«Ողջ չէինք մնա` չդիմադրեի». ծանր վնասվածքներ ստացած մայրը պատմում է, թե ինչպես է փրկել երեխաներին. «Ազատություն»
«Ազատությունը» զրուցել է թշնամական ադրբեջանի զինված սահմանախախտի հարձակումից իր տան մեջ տուժած, բայց արիաբար ինքնապաշտպանված շաքեցի Անի Ավետիսյանի հետ: Համարձակ Անիի հետ զրուցած լրագրող Ռուզաննա Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում մանրամասնություններ է ներկայացրել.
«Հիվանդանոցում խոսել եմ Շաքիում ադրբեջանցու կողմից ծանր վնասվածքներ ստացած Անի Ավետիսյանի հետ:
Անիի բութ մատը չկա, մյուս 2 մատների ծայրերը հրազենից կտրվել են:
Ազդրը փշրված, ջլերը կտրված, վիրահատությունից մի ոտքն արդեն ակնհայտորեն մյուսից կարճացած էր:
39 ամյա կինը պատմեց, թե ինչպես է փրկել երեխաներին, ինչպես է մինչև վերջ կռիվ տվել զինված ադրբեջանցու դեմ:
Անի աչքի առաջ է տեսարանը՝ «երեխաները պատի տակ սառած-կանգնած, ադրբեջանցին զենքը պահած նրանց վրա:
«Գնացի առաջ, տեսա՝ երեխեքի վրա է պահած: Առաջ գնացի, ինձ տեսավ, պահեց իմ վրա, մի հատ խփեց, չկպավ, էդ պահին առաջ եկա ... պահեց, որ տղայիս խփի: Ձեռքով պահեցի, ձեռքս վնասեցի: Հետո ինձ գցեց կառավաթի վրա ու խփում էր, էդ րոպեին եմ ես սկսել խփել: Աղջկաս ասել եմ՝ գնա դարպասը բացի, տղայիս էլ ուզեցի դուրս հանեմ, դուրս չեկավ: Էդ րոպեին զենքը պահեց դոշիս, որ խփի, ես թափով իջեցրի զենքը, ոտքիս կպավ: Էդ րոպեին ես ընկել եմ արդեն: Ընկած վիճակում էլի ուզեց խփի, տեսավ՝ ավտոմատի մեջ [փամփուշտ] չկա, թե ինչ, ուզեցավ էլի լիցաքվորի…»
Մենամարտի ժամանակ կոտրված դանակի պոչը վիրավոր Անին մինչև վերջ պահել է բռունցքում…
«Եթե ես էդ րոպեին չկողմնորոշվեի, հիմա համ ես չէի լինի, համ էլ երեխեքը»:
Կինն ասում է՝ ողջ ընթացքում չի էլ հասկացել, որ իր տուն ներխուժած անձը ադրբեջանցի է, նա ողջ մենամարտի ընթացքում ձայն չի հանել. -
«Բացարձակ բառ չի փոխանակել, լուռ իրա գործը անում էր»:
P.S. Որ իր տուն օտար անձ է ներխուժել, Անին ահազանգել է մինչև Շաքի մեկնելը: Բայց ոստիկանները իրենից ուշ են հասել դեպքի վայր:
Ընդ որում, կնոջ խոսքով՝ Սիսիանի ոստիկանության բաժանմունքը ավելի մոտ է Շաքիին, քան իր աշխատավայրը, որտեղից ինքը հասել է իր տուն»:

