Ադրբեջանում նշում են որ թուրքերի մեղադրանքներն իրենց հասցեին՝ Իսրայելին աջակցելու հարցում, կեղծավոր են, քանզի այդ Թուրքիան է աջակցում Իսրայելին
Երեկ Ադրբեջանի լրատվամիջոցների և հեռարձակման խորհուրդը դատապարտել է Թուրքիայից և Իրանից թիրախային տեղեկատվական հարձակումների ինտենսիվացումը, որոնք հիմնականում իրականացվում են Telegram և TikTok հարթակների միջոցով։
Ավելին, Ալիևի վարչակազմը Թուրքիային և Իրանին մեղադրանքների շարքում խաղի մեջ է մտցրել նաև այդ երկրի գլխավոր կրոնապետին՝Փաշազադեին, ով դատապարտել է Ադրբեջանի հասցեին քննադատությունները, նշելով, թե հիջաբների արգելումը դպրոցներում ճիշտ է, քանի որ դպրոցները պիտի կախված չլինեն կրոնից: Բացի այդ, Ադրբեջանում կրոնական ուղղությունները բազմակի են, և եթե նրանց բոլորին թույլ տրվի հանդես գալ իրենց սիմվոլներով, ապա դա կարող է բերել ադրբեջանական հանրության տրոհման:
Իսկ ինչ վերաբերվում է այն մեղադրանքներին, Թուրքիայից և Իրանից Ադրբեջանի հասցեին, թե ինչու է նա համագործակցում Իսրայելի հետ, ապա ադրբեջանական մամուլը կոնկրետ փաստերով է հանդես եկել, թե ինչ աստիճանի են հասել Թուրքիայի և Իսրայելի առևտրային կապերը:
Ըստ Ալիևի իշխանության, Թուրքիայում, որը լուրջ տնտեսական և քաղաքական խնդիրներ է ապրում, որոշ լրատվամիջոցներ և փորձագիտական խմբեր գտել են զայրույթի շատ ավելի հարմար աղբյուր՝ դպրոցական համազգեստը Ադրբեջանում։
Դատելով քարոզարշավի ինտենսիվությունից՝ նրանք ավելի շատ մտահոգված են ադրբեջանցի աշակերտուհու գլխաշորով, քան թուրքական գնաճով, և Բաքվի որոշումներն ավելի մեծ ուշադրության են արժանի, քան իրենց երկրի ներսում կոռուպցիոն սկանդալները։ Ամեն օր սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հայտնվում են հարյուրավոր հակաադրբեջանական գրառումներ։ Եվ որքան ավելի բարձր է այս հիստերիան, այնքան ավելի հրատապ է առաջանում հարցը. ո՞ւմ էր պետք հարևան երկիրը հանրային զայրույթի թիրախ դարձնելը։
Ըստ ադրբեջանական իշխանության, մինչ Թուրքիայում Բաքվից բացատրություններ են պահանջում դպրոցական համազգեստի վերաբերյալ, այդ երկրում աստղաբաշխական գումարի՝ գրեթե 188 միլիարդ լիրայի (մոտ 3,8 մլրդ դոլարի)հետ կապված ֆինանսական սկանդալ է հասունանում։ Ավելին, այս պատմության կենտրոնում են ոչ միայն ներդրումային ֆոնդերը, այլև երկրի քաղաքական էլիտայի անդամները։
Սկանդալը հանգեցրեց տասնյակ մարդկանց ձերբակալության (հոկտեմբերի սկզբին ձերբակալվածների թիվը գերազանցել էր 80-ը):
Ըստ ադրբեջանական իշխող շրջանակների, այս սկանդալը հարված է նաև Էրդողանի հեղինակությանը, որի պատճառով էլ, շեղելու համար հանրության ուշադրությունը, թուրքական իշխանությունները փորձում են Ադրբեջանի հարցում աղմուկի ձայնը բարձրացնել:
Սակայն, ըստ ադրբեջանցիների, փաստերը վկայում են, որ Թուրքիան ավելի մեծ կապերի մեջ է գտնվում Իսրայելի հետ, քան Ադրբեջանը, որի մասին թուրքական հանրությունը այդքան էլ լավ տեղեկացված չէ:
