Պուտինն ասաց՝ տղա ջան, STOP, հարիֆներ չկան. Եվրոպա՛, ուխոդներ մի՛ արա, կոնկրետ ասեք՝ այո, կամ՝ ոչ… հերիք է խաբեք. Արթուր Խաչիկյան
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Մենք տեսանք, որ մի քանի օր առաջ Արևմուտքը Զելենսկուն մի կողմ նետեց՝ սադրելուց, օգտագործելուց ու արնաքամ անելուց հետո. Թրամփն օրեր առաջ հայտարարեց, որ Ուկրաինային նոր առաջնորդ է պետք: Թող հայերը լավ տեսնեն՝ ինչ է կատարվում… Ուկրաինայի գինը՝ 10-15 միլիոն փախստական, ավերված երկիր, 1-1.5 միլիոն զոհեր, քանդված, աղքատացած, ջախջախված երկիր, Դոնեցկի ու Լուգանսկի, հնարավոր է՝ նաև Խերսոնի կորուստ… Իսկ մենք կորցրեցինք Արցախն ու 5000 տղաների… Սա պետք է դաս լինի: Բայց կա տարբերություն՝ Ուկրաինային զինում են, թեպետ արդեն այդ զենքն էլ չունեն, բայց ամեն դեպքում Ուկրաինան իրենց պետք է, մենք՝ ոչ:
- ԱՄՆ-ը՝ գլոբալ գերտերությունը, 2-րդ անգամ պարտություն կրեց Իրանից և հութիներից: Միացյալ Նահանգների և Արևմուտքի ազդեցությունը մեր ռեգիոնում կտրուկ փոխվում է: Տասնյակ տարիներով հետվերադարձ չի լինելու այն Մերձավոր Արևելքին, որը կար նախկինում: ԱՄՆ-ը իր բազաներն այդ տարածաշրջանում չի վերականգնելու, Իսրայելում նույնպես անհանգիստ են: Սաուդյան Արաբիային հութիները հարվածեցին, ԱՄՆ-ը ոչնչով չկարողացավ օգնել իր դաշնակցին: Իրանի դերը կտրուկ աճում է, ԱՄՆ-ինը՝ նվազում, հնարավոր է՝ որոշ երկրների սահմաններ փոխվեն, Իրաքի ապագան մշուշոտ է, Սաուդյան Արաբիայում դեստաբիլիզացիայի հավանականության մասին են խոսում արդեն, հանգիստ չէ նաև Սիրիայում և Թուրքիայում, Պաղեստինը շարունակում են ոչնչացնել: Մենք ապրում ենք ցինիկ ռեգիոնում, Եվրասիական մեծ պատերազմից 5 է պակաս:
- Մեքքայի համաձայնագիրը կնքվեց այն ժամանակ, երբ Իրանն արդեն մի քանի ամիս հարվածում էր Սաուդյան Արաբիային: Որոշ վերլուծաբաններ գտնում են, որ սա Իրանին զսպելու համաձայնագիր է, որոշները՝ Իսրայելին զսպելու: Բայց տեսանք, որ այս դաշինքը ռեալ օգնություն չցուցաբերեց Սաուդյան Արաբիային: Լինելով հարուստ երկիր՝ Սաուդյան Արաբիան մնաց անպաշտպան: Իսկ մեզ հե՞տ ինչ կլինի, եթե մենք որոշենք դուրս գալ ԵԱՏՄ-ից: Մտածել է պետք:
- Մի քանի շաբաթ հետո ԱՄՆ-ում ընտրություններ են լինելու: Դրա համար Թրամփը փորձեց կայունացնել դիզելի գինը՝ Ռուսաստանի հետ համաձայնագիր կնքելով: Իհարկե, դա այնքան էլ չօգնեց. դիզելի գինն ընդամենը 5 ցենտով իջավ… Թրամփը կորցնելու է Սենատը, իսկ եթե կորցնի նաև Կոնգրեսը, կսկսվի իմպիչմենտի պրոցես իր դեմ:
- Եվրոպայում վիճակը կայուն չէ: Տեսաք՝ ինչ է կատարվում Ֆրանսիայում, երբ դպրոցներն ահավոր վիճակում են, չվերանորոգված, բայց Ֆրանսիան հսկայական միջոցներ է տրամադրում Ուկրաինային: Մակրոնի վարկանիշը 13-15% է, նույնքան էլ Գերմանիայում Մերցինն է:
- Բոլորն ուզում են ավարտել Ուկրաինայում պատերազմը, բայց չգիտեն՝ ինչպես:
