Ո՞րն է երաշխիքը, որ ԹՐԻՓՓ-ի վավերացումից հետո Ադրբեջանը խաղաղության համաձայնագիրը կստորագրի. Ղահրամանյանը՝ Միրզոյանին
«Արդյո՞ք ԹՐԻՓՓ համաձայնագրի շրջանակում նախատեսվում է ՀՀ օրենսդրության մեջ որևէ փոփոխություն, թե՞ ՀՀ օրենսդրությունն, այդ թվում մաքսային, սահմանային, կարգավորումներն ամբողջությամբ, ամբողջ ծավալով գործելու են»,- ԱԺ-ում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ և ԱՄՆ միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկմանն այս հարցը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանն ուղղեց հիմնական զեկուցող արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին։
Ղահրամանյանը հիշեցրեց, որ այս հարցն ինքն ուղղել է նաև Նիկոլ Փաշինյանին, սակայն «իր սովորության համաձայն, հարցի ուղղությունը թեքեց և ուղիղ պատասխան չտվեց»։
Ա.Միրզոյանը նշեց, որ հարցի պատասխանը կա փաստաթղթում. «Այդտեղ գրված է, որ կարող են լինել համաձայնագրից բխող օրենսդրական փոփոխություններ։
Այդպիսի փոփոխություններ լինում են, և եղել են, Հայաստանը բազմաթիվ անգամներ արել է միջազգային այլ պայմանագրերի կնքումից ու վավերացումից հետո։ Դա միջազգային իրավապայմանագրային հարաբերությունների անբաժան, գրեթե անխուսափելի մասն է»։
ահրամանյանն արձագանքեց. «Նախ՝ չեք նշում, թե ինչ փոփոխություններ, կոնկրետ որ օրենսգրքերում, ինչի վերաբերյալ են, թափանցիկ չեք դարձնում գործընթացը։
Ի՞նչն է խնդիրը որ ԹՐԻՓՓ նախագծի վավերացումը հապճեպ եք փորձում առաջ մղել այն դեպքում, երբ խաղաղության համաձայնագրի համար ձեր կառավարության ղեկավարը ժամկետ նշեց որպես նպատակադրում՝ 2031 թվական։ Ո՞րն է երաշխիքը, որ ԹՐԻՓՓ վավերացումից հետո Ադրբեջանը կգնա խաղաղության համաձայնագրի ստորագրման այն դեպքում, երբ որպես դրա նախապայման բազմիցս համարել է այս նախագիծը»։
Միրզոյանն ասաց, որ փաստաթուղթը մայիսից դրված է շրջանառության, ՍԴ-ով անցել է, ընթացակարգերով եկել ու հասել է ԱԺ. «Սրա հապճեպը ո՞րն է։ Ուզում ենք օր առաջ ավարտել փաստաթղթային գործընթացները, սկսել շինարարական աշխատանքները, օր առաջ երկաթուղթու պարագայում տեսնել գնացքները, հոսանքի վաճառք։ Սա Հայաստանի շահն է, չենք հետաձգել, բաց հապճեպ էլ չէ։
Երաշխիքը փոխշահավետությունն է, այլ երաշխիք չկա։ Այսօր ամբողջ աշխարհում իրական երաշխքը շահն է։ Մենք շահ ունենք, մենք չենք ուզում պատերազմ, ուզում ենք խաղաղություն, համագործակցություն։ Տեսնում ենք՝ Ադրբեջանն էլ է նույնն ուզում»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Աղբյուրը` Panorama.am

