Սերգեյ Լավրով. Մոսկվային չեն հրավիրել մասնակցելու «Թրամփի ուղի» նախագծին
«Մենք ողջունել ենք դա, և դա արել ենք բազմիցս։ Ե՛վ նախագահի միջոցով, և՛ արտաքին գործերի նախարարության մակարդակով։ Մենք ողջունել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք պատրաստ ենք մասնակցել ենթակառուցվածքային նախագծերին։ Մենք բազմիցս քննարկել ենք սա։ «Ռուսական երկաթուղիներ»-ը ունի կոնցեսիա և գործում է Հարավկովկասյան երկաթուղու շրջանակներում։ Մենք ծանոթ ենք այս ամբողջ ենթակառուցվածքին և տեխնոլոգիապես պահպանում ենք այն», - Բաքվում կայացած Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների համաժողովի (CICA) գագաթնաժողովից հետո լրագրողներին ասել է Լավրովը։
Նա նշել է նաև. «Մենք դեռևս որևէ հարցում չենք ստացել Դոնալդ Թրամփի տրանսպորտային երթուղու նախագծին մասնակցելու վերաբերյալ, բայց բոլոր շահագրգիռ կողմերը տեղյակ են մեր հնարավորությունների և մեր պատրաստվածության մասին»։
Այս առումով նա հիշատակել է «3+3» ձևաչափը, որը նախաձեռնել են Ադրբեջանը և Թուրքիան՝ երեք հարավկովկասյան երկրներ (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան) և երեք խոշոր հարևաններ (Ռուսաստան, Թուրքիա, Իրան):
«Մենք մի քանի անգամ հանդիպել ենք, և հիմա սպասում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան, թե ով է հյուրընկալելու այս խմբի արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը։ Կարծում եմ, որ մենք կարող ենք հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում, իսկ հետո՝ Երևանում։ Այդպես ճիշտ կլինի։
Ինչո՞ւ եմ ես հիշատակում այս ձևաչափը։ Այն իսկապես համապարփակ է։ Այն նվիրված չէ որևէ մեկ նախագծի, որը պետք է իրականացվի տարածաշրջանային համատեքստից դուրս։ Հետևաբար, մենք ակտիվորեն աջակցում ենք 3+3 ձևաչափին», - ասաց Լավրովը։

