Ըստ ֆրանսիական Observateur Continental պարբերականի՝ Թրամփն արդեն մշակել է ծրագիր, թե ումով պիտի փոխարինի Զելենսկուն Ուկրաինայում
Ըստ պարբերականի՝ Թրամփի այսօրվա գլխավոր խնդիրն է դարձել գալիք Կոնգրեսի ընտրություններում ջախջախիչ պարտություն չկրել, ինչը հղի կլինի իր համար իմպիչմենտի հեռանկարով:
Այդ իսկ պատճառով նա ամեն կերպ փորձում է իջեցնել վառելիքի գները ԱՄՆ-ում, որոնք հասել են աստղաբաշխական չափերի:
Սակայն, ըստ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրների, Թրամփին այդպես էլ չի հաջողվում լուծել Իրանի հետ Հորմուզի նեղուցի բացման հարցը և, այդ իսկ պատճառով, նա գտել է թույլ օղակ ճնշումների համար, ի դեմս Զելենսկու:
Զելենսկու նախագահական ժամկետը լրացել է 2024 թվականի մայիսի 20-ին։ Ուկրաինայի Սահմանադրությունը նախատեսում է նրա ժամկետի ավտոմատ երկարաձգում ռազմական դրության ժամանակ, սակայն որոշ ընդդիմադիրներ վիճարկում են այս երկարաձգման օրինականությունը։ Նրանք պնդում են, որ իշխանությունը պետք է փոխանցվեր խորհրդարանի ներկայիս խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկին, և որ Զելենսկին դարձել է պարզապես բռնապետ՝ ռազմական դրությունը որպես քողարկում օգտագործելով։
Թրամփը մինչև վերջին ժամանակները, ձեռնպահ էր մնում գնահատական տալու Զելենսկու ներկա կարգավիճակին:
Նա հույս ուներ, որ Զելենսկին կհամաձայներ կնքելու մի ինչ-որ համաձայնագիր Պուտինի հետ, սակայն դա նրան չհաջողվեց:
Չունենալով հիմնարար խաղաղթղթեր՝ Զելենսկին գտավ աջակցություն եվրոպացիների մոտ, որն էլ խանգարեց Թրամփին ճնշել նրան՝ համաձայնության գալու հարցում:
Պուտինի վրա ճնշումները հաջողությամբ չպսակվեցին, քանի որ եվրոպական պատժամիջոցները էական ազդեցություն չթողեցին Ռուսաստանի հնարավորությունների վրա, իսկ ռազմաճակատում ռուսների հաջողությունները, վերջնականապես համոզեցին Թրամփին, որ այս խաղում թույլ օղակը՝Զելենսկին է:
Սակայն վերջինս չհամաձայնվեց «քավության նոխազի» դեր կատարել, և հարուցեց Թրամփի զայրույթը:
Արդյունքում Ուկրաինայում արևմտյան ստուգող կառույցները սկսեցին կոռուպցիոն բացահայտումներով հանդես գալ, ազդակներ տալով Զելենսկուն, որ ժամանակն է զիջումների գնալ:
Սակայն, ըստ Washington Post-ի՝ Զելենսկին աշխատանքից ազատեց ԱՄՆ-ին մոտ կանգնած պաշտոնյաների, որոնք վճռականորեն տրամադրված էին պայքարելու կոռուպցիայի դեմ։ Նրանց թվում էին, մասնավորապես, ենթակառուցվածքների նախկին նախարար Ալեքսանդր Կուբրակովը, ով պատասխանատու էր երկրի վերակառուցման համար։ Կոռուպցիան շարունակում է մնալ համակարգային խնդիր Ուկրաինայում։ Երկիրը կոռուպցիայի ընկալման ինդեքսում ստանում է 100-ից 36 միավոր, և ըստ «Transparency International» ոչ կառավարական կազմակերպության՝ 2021 թվականին հանրային ծառայություններից օգտվողների 23%-ը ստիպված է եղել կաշառք տալ։
Համեմատության համար, նշենք, որ օրինակ, այդ ինդեքսը Վրաստանի մասով կազմել է՝ 50, իսկ Հայաստանի համար ՝46:
