Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. Աբրահամյան
«Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը Տավուշի ուղղությամբ նախօրեին հատած ադրբեջանցու մասին»,- նշել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը։
Նա շարունակել է. «Մի ամբողջ օրը սովորական քաղաքացիները, համայնքային պաշտոնյաները, մամուլը տարբեր դրվագներով ու բովանդակությամբ խոսում և գրում էին սահմանահատման մասին, ու սա այն դեպքում, որ ադրբեջանցի փնտրելու խնդիր ի սկզբանե չի էլ եղել:
Սա է տեղեկատվական անվտանգության ապահովման և դրա վերաբերյալ պատկերացումների իշխանության մակարդակը, որտեղ տարրական օպերատիվության և տեղեկատվական ռիսկերի կառավարման մեխանիզմներ գոյություն չունեն»։
Հիշեցնենք՝ երեկ մամուլում լուրեր տարածվեցին, նաև ադրբեջանական մամուլը գրեց, որ ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ պետական սահմանը։ Այսօր առավոտյան ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ հոկտեմբերի 19-ին՝ 17:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ) հայտնաբերվել է Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլուն, ով ՀՀ տարածքում հայտնվել է մոլորվելու արդյունքում. «Ձեռնարկվում են համապատասխան գործողություններ ԱՀ քաղաքացուն վերադարձնելու նպատակով»։

