Այն, ինչ Թուրքիան ու Ադրբեջանը տասնամյակներով ներկայացրել են որպես իրենց նախապայման, հանկարծ դարձել է ՔՊ-ի քաղաքական առաջնահերթություն. Ռուբեն Մելքոնյան
Հայաստանի իշխանությունները թուրք-ադրբեջանական նախապայմանները ներկայացնում են որպես սեփական քաղաքական նախաձեռնություններ, մինչդեռ իրականում դրանք Հայաստանի նկատմամբ վաղուց ձևակերպված պահանջներ են։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով այն հարցին, արդյոք թուրք-ադրբեջանական լարված հարաբերությունները կարող են որևէ կերպ ազդել Հայաստանի հետ այդ երկրների հետ ունեցած հարաբերություններին։
Panorama.am-Պարո՛ն Մելքոնյան, տարածաշրջանում բազմաթիվ հակասություններ կան։ Ադրբեջանը Թուրքիային ազդակներ է ուղարկում՝ պահանջելով չմիջամտել իր ներքին գործերին, մինչդեռ Հայաստանը փորձում է կարգավորել հարաբերությունները հարևանների հետ։ Միաժամանակ Ադրբեջանը շարունակում է միջամտել Հայաստանի ներքին հարցերին, նախապայմաններ առաջադրել, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխությունը։ Վերջին օրերին ակտիվացել են նաև արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումները։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը, և ինչպիսի՞ զարգացումների ականատես կլինենք առաջիկայում։
Ռուբեն Մելքոնյան -Գիտեք, ես այստեղ հակասություն չեմ տեսնում։ Ես տեսնում եմ շատ պարզ մի իրողություն, որ Հայաստանը լիովին կատարում է Ադրբեջանի պահանջները, պարտադրանքները և նախապայմանները։ Ուղղակի Հայաստանի պաշտոնյաները տարբեր բառերի համադրմամբ փորձում են դրանք այլ կերպ ներկայացնել։
Արտաքին գործերի նախարարը մի փոքր ավելի մեղմ բառեր է կիրառում, բայց արդյունքում իրենք էլ հայտնվում են իրենց ներկայացրածի լաբիրինթոսում։ Ասում են՝ «գիտեք, Ադրբեջանը ոչ թե պահանջում է, որ մենք Սահմանադրությունը փոխենք, բայց նման նախապայման ունի»։ Եվ ասում են՝ «Եթե Սահմանադրությունը չփոխեք, խաղաղության պայմանագիր չենք ստորագրի»։ Հիմա չեղա՞վ, որ Ադրբեջանը պահանջում է։
Եթե դուք ասում եք, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը ձեզ համար գերնպատակ է, իսկ Ադրբեջանն ասում է՝ եթե Սահմանադրությունը չփոխեք, խաղաղության պայմանագիր չենք ստորագրի, ստացվում է, որ նա պահանջում է, իսկ դուք կատարում եք։
Այստեղ կա մի մեծ սուտ, որ մեր հանրությանը ներկայացվում է, թե Հայաստանի Սահմանադրության փոփոխության օրակարգն իբրև հայկական օրակարգ է։ Դա այդպես չէ։ Դա հայկական օրակարգ չէ, դա թուրք-ադրբեջանական պահանջ է։ Եվ այս իշխանությունները թուրք-ադրբեջանական պահանջները շատ արագ փաթեթավորում են որպես սեփական պահանջ, որպես սեփական քաղաքականություն և ներկայացնում հանրությանը։
Նույնը վերաբերում է նաև Արարատ լեռան սիմվոլիկայի հեռացմանը։ Դա հստակ թուրքական պահանջ է՝ դեռ 1990-ականներից դրված։ Հիմա, չգիտես ինչու, փաստորեն դարձավ հայկական օրակարգի հարց։ Բոլոր խնդիրները լուծվել էին, հիմա էլ սկսեցին Արարատ սարի հարցը լուծել։
«Իրական Հայաստան – Պատմական Հայաստան» հակադրությունը նույնպես թուրքական պահանջ է։ TRIPP-ը նույնպես թուրք-ադրբեջանական պահանջ է։ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը և բազմաթիվ այլ հարցեր։
Մասնագետի համար շատ արագ տեսանելի է, նույնիսկ կարելի է մասնագետ էլ չլինել, որպեսզի տեսնել, որ այն, ինչ Թուրքիան ու Ադրբեջանը տասնամյակներով ներկայացրել են որպես իրենց նախապայման, հանկարծ դարձել է ՔՊ-ի քաղաքական առաջնահերթություն։
Ինչպե՞ս եղավ, որ թուրքական, ադրբեջանական պահանջն այդքան արագ դարձավ իշխող ուժի պահանջ։ Ընդ որում, գոնե ազնիվ լինեն հանրության առջև, հպարտ քաղաքացիների առջև ասեն, որ դա մեզ պարտադրված պահանջ է, մերը չէ։ Բայց ներկայացնում են, ասում են՝ ոչ թե Էրդողանի պահանջն է, այլ իմ պահանջն է։ Դա, իհարկե, անկեղծ չէ հանրության առջև։
Պետք է ասել, որ դուք պարտված եք և այլընտրանք չունեք։ Պետք է անեք այն, ինչ պարտադրում են Թուրքիան ու Ադրբեջանը, քանի որ ձեզ համար կարևոր է ոչ թե Հայաստանի շահը, այլ ձեր սեփական իշխանության մնալու հանգամանքը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյությում։