Այսինքն, Ուկրաինայում, ով ձգտում է դառնալ ԵՄ անդամ, կոռուպցիան Հայաստանից ավելի մեծ չափսերի է հասնում, ավելի քան 27%-ով, իսկ Վրաստանից այս հարցում Ուկրաինան հետ է մնում 38%-ով:
Եվ այս ամենից հետո ԵՄ-ի ներկայացուցիչները անամոթաբար հայտարարում են, որ Ուկրաինան ավելի մոտ է կանգնած ԵՄ-ի արժեքներին, քան, օրինակ Վրաստանը:
Թրամփն այս գործոնը փորձում է կապիտալիզացնել իր խնդիրների լուծման համար:
Մանավանդ, որ Զելենսկու վարկանիշի անկման վրա ազդում է Դոնբասում ռուսական զորքերի անզիջում առաջխաղացումը և ռուսական հարձակումների հետևանքով առաջացած խորացող էներգետիկ ճգնաժամը ողջ երկրով մեկ։
Դիզվառելիքի գործարք կնքելով Պուտինի հետ՝ Թրամփը, Զելենսկուն վերջնագիր ներկայացնելով, հայտարարել է. «Ժամանակն է, որ Ուկրաինան նոր նախագահ ունենա։ Զելենսկին հրաժարվել է համաձայնության գալ Ուկրաինայում մարտական գործողությունները դադարեցնելու համար։ Այս հակամարտությունը սկսվել է անգործունակության պատճառով և երբեք չպետք է սկսվեր, հակառակ դեպքում նրանք արդեն չէին կորցնի իրենց երկրի 30%-ը»։ Նա հավելել է. «Ես առաջարկում եմ Ուկրաինային գտնել նոր առաջնորդ, որը կարող է համաձայնության գալ»։
Ըստ ամերիկյան աղբյուրների՝պետական հեղաշրջում է պատրաստվում ուկրաինական բանակի նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վալերի Զալուժնիի գլխավորությամբ, որին Զելենսկին հեռացրել էր մարտավարական տարաձայնությունների պատճառով։
Ըստ ամերիկյան սցենարի, կոռուպցիայի մեջ մեղադրվող Զելենսկին ստիպված կլիներ աքսորվել Մեծ Բրիտանիա։ Նրա տեղը կզբաղեցներ եռյակը, որը կազմված կլիներ Վալերի Զալուժնուց, նախկին արտգործնախարար Դմիտրո Կուլեբայից և նախկին ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովից։ Նրանց անմիջական խնդիրները կլինեին Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները, երկրի վերականգնումը և, վերջին հաշվով, Ուկրաինայի քարտեզի վերաձևավորումը։
Ըստ ամերիկյան աղբյուրների, Զալուժնին, ով ունի ամենաբարձր վարկանիշը Ուկրաինայում, հղում կաներ Շարլ Դը Գոլի օրինակին, ով ժամանակին հրաժարվեց Ալժիրից և կրկին կարողացավ վերադառնալ իշխանության՝ փրկելով Ֆրանսիան ներքին անկայունություններից:
Ինչքանով Թրամփին կհաջողվի Զալուժնուց կերտել Դը Գոլ, ցույց կտա ժամանակը:
Պարզ է մեկ բան, որ ուղիղ մեկ ամիս հետո Կոնգրեսի ընտրություններից հետո, երբ հանրապետականները կկորցնեն իրենց մեծամասնությունը Կոնգրեսում, Թրամփի վիճակը կբարդանա:
Սակայն դա չի նշանակի, որ Զելենսկու վիճակը կբարելավվի, քանի որ սպասվելիք լուրջ տնտեսական իրավիճակը եվրոպական երկրներում, կարող է շախմատային ֆիգուրների պես հերթով քաղաքական աղբանոց նետել եվրոպական ներկայիս լիդերներին, ովքեր այսօր անվերապահ աջակցում են Զելենսկուն:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Zham.am