- Ռուսաստանն ասում է՝ կողմնորոշվեք. Դուք չեք կարող օգտվել մեր սուբսիդիաներից ու գնալ մեր թշնամիների մոտ: Եվ Ռուսաստանն ասում է, որ հայ ժողովուրդն իր կարծիքը պիտի ասի ԵՄ անդամակցության վերաբերյալ: Ռուսաստանը նաև անիմաստ է համարում այստեղ ռազմաբազա պահելը՝ Հայաստանի այսպիսի դիրքորոշման դեպքում: Բայց եթե ռազմաբազան հանեն, Հայաստանը կարող է ընկնել Սաուդյան Արաբիայի կամ Զելենսկու օրը: Ճիշտ կլինի, որ մեր ժողովուրդն իր կարծիքն ասի, թեկուզ հանրաքվեի միջոցով: Պրոբլեմն այն է, որ մենք գնում ենք հոսքին դեմ: Մեր ամբողջ ռեգիոնում եվրոպացիների և ԱՄՆ-ի ազդեցությունը կտրուկ նվազել է, բայց մենք գնում ենք նրանց ուղղությամբ: Իրանի, Ռուսաստանի հետ պետք է հարաբերություններ կառուցել ու զարգացնել, իսկ մենք գնում ենք սխալ ուղղությամբ:
- Ե՛վ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի հասարակությունները հոգնել են պատերազմից, այսքան զոհեր, ավերակներ… բայց Ուկրաինայի հետևում կանգնած են երկրներ, որոնք թույլ չեն տալիս, որ այդ պատերազմն ավարտվի, նպատակը՝ Ռուսաստանը շարունակի թուլանալ: Ողբերգությունն այն է, որ այսքան զոհերից, ավերածություններից ու սանկցիաներից հետո կողմերը պատրաստ չեն լուրջ զիջումների: Սա այն ողբերգության շարունակությունն է, որը սկսվել է դեռևս 90-ականներին: Սրան վերջ տալու ձևը Եվրոպայի՝ կոլեկտիվ անվտանգության համակարգին վերադառնալն է: Որևէ պետություն ՆԱՏՕ-ի ընդլայնում թույլ չէր տալու: Տարիներով դա անում էին, քայլեր էին ձեռնարկում և, ի վերջո, Ռուսաստանն ասաց՝ STOP, միայն, երբ հասան Վրաստանին և Ուկրաինային:
- Եվրոպայում Ռուսաստանին ոչնչացնելու մասին այնպես են խոսում, ասես 1939 թվականն է: Մոռանում են, որ Ռուսաստանը միջուկային տերություն է և ունի 5500 մարտագլխիկ: Հույս ունեմ, որ Եվրոպայում հաջորդ տարի արկածախնդիր լիդերների ժամանակը կավարտվի:
- Պուտինը երբ թփթփացնում էր Փաշինյանի ուսին, դա նշանակում էր՝ ընկեր ջան, դու այստեղ ոչ մեկի չես հարիֆացնի, կողմնորոշվեք՝ ուր եք գնում:
- Ի՞նչ իմաստ ուներ կռվել Ռուսաստանի հետ, երբ գիտեիք՝ Եվրոպայում ոչ ոք ձեզ չի սպասում: Հեքիաթի համար դուք կռվեցիք իրականության հետ: Ո՞վ էր ստիպում ձեզ, ո՞վ էր խանգարում իրականացնել Հայաստանի կողմից 2017թ. կնքած CEPA-ն, ժպտալ ու օգուտներ ունենալ թե՛ ԵԱՏՄ-ից, թե՛ Եվրոպայից: Սա դիվանագիտություն է, որն այս իշխանությունը չի կարողանում իրականացնել:
- Եվրոպա՛, գեղեցիկ «ուխոդներ» եք անում. մի՛ խաբեք մեզ, ասեք՝ օրինակ, բեզվիզը (առանց վիզաների ռեժիմը) լինելո՞ւ է, թե՞ չէ: Խաբելն ու մի ամբողջ ժողովուրդ սադրելը, 120 000 մարդ փախստական դարձնելը լավ բան չէ: Կարիք չկար գալ երևանյան «Եվրատեսիլին» (Երևանում մայիսին անցկացված եվրոպական երկրների առաջնորդների գագաթնաժողովը,- Ս.Ս.), խոստումներ տալ ու հետ քաշվել, ուխոդներ անել… կոնկրետ ասեք՝ այո, կամ՝ ոչ… հերիք է խաբեք:
- Իմ տպավորությունն է, որ Ալիևն ուզում է Արցախում տարած իր հաղթանակը վերագրել միայն իրեն, երբ դա տեղի է ունեցել Թուրքիայի, Իսրայելի ու Պակիստանի աջակցությամբ: Միգուցե հիջաբային լարվածության հետ կապված այս պատմությամբ Ադրբեջանն ուզում է ասել՝ մենք այլևս Թուրքիայի կրտսեր եղբայր պետություն չե՞նք, այլ ինքնուրույն, հզոր, անկախ պետություն ենք… Միգուցե Ալիևը նաև կրոնն ու պետությունն իրարից զատել է ուզում՝ ի տարբերություն Հայաստանի, երբ իշխանությունը միջամտում է Հայ Առաքելական եկեղեցու գործերին: Հիջաբային պատմությունն Ալիևի համար դարձել է արտաքին ազդեցությունը չեզոքացնելու միջոց: Թուրքիան ու Ադրբեջանը կհաղթահարեն այս ճգնաժամը, «մի ազգ, երկու պետություն» կոնցեպտը կշարունակի գործել:
- Հայաստանը վերադառնում է միջնադար: Մեր Սահմանադրությամբ՝ պետությունը չի կարող միջամտել եկեղեցու գործերին: Իսկ այս մարդը զեկույց է գրում եկեղեցին ավերելու մասին, ու սա միայն այն բանի համար, որ Կաթողիկոսը խոսում է Արցախի, մեր մշակութային ու պատմական ժառանգության ու հիշողության մասին: Սա հարձակում է Բաքվի պատվերով: Հասարակությունը պետք է դիմադրի: Կարծես թե մարդիկ կամաց-կամաց հասկանում են, որ Մեղրին հանձնել ենք, հիմա ի՞նչ՝ եկեղեցին էլ ե՞նք հանձնելու: Եթե ժողովուրդը չդիմադրի, Ադրբեջանը նորանոր պահանջներ է ներկայացնելու:
- Մեզ թմրանյութ են տալիս, որ մենք չզգանք Հայաստանը կտոր-կտոր անելու ու հանձնելու ցավը:
- Միակողմանի խաղաղություն չի լինում, թույլը խաղաղություն չի ստանում: Որոշ մարդիկ սա չգիտեն: Արևմտյան Հայաստանի հայերի մասին էլ են ասում՝ դուք եք մեղավոր, որ ձեզ ցեղասպանեցին: Հիմա էլ Շաքիի կնոջն են ասում՝ դու ես մեղավոր, որ ադրբեջանցին կրակել է քեզ վրա: Այսինքն՝ քեզ որ մորթում են, քո մեղքն է. սա են ասում:
- Ադրբեջանը չի հրաժարվել «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտից, ու քանի որ տեսնում է՝ այստեղ դիմադրություն չկա, շարունակում են առաջ տանել իրենց պահանջները: Փաշինյանը միայն մեզ մոտ է գոռգոռում, Ալիևի մոտ թույլ, վախեցած մարդ է: Մարդիկ կան, որ իրենց տան խոհանոցում առյուծ են կտրում, դրսում դառնում կուռկուռի ձագ: Մենք դարձանք հերթական բռնապետություն՝ Արևմուտքի սուվերենության տակ:
- Ի՞նչ կպատասխանի Փաշինյանը Պուտինին Մոսկվայում առաջիկա հանդիպման ժամանակ, դուրս կգա՞ ԵԱՏՄ-ից, կգնա՞ դեպի ԵՄ, հայտ կներկայացնի՞. կարծում եմ՝ Փաշինյանը կհետևի, թե ինչ է լինելու Ուկրաինայի պատերազմում, բայց նա արդեն տեսել է՝ ինչ է եղել Իրանում: Հնարավոր է, որ էլի իր շուստրիություններով փորձի սիրաշահել ռուսներին, բայց ռուսները վիրավորված են, նրան վաղուց չեն վստահում և ուզում են, որ մեր ժողովուրդն իր ասելիքն ասի:
Մանրամասները՝ տեսանյութում:

