարձավ նախագիծ։
Այս անտարբերությունն ու պասիվությունը պետք է դիտարկել գլոբալ մշակութային և տեխնոլոգիական տեղաշարժերի պրիզմայով։ Արհեստական բանականության (AI) թռիչքաձև զարգացումը երաժշտական արտադրության ոլորտում հնարավորություն է տալիս նվազագույն ֆինանսական միջոցներով ստեղծել բարձրորակ ձայնագրություններ և դրանք լայնորեն տարածել թվային հարթակներում։
Այս ֆոնին, պետությունների հանրային հեռարձակողների համար աստիճանաբար կորցնում է իր երբեմնի գրավչությունը ահռելի ծախսեր պահանջող ռեալիստական, բեմական-մշակութային միջոցառումների ֆինանսավորումը։
Հենց այդ պատճառով Եվրոպական շատ երկրներ պարզապես հրաժարվում են պետական կամ հանրային բյուջեներից խոշոր գումարներ ուղղել դասական «մեծ շոուներին», երբ ողջ երաժշտական ինդուստրիան արագորեն տեղափոխվում է առավել մատչելի, ցանցային և ալգորիթմային տարածություն։
Այս ամենի համատեքստում Հայաստանի հաղթանակը դժվար է դիտարկել զուտ որպես երաժշտական կատարելության գնահատական։ Հայաստանին տրված բարձր միավորներն ու քվեները մեծապես եվրոպական մայրաքաղաքների քաղաքական ժեստն էին՝ հաշվի առնելով այն ծանր պատերազմական փորձությունները, հումանիտար ճգնաժամերը և աշխարհաքաղաքական բարդ խառնարանը, որտեղ հայտնվել է մեր երկիրը։ Մեզ պարզապես նաև խղճում են։
Թեպետ «եվրատեսիլյան» քվեարկությունը վաղուց վերածվել է փափուկ ուժի և խորհրդանշական աջակցության գործիքի. եվրոպական երկրները, սեփական քաղաքական հաշվարկներից ու դիվանագիտական խաղերից ելնելով, հաճախ «սփոփիչ» կամ «համերաշխության» ձայներ են բաշխում տարածաշրջանային լարվածության մեջ գտնվող պետություններին։
Եվ այդպես էլ ստացվում է, որ սա ոչ թե անհատական տաղանդի բացարձակ հաղթանակ է, այլ Եվրոպայի կողմից սեփական քաղաքական օրակարգն ու սիմպատիաները մշակութային փաթեթավորմամբ մատուցելու հերթական արձագանքը։
Այնուամենայնիվ, բուն ստեղծագործության երաժշտագիտական քննությունը ցույց է տալիս, որ «BOO!» երգը, որը հայերենի և անգլերենի սինթեզ էր, կառուցված էր կոմերցիոն փոփ ժանրի ագրեսիվ ու դինամիկ կանոններով։
Ես ի դեպ Նարեի ու իր երգի մասին իմացա զարմուհիներիս շնորհիվ, որոնց կարծիքը կարևորել եմ։
Ուրեմն, վոկալ տեխնիկայի տեսանկյունից Նարեն ցուցադրեց շնչառության ճիշտ վերահսկողություն և արագ խորեոգրաֆիայի պայմաններում պահպանեց ինտոնացիոն կայուն գիծը։ Սակայն երգն իր կառուցվածքով հիմնված էր կարճ, ռիթմիկ «hook»-երի վրա, ինչը որոշակիորեն ստվերում էր կատարողի տեմբրային-գեղարվեստական խորությունը՝ այն փոխարինելով վիզուալ էներգիայով։
Մրցույթում 2-րդ տեղը զբաղեցրեց Իսպանիայի ներկայացուցիչ Լուկաս Պաուլանոն («Cuore Bello», 184 միավոր), իսկ 3-րդ տեղը՝ Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալեքը («Comment Tu Vas ?», 165 միավոր), ով, ի դեպ, հաղթել էր պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկությունում։
Ինչպես սկզբում նշեցի, մրցույթն առաջին անգամ անցկացվում էր Մալթայում՝ Տա-Կալի քաղաքի «Malta Fairs & Conventions Centre» արենայում։
Այս ամենի համատեքստում առաջ է գալիս առանցքային հարցադրումը. ի՞նչ է տալիս այս հաղթանակը Հայաստանին, որտե՞ղից են գոյանում դրա ֆինանսական աղբյուրները և արդյո՞ք արդարացված են նման ծախսերը։
Մասնակցության հայտի, արտոնագրային տուրքերի, PR արշավների և բեմադրության ծախսերը հիմնականում հոգում է Հանրային հեռուստաընկերությունը՝ պետական բյուջեի հատկացումների, ինչպես նաև մասնավոր հովանավորների հաշվին։ Արդյունքում երկիրը ստանում է կարճաժամկետ PR էֆեկտ և միջազգային լրահոսում դրական հիշատակումներ։
Սակայն, երբ դիտարկում ենք Հայաստանի ներսում երաժշտական կրթության իրական վիճակը, ի հայտ է գալիս ակնհայտ դիսբալանս. մարզային և երևանյան երաժշտական ու արվեստի դպրոցների մեծ մասը գործում է խորհրդային տարիներից մնացած հնամաշ գործիքային բազայով, անմխիթար շենքային պայմաններում և ժամանակակից տեխնոլոգիաներից կտրված հնացած մեթոդաբանությամբ։ Էլ չասեմ մասնագետ-ուսուցիչների սղության մասին։
Եվ մենք իրավունք ունենք ասել, որ արտաքին քաղաքական շոուների վրա հսկայական միջոցներ ծախսելը՝ հանուն կարճատև վարկանիշի և եվրոպական մայրաքաղաքների ժամանակավոր սիմպատիայի, ռազմավարական առումով անհեռատես քայլ է։
Եթե այդ ֆինանսական աղբյուրներն ուղղվեին տեղական երաժշտական դպրոցների վերազինմանը, դասավանդման մեթոդների թարմացմանն ու մանկավարժների վերապատրաստմանը, կրթությունը անվճար դարձնելուն, Հայաստանը կձևավորեր ոչ թե արտաքին քաղաքական կոնյունկտուրայից կախված պատահական հաջողություններ, այլ ինստիտուցիոնալ երաժշտական համակարգ։
Մի համակարգ, որն ի վիճակի կլիներ ծնել ինքնաբավ, բարձր մակարդակի տաղանդներ՝ առանց պետական բյուջեի անհամաչափ ծախսումների և քաղաքական ողորմածությունների ակնկալիքի»։
Նկարը՝ Հ1 ի էջից

