Սա իրավական պետության մոդելի վերջնական կոլապսի բացահայտ ապացույցն է
ԱԺ նախկին պատգամավոր, դաշնակցական Մհեր Մելքոնյանը նկատում է. «Արթիկ համայնքում ՏԻՄ ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները դուրս են գալիս տեղական ընտրապայքարի տրամաբանությունից: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արթիկում, գործող իշխանության վարչահրամայական համակարգի խորքային ճգնաժամի, ընտրական ինստիտուտի նկատմամբ անարգանքի և իրավական պետության մոդելի վերջնական կոլապսի բացահայտ ապացույցն է։
-Պետական իրավապահ համակարգը, չեզոքության և օրենքի գերակայության սկզբունքները պահպանելու փոխարեն, փաստացի վերածվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի սպասարկուի։ Սա պետական ապարատի բացահայտ, ապօրինի չարաշահում է։
-Ընտրությունների նախօրեին ընդդիմադիր գործիչների մեկուսացումը՝ շինծու պատրվակներով և քաղաքական պատվերով, նպատակ ունի կազմալուծել ընդդիմադիր շտաբների աշխատանքը, ահաբեկել աջակիցներին և համայնքում ձևավորել վախի ու ճնշվածության մթնոլորտ։
-Ժողովրդավարության և օրենքի գերակայության մասին հռչակագրային հայտարարություններին զուգահեռ՝ իշխանությունը գործնականում ոտնահարում է ազատ, մրցակցային և արդար ընտրությունների հիմնարար սկզբունքները։ Սա ընտրական ինստիտուտի հանդեպ հանրային հավատի վերջնական ոչնչացում։
Քաղաքական հակառակորդներին ոչ թե ծրագրային ու գաղափարական պայքարում, այլ վարչական ու ուժային ճնշումներով ասպարեզից հեռացնելու փորձերը վկայում են իշխող ուժի քաղաքական սնանկության և հանրային աջակցության լիակատար կորստի մասին։ Բռնաճնշումները կարող են ստեղծել կարճաժամկետ վերահսկողության տպավորության, բայց դրանք անկարող են ընկճել համայնքի ձևավորած քաղաքական կամքը։
Կոչ եմ անում իրավապահ մարմիններին՝ անհապաղ զերծ մնալ ապօրինի քաղաքական պատվերներ կատարելուց և վերադառնալ սահմանադրական պարտականությունների տիրույթ։ Իսկ Արթիկ համայնքի բնակիչներին՝ վաղը, սեփական անհատական ու գիտակից քվեարկությամբ, տալ արժանապատիվ և համաչափ քաղաքական պատասխան իշխանական կամայականություններին»։

