ԱՄՆ-ն կարող է Հայաստանի հաշվին գործարքի գնալ Ռուսաստանի հետ․ Արմեն Բադալյան
Ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններում իրական առաջընթաց չի նկատվում, քանի որ կողմերի պահանջներն արմատապես տարբերվում են։ Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ռուս-ամերիկյան վերջին շփումներին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ երեք ժամանոց հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի Սթիվ Ուիթքոֆի հետ։ Նա Ռուսաստան էր ժամանել Նորվեգիայից և Պուտինին ներկայացրել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման նոր առաջարկները, որոնք Օսլոյում նրան փոխանցել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմր Զելենսկին:
Խոսելով Օսլոյի հանդիպման մասին՝ Ուիթքոֆն ասել է, որ հանդիպում արդյունավետ էր, նա նշել է, որ ՌԴ նախագահին ներկայացված փաստաթղթերում ուրվագծում են խաղաղության գործընթացի մոտեցումները։
«Սա միայն բանակցային գործընթաց չէ։ Այս գործընթացի շուրջ և՛ բանակցություններ կան, և՛ PR արշավ կա, և՛ նախընտրական կամպանիա կա»,– նշեց քաղտեխնոլոգը։
Բադալյանի գնահատմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շահագրգռված է ռազմական գործողությունների հնարավորինս արագ դադարեցմամբ՝ նաև նոյեմբերյան ընտրություններից առաջ արտաքին քաղաքական հաջողություն արձանագրելու նպատակով։ Միաժամանակ Վաշինգտոնը փորձում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ ապահովել Մոսկվայի առնվազն չեզոքությունն ապագայում Չինաստանի հետ հնարավոր լարվածության պայմաններում։
Փորձագետի խոսքով, բանակցությունների գլխավոր խոչընդոտը տարածքային և անվտանգային հարցերում անհամատեղելի դիրքորոշումներն են։ Ռուսաստանը պահանջում է ուկրաինական զորքերի դուրսբերում Դոնեցկի ամբողջ մարզից և բացառում Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, մինչդեռ Կիևը նման պայմաններին համաձայն չէ։
«Մի կողմը կողմ է զինադադարի, մյուս կողմը կողմ է խաղաղությանը։ Դրանք տարբեր ռեժիմներ են, տարբեր գաղափարախոսություններ են»,– ընդգծեց Բադալյանը։
Նրա համոզմամբ՝ նույնիսկ եռակողմ բանակցությունների վերսկսումը դեռևս չի նշանակում ռազմական գործողությունների դադարեցման հնարավորություն։
«Եթե անգամ ռուս-ամերիկա-ուկրաինական եռակողմ բանակցային գործընթաց սկսվի, ռազմական գործողությունները չեն դադարեցվելու,– ասաց քաղտեխնոլոգը։
Անդրադառնալով Հայաստանի համար հնարավոր հետևանքներին՝ Բադալյանը չբացառեց, որ Վաշինգտոնը Մոսկվայի հետ ավելի լայն պայմանավորվածությունների շրջանակում կարող է զիջումների գնալ նաև հայկական շահերի հաշվին։
«Եթե Միացյալ Նահանգները գնացել է ռուսական կողմի հետ գործարքի, ուրեմն հաշվի առեք, որ Միացյալ Նահանգները շատ հավանական է, որ Հայաստանի հաշվին նույնպես գնան գործարքների Ռուսաստանի հետ»,– ասաց նա։
Քաղտեխնոլգը մասնավորապես նման վտանգ է տեսնում TRIPP նախագծի շուրջ՝ կասկած հայտնելով, որ հայկական կողմի հայտարարությունները բավարար երաշխիք են հնարավոր աշխարհաքաղաքական գործարքները բացառելու համար։ Միաժամանակ Բադալյանը շեշտեց, որ հայ-ռուսական հարաբերությունների զարգացումներն այլևս չի կարելի պայմանավորել բացառապես Ուկրաինայում պատերազմի ավարտով։
«Ռուս-հայկական հարաբերությունները արդեն միանշանակ կապել ռուս-ուկրաինական հակամարտության ավարտին պետք չէ, դրանք զուգահեռ են արդեն զարգանում»,–եզրափակեց քաղաքագետը։