Եվ այդ բացը, այս օրերին, փորձում են լրացնել ադրբեջանական լրատվամիջոցները:
Եվ այսպես որո՞նք են այդ փաստերը:
Փաստ առաջին
Իսրայելի բանկի տվյալներով՝ 2023 թվականին թուրքական ներմուծումը կազմել է մոտ 5.3 միլիարդ դոլար կամ Իսրայելի բոլոր ներմուծումների 6.3%-ը։ Իսրայելից Թուրքիա արտահանումը հասել է մոտ 1.5 միլիարդ դոլարի։ Թուրքիան ցեմենտի, երկաթի, պողպատի, պլաստմասսայի, ավտոմեքենաների և արդյունաբերական սարքավորումների նշանակալի մատակարար էր հանդիսանում Իսրայել։
Փաստ երկրորդ
2022 թվականին Թուրքիա է այցելել մոտ 824,000 իսրայելցի զբոսաշրջիկ։ Տնտեսական կապերը փոխադարձաբար օգտակար են եղել և պահպանվել են՝ ճգնաժամերին և կոշտ հռետորաբանությանը չնայած։
Փաստ երրորդ
Թուրքական BirGün-ի տվյալներով՝ միայն 2025 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում թուրքական նավահանգիստներից Իսրայել է կատարվել 456 ուղիղ բեռնափոխադրում՝ 302-ը՝ Հայֆա և 154-ը՝ Աշդոդ: Այս բեռնափոխադրումների մեծ մասը (176) կատարվել է կոնտեյներային նավերի կողմից, որին հաջորդում են ընդհանուր բեռնափոխադրման նավերը (118) և Ro-Ro նավերը (79): Չոր բեռնափոխադրող նավերը կատարել են ևս 35 բեռնափոխադրում, իսկ տանկերները՝ 30: Հիմնական մեկնման նավահանգիստներն էին Իսկենդերունը (130), Մերսինը (103), Նեմրութը (80) և Քոջաելիի ծոցի նավահանգիստները (45): Դրոշների բաշխման առումով, 110 նավարկություն կատարվել է Պանամայի դրոշի ներքո նավարկող նավերի կողմից, 98-ը՝ Լիբերիայի դրոշի ներքո նավարկող նավերի կողմից: BirGün-ի տվյալներով՝ թուրքական դրոշի ներքո նավարկող ութ նավերը նույնպես ուղևորվել են Հայֆա և Աշդոդ: Սա համեմատվում է թուրքական դրոշի ներքո նավարկող ընդհանուր 2092 նավի հետ, որոնց ընդհանուր բեռնատարողությունը կազմել է 51.943 միլիոն տոննա:
Մարշալյան կղզիները կազմել են այս ընդհանուրի 27.63%-ը, Պանաման՝ 16.90%-ը, Մալթան՝ 15.97%-ը և Լիբերիան՝ 13.03%-ը: Միասին սա կազմում է օտարերկրյա դրոշի ներքո նավարկող ընդհանուր տոննաժի 73.53%-ը, մինչդեռ թուրքական դրոշի տակ նավարկող նավերը կազմում են ընդամենը 12.30%-ը:
Այսինքն, Թուրքիան իր առևտրային գործարքները իսրայելի հետ գերադասել է կատարել օտար դրոշների նավերի միջոցով, որպեսզի, հավանաբար, իսլամական աշխարի մոտ սեփական դեմքը կարողանա փրկել:
Ալիևի իշխանության ներկայացուցիչները նշում են, որ Բաքվի հարաբերությունները Թել Ավիվի հետ ունեն կոնկրետ բովանդակություն և Ադրբեջանը պարտավոր չէ համաձայնեցնել արտաքին քաղաքականության յուրաքանչյուր որոշում նույնիսկ իր ամենամոտ դաշնակցի հետ։
Փաստացի կարող ենք, արձանագրել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ներկա տարաձայնությունները միտում ունեն խորանալու, սակայն այն հիմնական ընդհանուր շահերը, որ կան երկու երկրների միջև, թույլ չի տա, որ այդ կոնֆլիկտը հասնի իրենց համար վտանգավոր աստիճանի:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Zham.am

